Կարող եմ այնքան ուրիշ բաներ ասել, որի ականատեսն են եղել բազմաթիվ մարդիկ…

«Ավագ սերունդը կոռումպացված է»,- դերասան Վիգեն Ստեփանյանի խոսքով սրանք Մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքերն են, որը վերջինս հնչեցրել է ԱՄՆ-ում` արվեստագետների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ են անտեսում տարիքն առած արվեստագետներին, որոնք ավելի փորձառու են։

Картинки по запросу Վիգեն Ստեփանյան

Անդրադառնալով դերասանի հայտարարությանը, Մակունցը պատասխանել է․ «Ինձ վերագրում է խոսքեր, որոնք իբրև ասել եմ Միացյալ Նահանգներում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ դատարան»,- ասել է նա՝  նշելով, որ հանդիպումը տեսագրվել է:

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում դերասան Վիգեն Ստեփանյանն ասաց՝ եթե պարզվի, որ ինքը սխալ է` պատրաստ է ներողություն խնդրել, եթե ոչ՝ ապա կհանդիպեն դատարանում․

Картинки по запросу Վիգեն Ստեփանյան

«Ես, իհարկե, ներկա չեմ եղել այդ հանդիպմանը, բայց ինձ ոչ թե մեկն է ասել այդ մասին, այլ մի քանիսը, ովքեր դժգոհ էին այդ հանդիպումից։ Եթե չի ասել նման բան, ապա իմ սխալն այն է, որ փոխանցել եմ չստուգված ինֆորմացիա, բայց անձը, ով ինձ ասել է՝ շատ վստահելի ընկեր է, որը բամբասանքներով երբևէ չի զբաղվել։

Ներողություն խնդրել կարող եմ այն դեպքում, եթե պարզվի, որ ինֆորմացիան սխալ է եղել և ինձ պատմած կինը պնդի, որ Մակունցը ասել է նման բան։ Դրա փոխարեն ես կարող եմ այնքան ուրիշ բաներ ասել, որի ականատեսն են եղել բազմաթիվ մարդիկ, ինչն ապացուցում է, որ Լիլիթ Մակունցն այդ պաշտոնի հետ ոչ մի կապ չունի։ Այդ դեպքում՝ ով է ումից ներողություն խնդրելու՝ հայտնի չէ»,- ասաց Ստեփանյանը։

Картинки по запросу Վիգեն Ստեփանյան

Դերասանը նշեց, եթե Մակունցը ուզում է գործը հասցնել դատարան, ապա ինքը չի խուսափում դրանից․ «Ես արդեն այնտեղ կլուսաբանեմ նրա «Մշակույթի նախարար» կոչված գործունեությունը, որի ականատեսը եղել են շատ-շատ մարդիկ։

Պատրաստ եմ արդեն փաստերով խոսել, հավատացե՛ք՝ ահագին բաներ ունեմ ասելու, թե մենք ինչ Մշակույթի նախարար ենք ունեցել և ինչ է արել։

Սակայն, հարցն էլ հենց այն է, որ ոչ ոք չգիտի՝ ինչով է զբաղվել։ Իրականում ոչինչ էլ չի արել, թատրոնում տնօրեններ փոխելով մշակո՞ւյթ են զարգացնում»,- ասաց նա՝ հարց բարձրացնելով՝ ո՞րն է եղել Մակունցի գործունեությունն ի նպաստ հայ մշակույթի։

Տեսանյութը՝ A1+

Սոնա Հարությունյան

lurer.com

(Visited 130 times, 1 visits today)