Չեմ դադարի ասել, որ Էդուարդ Շարմազանովի նման կադրը մնար իշխանությունում. Շատ ափսոսում եմ Էդուարդ Շարմազանովին

Ամիսներ առաջ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարությունը, որ Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չեն ներկայացնում:


«Բոլորս էլ գիտենք, որ մեր երգիչ, երգչուհիները, օրինակ, հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար նրանք պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն: Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման վերջին 25 տարիների ընթացքում»,- ասել էր Դավիթ Անանյանը: Այս հայտարարությունը հայ երգիչ-երգչուհիների շրջանում դժգոհություններ առաջացրեց:

Armdaily.am-ի հետ զրույցում երգչուհի Լիլիթ Կարապետյանը նշեց, որ շատ զարգացած երկրներում այդ հարկատեսակը կա, սակայն մեր երկրում դեռ չի հասունացել այդ պրակտիկան:

«Ես կարծում եմ, որ մենք դեռ այնքան չենք հասունացել, որ նման օրենքներ գործածենք: Դա չոր ու ցամաք այդպես չի ասվելու, որ երգիչներն էլ ձեռք ձեռքի տված գնան մուծեն: Արտերկրում, օրինակ, խորամանկությամբ կարողանում են այդ հարկերը այնպես վերցնել, որ մարդիկ չեն էլ նեղվում հարկերը վճարելուց, առավել ևս երգիչների դեպքում:

Բայց մեր դեպքում, պետությունը ոչինչ չի արել երգիչների համար: Եվ ոչ միայն երգիչների՝ ճանաչված մարդկանց, առհասարակ, պետությունը չի խրախուսել»,-ասաց երգչուհին:

Լիլիթ Կարապետյանը 9 տարեկանից շոու բիզնեսում է, 11-12 տարեկանում արդեն թողարկել է իր առաջին ձայնասկավառակը: Երգչուհու խոսքով՝ ամբողջ կարիերայի ընթացքում պետությունը իրեն ոչնչով չի օգնել, և երգ թողարկելու բոլոր ծախսերն ինքն է հոգացել:

«Ես երկրից վարկ չեմ վերցրել, երկիրը ինչ-որ մի կերպ ձեռք չի մեկնել: Ես երկրին որ ինչ պիտի վճարեմ, երբ իմ բոլոր ծախսերն ինքս եմ հոգացել: Եվ գործիքավորողի բավականին աստղաբաշխական գումարը ես ինքս եմ վճարում, և ձայնագրման համար, և երգը գրելու համար ես իմ գրպանից եմ վճարում: Այսինքն այդ ամեն ես իմ ուժերով անեմ, մի բան էլ պետությանը հարկ տա՞մ: Այս պարագայում պետությունը ո՞վ է:

Ես, ճիշտ է, այս երկրի քաղաքացի եմ, համարում եմ, որ իմ երկրի համար շատ բան են արել: Մազերիս չափ զորամասերում, մանկատներում, ծերանոցներում երգել եմ, տարբեր բարեգործական համերգներ եմ տվել»,-ասաց Լիլիթ Կարապետյանը:

Համեմատելով նախկին և ներկայիս իշխանությունները՝ երգչուհին նշեց, որ թե հեղափոխությունից առաջ, թե հետո իր կյանքում ոչինչ չի փոխվել, պարզապես դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ երգչուհու առջև արհեստական խոչընդոտներ են ստեղծվել:

«Թիվիներում բավականին երկար տարիներ երկար ցուցակներ են եղել, որտեղ նշված էին այն երգիչ երգչուհիները, ովքեր չպետք է ելույթ ունենային: Այդ ցուցակներում ես առաջին հորիզանականում էի: Եվ այսպես տարիներ շարունակ իմ գործի գլխին քար են գցել»,-ասաց երգչուհին՝ իր հանդեպ իշխանության նման վերաբերմունքը պատճառաբանելով, որ ժամանակին Լիլիթ Կարապետյանի և նրա եղբոր՝ Կարեն Կարապետյանի անունները շատ էին հնչում:

«Եվ մենք խանգարող հանգամանք էինք այն երգիչների համար, ովքեր դեռ նոր պետք է ասպարեզ գային»,- ասաց երգչուհին: Խոսելով ներկայիս կառավարության մասին՝ Լիլիթ Կարապետյանը այն համեմատեց շոու բիզնեսի հետ, նշելով, որ չի ցանկանա`շատ նոր երգիչների նման իշխանության ներկայացուցիչների «աստղայինը տանի»:

«Ես որպես քաղաքացի, որպես հանրային մարդ և հայ տղայի մայր շատ սխալներ եմ տեսնում մեր կառավարության մեջ: Ես այնքան կուզենայի, որ այս նոր կառավարությունը լեզու գտներ նախկին կադրերից այն մարդկանց հետ, ովքեր իսկապես պետք են մեզ:

Ես չեմ դադարի ասել, որ Էդուարդ Շարմազանովի նման կադրը մնար իշխանությունում: Մեր իշխանությունները ցանկացած քայլի պետք է գնան, որպեսզի այդ խելացի մարդկանց օգտագործեն հօգուտ իրենց երկրի շահերի: Ես շատ ափսոսում եմ Էդուարդ Շարմազանովին:

Նա շատ նվիրված մարդ է: Ես նույնիսկ իր արարքը ճիշտ եմ համարում, որ նա իր քաղաքական ուղղվածությունը չփոխեց՝ մնալով հավատարիմ: Ես գտնում եմ, որ Շարմազանովին հնարավոր է կառավարությունում տալ ինչ-որ մի գործ, որը իրեն հարմար կլինի: Եվ ոչ միայն Շարմազանովին, այլ նախկին կառավարության մի շարք այլ կադրերի»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ հիմա իշխանության են եկել հում, գործից լավ չհասկացող երիտասարդներ, ովքեր ավելի փորձառուների կողքին կարող են աճել և փորձ ձեռք բերել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am

(Visited 122 times, 1 visits today)