Դեղին քարտ ՊԵԿ-ին. Վարչապետի վերջին զգուշացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին խորհրդակցություն է անցկացրել ՊԵԿ ղեկավար կազմի մասնակցությամբ, որը թերեւս հնարավոր է գնահատել որպես ՊԵԿ ղեկավարությանը ցույց տված դեղին քարտ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը խոսել ՊԵԿ գործունեության փոփոխության մասին, ասելով, որ քաղաքացին պետք է տեսնի դրա շոշափելի դրսեւորում:

Картинки по запросу վարչապետ պեկ

«Շատ կարևոր է, որ հանրությունը տեսնի և զգա, որ Պետական եկամուտների կոմիտեն անհաղորդ չէ իր հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ, սկսած շարժուձևից, աշխատանքի ոճից, ընդհանուր բովանդակությունից և կեցվածքից», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին ու ղեկավար կազմին հայտնելով, որ դա ընդունեն իբրեւ հանձնարարական:

Նիկոլ Փաշինյանը փաստացի նախազգուշացրել է Դավիթ Անանյանին ու ղեկավար կազմին, ինչը գուցե վերջին զգուշացումն է, հաշվի առնելով այն, որ ՊԵԿ գործունեության հետ կապված հանրային գնահատականը այնքան էլ բարձր չէ, կամ ամենեւին համարժեք չէ այն իրողություններին ու պահանջներին, որ տրամաբանորեն բխում են Հայաստանում թավշյա հեղափոխության փաստից:

Похожее изображение

Կառավարության ծրագրի քննարկմանը Նիկոլ Փաշինյանն իհարկե «բլիթ» «հյուրասիրեց Դավիթ Անանյանին ու ՊԵԿ ղեկավար կազմին, խոսելով այն մասին, որ շատ կարեւոր էր պահել հարկահավաքության որոշակի մակարդակը եւ ՊԵԿ-ը լուծեց այդ խնդիրը:

Սակայն դրան փաստորեն հետեւում է «մտրակը», ինչը գուցե պայմանավորված է նաեւ օրերս մամուլում հայտնված սկանդալային հանգամանքով, որ ՊԵԿ ղեկավար կազմը մեքենայություն է կատարել 2018-ի բյուջեի կատարողականի առումով:

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանում մշտապես եղել է իշխանության ամենքաննարկված եւ դիտարկվող կառույցներից մեկը, տարբեր պատճառներով, եւ գործնականում մշտապես այդ համակարգը հանրությունն ընկալել է ոչ թե որպես պետական ծառայություն, այլ որպես հանրության, բիզնեսի դեմ պետական հավակնության գործիք:

Картинки по запросу վարչապետ պեկ

Հայաստանում թե հեղափոխության բերած դրական սպասումների, թե ընդհանրապես տնտեսական, ներդրումային գրավչության համար հույժ կարեւոր է ՊԵԿ այդ ընկալման փոփոխությունը:

Միեւնույն ժամանակ սակայն, առանցքային հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք հնարավոր է ՊԵԿ այդօրինակ փոփոխություն, չփոխելով այնտեղ «գլուխները»: Սա իսկապես հիմնարար հարց է, քանի որ ՊԵԿ այսպես ասած ոչ հանրահաճ գործելաոճը այդ կառույցի աշխատակազմի գերակշռող մասի «գլուխներում» է՝ ղեկավար կազմից մինչեւ տեսուչներ: Կամ պետք է բան փոխվի այդ գլուխներում, կամ պետք է փոխվեն այդ գլուխները: Իսկ դրանք քիչ չեն:

Վարչապետի հետ խորհրդակցությանը ՊԵԿ ղեկավարները ներկայացրել են կոմիտեի գործառույթների և հարկային վարչարարության արդիականացմանը միտված նոր ծրագիրը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային փորձի հիման վրա: Ծրագիրն իրականացվելու է «Մենք հավատում ենք մեր ապագային և վճարում ենք մեր հարկերը» կարգախոսի ներքո, ինչպես հայտնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը:

Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք ՊԵԿ ղեկավարությունը անկեղծորեն հավատալու է իր կարգախոսին:

lragir.am

(Visited 38 times, 1 visits today)