Դրանք սուտ բաներ են. այդ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ դա դիվանագիտություն չէր, բլեֆային մի բան էր, միամտություն էր

– Պարոն Սարգսյան, Արցախի շուրջ վերջին զարգացումների, հանդիպումների, հայտարարությունների առնչությամբ հանրությանը ամենաշատը հուզող հարցերից մեկն այն է, թե ինչո՞ւ է հայկական կողմը ստանձնում մեր ժողովրդին «խաղաղության նախապատրաստելու» հանձնառություն՝ այն դեպքում, երբ կիսապատերազմական վիճակում ենք ու չգիտենք՝ հակառակորդն իսկապե՞ս պատրաստ է փոխելու իր հակահայ քաղաքականությունը և գնալու հիմնախնդրի խաղաղ ու բանակցված կարգավորման ճանապարհով։ Երբ այս հարցը տվեցին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, նա պատասխանեց, թե «չեմ կարող ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել, բայց միանշանակ է այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել»։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին։

Похожее изображение

– Այո, արտգործնախարարը հետո նաև պատասխանել է Ալիևին՝ ասելով, որ կարիք չունի «ասելու, թե որքան վճռական ենք մենք ու որքան կարողություններ ունենք պաշտպանելու մեզ՝ թե՛ Հայաստանը և թե՛ Լեռնային Ղարաբաղը», իսկ Ղարաբաղի ստատուսի կամ կարգավիճակի մասին ասել է, որ այդ հարցը որոշում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

– Այո, և ուզում եմ նաև երկրորդ հարցն ավելացնել՝ Ադրբեջանն ավելի ամուր խաղաղությո՞ւն է առաջարկել մեզ, կամ այսօրվա ստատուս-քվոյին ավելի լավ այլընտրա՞նք ունենք, որ արտգործնախարարն էլ մեզ համոզում է, թե եթե խաղաղություն չեք ուզում, դրա այլընտրանքը «կատաստրոֆան» է։

– Ես լսել եմ արտգործնախարարի հարցազրույցը Եռաբլուրում և դրանից հետո Ալիևի պատասխանը՝ ինչ-որ կոշտ արձագանք։ Հիմա ի՞նչ է դա նշանակում։ Արտգործնախարարի բոլոր պատասխանները փիլիսոփայական մակարդակի են, թե խաղաղությունը լավ է ու որպես գիծ պետք է առաջ տանել։ Ի՞նչ է դա նշանակում՝ անհասկանալի է։ Որևէ էական բան չի խոսվել Վիեննայի պայմանավորվածությունների մասին, որոնք շատ կարևոր են, և շատերն անգամ մեղադրում են պաշտոնական կողմին, որ հետ են կանգնել, մի կողմ են դրել այդ պայմանավորվածությունները։ Այս ամենը ընդհանուր խոսակցություններ են։ Ամբողջ այս զրույցների մեջ ինձ հետաքրքրում է՝ մարդիկ փնտրո՞ւմ են ռեալ քաղաքական գիծ ու գնո՞ւմ են արդյոք դիվանագիտական ճանապարհով։ Ես դա չեմ տեսնում։ Իմ վերջին հարցազրույցում հայտարարել եմ, որ այնպիսի տպավորություն է, որ այս մարդիկ ստրատեգիա (ռազմավարություն) չունեն, որովհետև ստրատեգիա ունեցողը հարցերին պատասխանում է բաց ու հստակ։

Похожее изображение

Եթե Փաշինյանը Մոսկվայում հայտարարել է, որ ինքը լիազորություններ չունի Արցախի ժողովրդի անունից խոսելու, ապա այստեղ պետք է կանգ առնենք ու տեսնենք՝ ի՞նչ է դա նշանակում, դրա տակ ինչ-որ ստրատեգիա կա՞, թե՞ չկա։ Ես դեռ չեմ տեսնում բոլոր այս հարցերի պատասխանները, որ մշակված է ինչ-որ ստրատեգիա, ու մարդիկ գիտեն՝ ի՞նչ են ուզում և ինչո՞ւ են գնում բանակցությունների։ Բազմիցս խոսել ենք, և հստակ ասում եմ՝ երբ ասվում է, թե «ես խոսելու եմ միայն Հայաստանի Հանրապետության անունից», դա նշանակում է հստակեցնել թեման։ Այսինքն՝ ՀՀ-ի անունից խոսելու է բոլո՞ր թեմաներով, թե՞ խոսելու է այն թեմաներով, որոնք վերաբերում են ՀՀ-ին։ Այսինքն՝ խնդիրը միայն լիազորություն ունենալ-չունենա՞լն է, թե՞ խնդիրն այն է՝ ինչի պատասխանատվություն է ՀՀ-ն վերցնում դիվանագիտական այս պրոցեսում։ Սա է հարցը, որի պատասխանը գոյություն չունի, և իրենց հայտարարություններից էլ երևում է, որ իրենք էլ չգիտեն՝ ինչի մասին են խոսում։ Այստեղից էլ երևում է, որ ստրատեգիա չկա։

Կարող եք հարց տալ՝ իսկ ո՞րն է ստրատեգիան։ Ես հստակ կպատասխանեմ, որ եթե ՀՀ-ն մասնակցում է բանակցային պրոցեսին և ինչ-որ հարցեր քննարկում է Ադրբեջանի հետ (բացարձակ կապ չունի՝ ինչ ձևաչափով են հանդիպում), ի՞նչ թեմաներով են խոսում։ Մադրիդյան սկզբունքները չեն վերաբերում ՀՀ-ին։ Եթե ուշադիր նայեք՝ Մադրիդյան սկզբունքները վերաբերում են Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանին։ Հետևաբար այս պարագայում՝ մանավանդ տարածքային հարցերի շուրջ, ՀՀ-ն որևէ պատասխանատվություն չունի։ Եթե խնդիրը նման ձևով դրվի, մենք կտեսնենք լուրջ փոփոխություն։ Կարող է նորից հարց ծագել՝ բայց ինչո՞ւ դա պիտի բերի ուրիշ վիճակի։ Որովհետև եթե ՀՀ-ն համարում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում գոյություն ունեցող տարածքային խնդիրները, ինչպես նաև հումանիտար հարցերը (փախստականներ և այլն) իր սահմանադրական սահմաններից դուրս են, ուրեմն Ադրբեջանն այդ հարցերով կարող է խոսել միայն Արցախի հետ։ Այդպես էլ պետք է խնդիրը դնել՝ բանակցել ու ասել՝ այդ խնդիրների շուրջ բանակցեք Արցախի հետ: Մենք կարող ենք խոսել՝ կապված այս կոնֆիլկտում մեր դերի հետ։ Քանի որ Հայաստանը վաղուց հայտարարել է և կատարում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը՝ այս հարցով, բնականաբար, Ադրբեջանի հետ պիտի խնդիրներ ծագեն։ Սա է Հայաստանի թեման Ադրբեջանի հետ: Կգնա՞ Ալիևը բանակցելու արցախցիների հետ, թե՞ ոչ՝ դա էլ մեզ պիտի հետաքրքրի: Եթե չգնա՝ ի՞նչ պիտի անի: Պիտի կրկին սպառնալիքների դիմի, որովհետև սպառնալիքներից, ռազմական սադրանքներից բացի՝ ուրիշ միջոց չունի: Այս դեպքում Հայաստանն ունի շատ հզոր գործիք՝ Վիեննայի պայմանավորվածությունները, Վիեննայի պարտադրանքը, որը հրադադարի ռեժիմը խախտողին պատասխանատվության ենթարկելու, պատժելու տարրեր է պարունակում:

– Որի մասին, թույլ տվեք նկատել, մերոնք մոռացել են…

Картинки по запросу Մանվել Սարգսյանը

– Հիմա կգանք դրան: Այստեղ արդեն Ալիևին ասում ենք՝ գնացեք, բանակցեք Արցախի իշխանությունների հետ: Եթե չեք բանակցում, սպառնալիքներով եք գործում, ուրեմն մենք կյանքի կկոչենք Վիեննայի համաձայնությունները և վերահսկող մեխանիզմներ կտեղադրենք շփման գծում: Տեսեք՝ ինչ կոնկրետ ռեսուրսներ ունի Հայաստանը: Ի՞նչ պիտի անի Ադրբեջանը: Նա այլանդակ վիճակում կհայտնվի, որովհետև չի կարող բացատրել միջազգային հանրությանը, եռանախագահներին՝ ինչու չի անում Հայաստանի առաջարկածը: Սա կարող է լինել մեր ստրատեգիան: Մարդիկ չեն հասկանում սրա խորությունն ու հզորությունը: Սա է թեման: Եթե հասկանան, նման ձևով հարցերը դնեն՝ մենք կտեսնենք լրիվ նոր վիճակ և կտեսնենք՝ ինչքան են մեր դիրքերն ուժեղանում, որովհետև առաջարկը եղել է միջազգային հանրությունից, երկրորդն էլ՝ Ադրբեջանը չի կարող որևէ բացատրություն տալ՝ ինչու չի բանակցում Արցախի ղեկավարության հետ: Մարդիկ պետք է հասկանան դա և անեն: Սա է խնդիրը: Հիմա հակառակն են անում. Ալիևն ասում է՝ իրավիճակը չենք սրի շփման գծում, չենք կրակի, դուք էլ Վիեննայի պայմանավորվածությունների կատարման, բանակցություններին Արցախի մասնակցության հարցը մի դրեք: Այսինքն՝ մեռցնել պրոցեսը, մինչև նոր պրովոկացիաներ սկսեն: Դա այն քաղաքականությունն էր, որ Սերժ Սարգսյանն էր վարում, և որը բերեց պատերազմի՝ 2016 թ. ապրիլյան ագրեսիայի:

– Այո, որը հանգեցրեց պատերազմի…

– Իսկ էլ ինչի՞ պիտի հանգեցներ նման մոտեցումը:

– Այստեղ պիտի մի կարևոր հանգամանք հաշվի առնենք, որ Ադրբեջանը, որը մտել է Հայաստանի հետ այս ջերմացման, երկխոսության պրոցեսի մեջ, չի կարող անվերջ կամ երկար ժամանակ շարունակել, այսպես ասած, կառուցողական երկխոսությունը, եթե տեսնի, որ չի կարողանում խաղաղ բանակցությունների միջոցով իր հարցերը լուծել: Իսկ Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել, որ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցային պրոցեսին մասնակցում է «օկուպացված տարածքները» վերադարձնելու նպատակով, և սպառնացել է, որ եթե չկարողանա դրան հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, կգնա ռազմական ճանապարհով:

Картинки по запросу Մանվել Սարգսյանը

– Այո, շատ կարևոր է, որ ի վերջո մենք հասկանանք՝ պիտի այնպիսի քաղաքականություն վարենք, որ պատերազմը հնարավոր չլինի: Դա էլ բերում է խաղաղության: Խաղաղությունն այն ժամանակ է հնարավոր, երբ հնարավոր չէ պատերազմը: Ցանկացած պահի, երբ պատերազմը հնարավոր լինի (կյանքը դա ցույց տվեց), Ադրբեջանը պատերազմելու է: Ինչի՞ մասին է խոսքը: Մեր խնդիրը դա է՝ անել այնպես, որ նա չկարողանա պատերազմել՝ չունենալով որևէ երաշխիք: Պատերազմը հենց այնպես չի լինում:

Պատերազմը պիտի խնդիր լուծի: Նա պարզ ու հստակ պիտի տեսնի, որ պատերազմը խնդիր չի լուծում: Շատ ենք խոսել դրա մասին, որ Ադրբեջանը երկար տարիներ կիրառում էր այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտության» քաղաքականությունը (ավելի մանրամասն տե՛ս «Փաշինյանի հակախաղը Բաքվի ռազմատենչ քաղաքականությանը և խաղաղության դիսկուրսը Ադրբեջանում», Ա. Ս.) և հաջողությունների էր հասնում: Ամեն հանդիպումից առաջ կամ ընթացքում սրում էին իրավիճակը շփման գծում, սպանում էին մեր զինվորներին՝ փորձելով դրանով ամրապնդել իրենց դիրքերը դիվանագիտական գործընթացում և ուժի դիրքերից խոսել մեզ հետ: Եկավ ինչ-որ պահ, երբ նրանք սխալվեցին ապրիլյան պատերազմում, առաջ եկան Վիեննայի պայմանավորվածությունները, և կրակոցները սկսեցին աշխատել իրենց դեմ: Դրա համար նրանք լռեցին:

Շատերն ասում են՝ ինչո՞ւ են լռել, ինչո՞ւ են սահմանային կրակոցները նվազել, ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը մեղմել իր պատերազմական հռետորաբանությունը. որովհետև կրակոցներն իրենց դեմ են աշխատում քաղաքականության մեջ, իրենք կորցնում են քաղաքական դիրքեր: Մենք էսպես պիտի նայենք խնդրին: Հաճախ մեզ թվում է, թե խնդիրներ միայն մենք ունենք, Ադրբեջանը ոչ մի խնդիր չունի: Բայց Ադրբեջանն իր առջև դրել է խնդիր՝ վերադարձնել այն տարածքները, որոնք, իր կարծիքով, իրենն են: Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ խնդիր է: Այս երկիրը պարտավորություն է ստանձնել, որ հակամարտության լուծմանը հասնելու է խաղա՛ղ ճանապարհով: Այդ պայմանով է նա ճանաչվել որպես պետություն: Երբ նա մտնում էր միջազգային կազմակերպություններ՝ ԱՊՀ, ԵԱՀԿ, ՄԱԿ, այդ պայմանո՛վ է մտել, այդ պարտավորությունն է ստանձնել: Հիմա այդ պարտավորությունը կոխում են իր աչքը: Սա է Ադրբեջանին զրկում իր «ռազմական դիվանագիտությունը» շարունակելու հնարավորությունից կամ գնալու պատերազմի: Եթե էսպես խոսենք՝ կհասկանանք, որ պետք է միշտ քաղաքական քայլեր անել և զրկել Ադրբեջանին ցանկացած իրավունքից: Մեր ճանապարհը դա է՝ զրկե՛լ Ադրբեջանին իրավունքից: Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ զրկված է Արցախից, բայց իրավունքը դեռ պահում է իր ձեռքին:

Похожее изображение

– Բայց մենք ոչ միայն չենք խոսում, թե ի՞նչ ստրատեգիա պիտի ունենանք Արցախի հարցում, ինչպե՞ս ենք պատկերացնում այս հարցի լուծումը, այլև մինչ օրս շատերին թվում է, որ եթե Փաշինյանն ընտրվել է ժողովրդի կողմից, ուրեմն հարցն իր պատկերացրածով լուծելու «մանդատ» ունի: Բայց չէ՞ որ Փաշինյանը նման հարց չի բարձրացրել նախընտրական շրջանում և չի ասել՝ ընտրեք ինձ, և ես հարցը կլուծեմ այս ճանապարհով:

– Եկեք շատ կոնկրետ խոսենք: Քանի դեռ բանավեճը, քննարկումը ինֆորմացիոն դաշտում չի բերվել այն հարթության մեջ, որի մասին ես խոսում եմ, որևէ մեկը որևէ բան ո՛չ սպասելու է, ոչ էլ անելու է: Մարդիկ հնացած մոտեցումներով են մինչ օրս առաջնորդվում: Եղել են մոտեցումներ, թե խելոք մնանք, իրավունքներից հրաժարվենք, սուս մնանք, չխանգարենք բանակցություններին: Էդպիսի մոտեցումներ են եղել, որոնք սպառվել են 2016-ին: Դատարկ տարածք է բացվել խնդիրները վերաձևակերպելու համար, բայց որևէ մեկն այս երկրում ի վիճակի չէ դա վերաձևակերպելու: Այսօրվա բոլոր գործիչներն այն ժամանակվա գործիչներն են: Նրանք արդեն տեսել են, որ դրանք սուտ բաներ են, բայց այդ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ դա դիվանագիտություն չէր, բլեֆային մի բան էր, միամտություն էր: Հիմա արդեն խնդիր է առաջացել նոր դիվանագիտություն ստեղծելու: Իսկ նոր դիվանագիտությունը պիտի հիմնված լինի նոր ռեսուրսների վրա: Այդ ռեսուրսները գոյություն ունեն ու շատ հզոր են: Ադրբեջանը դա մեզնից լավ է հասկանում, որովհետև իրենց մոտ այդ դիսկուսիան կա շատ վաղուց: Նրանք արդեն ավելի քան երկու տարի այս հարթության մեջ են խոսում խնդրի մասին: Հայաստանում չկա քննարկման այս հարթությունը:

Ալիևն ասաց, չէ՞. «Հայաստանի նոր ղեկավարությունն ուզում էր փոփոխություններ մտցնել դիվանագիտական պրոցեսում, բայց մենք ուժեղ ենք, մենք թույլ չտվեցինք»: Նա պարզ ասում էր՝ «մենք թույլ չենք տվել՝ Վիեննայի պայմանավորվածություններն իրականացնեն, թույլ չենք տվել՝ բանակցային ձևաչափը փոխեն, Ղարաբաղը մեջտեղ բերեն»: Նա շատ կոնկրետ է խոսում:

Похожее изображение

– Եկեք հարցն ավելի լայն համատեքստում քննարկենք, քանի որ նման դիսկուրսի ենք գնում: Դուք շատ լավ հիշում եք՝ ինչ մոտեցումներ ուներ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ: 97-ին նա հանրային բանավեճ բացեց՝ հարց առաջադրելով, թե եթե հիմա չգնանք «արժանապատիվ խաղաղության» հիմնախնդրի կարգավորման առաջարկված (փուլային) տարբերակով, ապա կարո՞ղ ենք հավերժ կամ երկարաժամկետ հեռանկարում պահպանել ստատուս-քվոն, մեր կարողությունները դա թույլ կտա՞ն: Իր կարծիքով՝ հակամարտության չլուծված լինելը թույլ չէր տա զարգանալ ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին: Ու հստակ սահման գծեց իր կողմնակիցների ու ընդդիմախոսների միջև՝ վերջիններիս անվանելով «պատերազմի կուսակցություն»: Մի կողմ թողնենք այն հարցը, թե նրանցից ով էր ճիշտ և ով էր սխալ: Բայց եթե Քոչարյանը կարողացավ շարունակել իշխանության եկած թևի քաղաքական գիծը, որ կարելի է պահպանել ստատուս-քվոն և զարգանալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերությունների պայմաններում, Սերժ Սարգսյանն էլ, կարելի է ասել, իներցիայով շարունակեց այդ գիծը՝ ի վերջո իրավիճակը, ինչպես ինքներդ շատ ճիշտ նկատեցիք, հասցնելով պատերազմի, ապա ակնհայտ է, որ այսօր երկրի նոր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, չի կարող ստատուս-քվոն պահպանելու և հակամարտությունը «սառեցված» պահելու քաղաքականություն վարել, որովհետև թե՛ ադրբեջանական կողմը և թե՛ միջազգային գործընկերները կոնկրետ քայլեր են պահանջում հայկական կողմից: Չեմ ասում, թե պետք է տուրք տալ ճնշումներին, բայց այս պայմաններում պետք է մի նոր՝ ավելի ճկուն ռազմավարություն, որը թույլ կտա դիմագրավել անվտանգության մարտահրավերներին և չկորցնել դիրքերը դիվանագիտական պրոցեսում:

– Ինքն արդեն նոր ստրատեգիայի թեզը նշել է՝ պատասխանատվության և լիազորությունների խնդիրը: Դա պետք է վերածել ստրատեգիայի՝ ինչպես ես ասացի: Դա լինելու է շատ հզոր ստրատեգիա, պարտադրելու է հակառակորդին քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Դրանով կարելի է նրան անկյուն քշել: Այն ժամանակ առաջարկվում էր մի բան, որն ավելի շատ միջազգային հանրության հետ էր կապված, քան թե Ադրբեջանի: 97 թվականի հայտնի թեզերն էին՝ «մեր թշնամին աշխարհն է», «մեր խնդիրը աշխարհի հետ է, ոչ թե Ադրբեջանի», «եկեք անենք քայլ, որ աշխարհը մեզ չճնշի, չպարտադրի ավելի ծանր պայմաններով լուծում», իսկ «Ադրբեջանի հետ գործ չունենք» և այլն: Տեր-Պետրոսյանը նույնն ասում էր 2016-17-ին՝ Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե մեկ է՝ Ադրբեջանը ոչ մի բան էլ չի ճանաչելու, հետևաբար եկեք մեր հարցերը լուծենք «միջազգային հանրության» հետ, տարածքները տանք «միջազգային հանրությանը»: Ու որևէ հարց չէր բարձրացվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:

Похожее изображение

Հիմա մեզ պետք է հստակ ստրատեգիա, որն անկյուն կմտցնի հակառակորդին ու կստիպի, որ անի այն, ինչ քեզ է ձեռնտու: Եթե դա չունես, էլի լողում ես այդ մոտեցումների մեջ՝ ինչպես լողում էիր 25 տարի շարունակ: Մեկ-մեկ այս ամենը զավեշտի է հասնում: Հիշում եմ՝ այն ժամանակ ասում էին, թե Քի Վեսթում Քոչարյանն ու Հեյդար Ալիևը ինչ-որ համաձայնության են եկել: Բնականաբար, ոչինչ էլ չստացվեց, որովհետև դա անհեթեթություն էր: Բայց այն ժամանակ հետաքրքիր բաներ էին խոսում և մինչև հիմա էլ երբեմն կրկնում են, թե Լեռնային Ղարաբաղը զիջելու դիմաց Հայաստանն իր տարածքով պիտի կապ ապահովեր Ադրբեջանի և Նախիջևանի միջև:

Տեսեք՝ ինչքան է առասպելականացված մարդկանց պատկերացումը կյանքի մասին, որ մարդիկ մոռանում են, որ խոսում են քաղաքական համաձայնության մասին: Եթե համաձայնություն ձեռք բերվեր հիմնախնդրի կարգավորման մասին, և ստորագրվեր խաղաղության պայմանագիր, ապա այսպես թե այնպես բոլոր սահմանները, ճանապարհները, կոմունիկացիաները պիտի բացվեին: Ի՞նչ Նախիջևանի խնդիր: Սա է խնդիրը, որ չկան ռացիոնալ պատկերացումները: Հիմա այդ երկիրը չի ուզում խաղաղություն կնքել մեզ հետ, չի էլ ուզենալու երբևէ: Ե՞րբ է կնքելու. երբ ստիպված լինի՝ ինչպես կնքեց 1994-ին: Այն ժամանակ ռազմական ճանապարհով ենք հասել դրան, հիմա կան բոլոր հնարավորությունները՝ քաղաքական ճիշտ քայլեր իրականացնելու միջոցով Ադրբեջանին անկյուն մտցնելու և լուծում պարտադրելու, որ այդ մարդիկ հասկանան, որ չեն կարող ռազմական ճանապարհով գնալ, դրա վերջը վատ է լինելու իրենց համար: Միայն այդ ժամանակ նրանք գալու են համաձայնության՝ այն էլ, բնականաբար, մեր ուզած ձևով:

1in.am

(Visited 98 times, 1 visits today)