Մարտի 1-ի գործի բացահայտման քննությունը շարունակում է լայն թափով ծավալվել. նոր փուլ

2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտման քննությունը շարունակում է լայն թափով ծավալվել: Գործընթացը բավականին հետաքրքիր փուլ է թեւակոխել, քանի որ Հայաստանի երեք նախագահներին տարբեր կարգավիճակներով հրավիրել են հարցաքննության: Ինչպես հայտնի է, նախորդ իշխանությունների օրոք, մասնավորապես` Սերժ Սարգսյանի իշխանությունների տարիներին, քննությունը տարվում էր այն ուղղությամբ, որ մեղադրվող կողմը եւ մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձինք ընդդիմությունն ու ընդդիմության ներկայացուցիչներն էին:

Ասել է թե` 10 տարի քննությունը տարվում էր այդ ուղղությամբ, սակայն երբ 2018 թվականին թավշյա հեղափոխություն տեղի ունեցավ, եւ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց ՀՀ կառավարության ղեկը, քննությունը մինչ այս պահը տարվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա շրջապատի` ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի եւ այլոց առաջադրված մեղադրանքի շրջանակներում:

Այս գործելաոճը, բնականաբար, առաջացրեց լուրջ դժգոհություն, եւ քննադատություններից հետո քննության հունը, կարծես թե, փոխվել է, եւ այս օրերին հարցաքննության են հրավիրվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավն այն է, որ իրավական կարգավիճակի առումով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվել են վկայի կարգավիճակով, մինչդեռ Տեր-Պետրոսյանը եղել է ընդամենը հանրահավաքների կազմակերպիչ, որոնք ինչ որ փուլից հետո վերաճեցին ինքնաբուխ գործողությունների, իսկ Սերժ Սարգսյանը կոնկրետ դերակատարություն է ունեցել այս ողջ գործողություններում:

Ի վերջո, ակնհայտ է, որ արյունալի բախումները, զոհերը, որոնք ունեցանք, արվում էին, որպեսզի Սերժ Սարգսյանը գա իշխանության: Սակայն այս պատկերին զուգահեռ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Վերջերս տեղեկություններ տարածվեցին, անգամ համացանցում հրապարակվեց փաստահավաք խմբի տեսանյութը, որտեղ Անդրանիկ Քոչարյանը հարցախեղդ է անում ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

 

Մասնավորապես, երբ նա հարցնում է Միքայել Հարությունյանին, թե մարտի 1-ին բանակը Երեւանում եղել է արդյոք, Հարությունյանը պատասխանում է, որ դա Գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն է, եւ դրա մասին իրեն չպետք է հարցնեն: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրվագը տարբեր շրջանակների կողմից ներկայացվում է այնպես, թե իբր Միքայել Հարությունյանը 0038 հրամանի (որով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացների մեջ, մտել է քաղաք) պատասխանատվությունը գցում է Ռոբերտ Քոչարյանի վրա:

 

Սակայն պատկերը միանգամայն այլ է, եւ Միքայել Հարությունյանի կողմնակիցները պնդում են, որ պետք է ուշադիր լսել հասկանալու համար, որ Անդրանիկ Քոչարյանը կոնկրետ Միքայել Հարությունյանին հարցնում է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»:

 

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը նաեւ Ազգային ժողովն է վավերացրել, եւ մինչ օրս այդ իրավական ակտը ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել:

Այսինքն` որեւէ մեկը չի կարող ասել, որ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» փաստաթուղթը անօրինական է: Այս ֆոնին ուշագրավ է հիշեցնել մարտի 1-ի գործով եւս մեկ կարեւոր դրվագ. մինչ իշխանափոխությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարում էր, որ մարտի 1-ի զոհերի բացահատումը րոպեների հարց է, եթե լինի քաղաքական կամք, սակայն մի քանի օր առաջ եթերում իրավաբանորեն խոստովանեց, որ զոհերի գործերի բացահայտման հարցը շատ բարդ է եւ գրեթե անհնարին:

Ինչո՞ւ, քանի որ այս տարիների ընթացքում փաստերը այլ կերպ են ներկայացվել, շատ փաստեր անհետացել են: Եւ դատելով իրավիճակից` տարվող քննությունը զոհերի գործերի բացահայտմանը չի հանգեցնելու, ու կարելի է ասել, որ մարտի 1-ի գործի բացահատումը լինելու է քաղաքական ենթատեքստով:

Եւ այդ քննությունը պետք է իրականացվի օբյեկտիվ, որպեսզի հետագայում Հայաստանի Հանրապետությունը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում պարտություն չունենա: Հուսանք` այս իմաստով խոհեմ կգտնվի նախաքննական մարմինը: Քնար Մանուկյան

armlur.am

(Visited 67 times, 1 visits today)