ՀՔԾ-ն «ամբողջացրել» է Քոչարյանի կերպարը, որն իր արյունոտ իշխանությունը ծառայեցրել է պետական ու հանրային միջոցների թալանին

Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել: Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությանը ենթադրյալ կաշառք տալու մասին:

Ուշագրավ է, որ սկանդալային գործարարի հաղորդումների հիման վրա արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, ով պաշտոնապես գտնվում է հետախուզման մեջ, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին ու նրա հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին։

Տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը նոր գործով մեղադրայլի կարգավիճակում կարող էր հայտնվել՝ կամ Հարությունյանի, կամ էլ՝ Մայրապետյան-Գևորգյանի դրվագներով։ Գոնե ինչքանով հայտնի է հրապարակավ՝ Սիլվա Համբարձումյանի գործով անցնող երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ու գործարար Մայրապետյանը չեն ընդունել իրենց մեղքը, համենայն դեպս՝ տվյալ պարագայում, մենք հիմք ենք ընդունում նրանց անմիջական հայտարարությունները կամ փաստաբանների հարցազրուցյները։

Բնականաբար, նախաքննության գատնիքից ելնելով՝ առայժմ չեն հրապարակվում այն հիմքերը, որոնք ընկած են երկրորդ նախագահի նոր մեղադրանքի հիմքում, ու դժվար է ենթադրել, թե հատկապես որ դրվագի համար է  խստացվել Քոչարյանի մեղադրանքը։ Կասկածից վեր է, որ առաջիկա օրերին նախաքննության մարմինը կամ երկրորդ նախագահի պաշտպանական թիմը հանդես կգան ավելի հանգամանալից պարզաբանումներով։

Մյուս կողմից՝ իրավականից զատ, շատ ավելի էական է Քոչարյանին մեղսագրվող արարքների քաղաքական կողմը, բովանդակությունը։

Ռոբերտ Քոչարյանը տասը տարի շարունակ իշխանությունը պահել է բռնությունների, տոտալ կեղծված ընտրությունների, արյունոտ իրադարձությունների հետևանքով։ Բավական է հիշել, որ երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին Հայաստանում տեղի են ունեցել երկու արյունոտ իրադարձություններ՝ Հոկտեմբերի 27-ը ու Մարտի 1-ը։

Եթե Հոկտեմբերի 27-ը պայմանականորեն կարելի է համարել Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորման մեկնարկ, երբ, ըստ էության, պետական ինստիտուտների փոշիացման հետևանքով իշխանությունը կենտրոնացվեց Քոչարյաի ձեռքերում, ապա Մարտի 1-ով հեռացող նախագահը փորձում էր անձեռնմխելի դարձնել իր ստեղծած համակարգը՝ երաշխավորելով սեփական թալանը վայելելու «իրավունքը»։

Այս հարթության վրա թյուր է այն կարծիքը, որ միայն Սերժ Սարգսյանն է Մարտի 1-ի շահառուն, որովհետև Քոչարյանը տասը քաղաքացիների գնդակահարության ու սահմանադրական կարգի տապալման միջոցով փորձում էր պահպանել այն ստատուս-քվոն, որի միջոցով կարողացել է տիրանալ միլիարդավոր դոլարների, հսկայական հարստության։

Այս առումով՝ ՀՔԾ-ն երեկ ընդամենն «ամբողջացրել» է Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որն իր արյունոտ իշխանությունը ծառայեցրել է պետական ու հանրային միջոցների թալանին, հարստացմանը։

Համոզված ենք, որ Սիլվա Համբարձումյանի դրվագը Քոչարյանի կոռուպցիոն գործունեության ընդամենը մեկ՝ գուցե աննշան, դրվագն է, որովհետև տեղական ու միջազգային մամուլը հեղեղված է երկրորդ նախագահի բիզնես «կայսրության» մասին հրապարակումներով, որոնք ոչ միայն չեն հերքվել նրա կողմից, այլ հիմա աստիճանաբար հաստատվում են՝ իրավապահ մարմինների ձեռք բերած տարբեր ապացույցներով։

Ռոբերտ Քոչարյանի իշնությունն ասոցացվում է  արյան ու կոռուպցիայի հետ, ինչն էլ, ըստ էության՝ ընկած է ՀՔԾ փոխլրացնող մեղադրանքների հիմքում։

1in.am

(Visited 127 times, 1 visits today)