Այս քայլով Նիկոլ Փաշինյանը «կռիվ-կռիվ» է խաղում. 168.am

Ահա և վերջ: ՀՀ  Զինված ուժերի զորախումբը երեկ տեղակայվեց Սիրիայում: Ամիսներ շարունակ քաղաքական քննարկումների թեման այլևս տեղափոխվեց Real-politik-ի հարթակ: Այս փաստը միայն խորացրեց քաղաքական և հասարակական շրջանակների անհանգստությունը:

Ինչպես երեկ խնդրին անդրադառնալիս նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալ որոշումը թողնում է բացառապես անձնական քաղաքական շահեր հետապնդելու տպավորություն: Իրոք որ, այդպես էլ չհրապարակվեց Սիրիայի կառավարության իբր պաշտոնական դիմումը Հայաստանին:

Հասկանալի չեն հայկական զորախմբի՝ Սիրիայում գտնվելու իրավական հիմքերը:

Մութ է մնում նաև մեր զինվորներին տրամադրված երաշխիքների և պաշտպանության հարցը:

Իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները միայն էլ ավելի են բորբոքում իրավիճակը:

Похожее изображение

Այսպես, վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով իրավական հիմքերի բացակայության և օրենսդրության կոպիտ ոտնահարման հարցադրումը, առնվազն անլուրջ մի պատասխան է տվել.

«Այո, դիմում կա, բայց իմ ձեռքի տակ չէ, բայց հիմքում ընկած է հումանիտար մարդասիրական առաքելության մեր պայմանագիրը 2001 թվականի, մշտական շփումը Սիրիայի կառավարության հետ, մեր վճռականությունն ու տրամադրվածությունը՝ օժանդակել Սիրիայի ժողովրդին, նաև նեցուկ կանգնել հայերին, որ բնակվում են մեծ վնասներ կրած համայնքներում, մասնավորապես՝ Հալեպում»:

2001 թվականի ո՞ր պայմանագիրը, ո՞ւմ հետ, ինչի՞ մասին… հայտնի չէ:

Картинки по запросу շոյգու տոնոյան

Երեկ էլ ԱԺ ոլորտային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդհանրապես հարցից անտեղյակ լինելու վարպետության դաս է ցուցաբերել, ասելով. «Հիմա հարցերը թող բարձրացնեն, կուսումնասիրվի, կտրվի հստակ պատասխան»:

Շեշտենք նաև, որ այս գործարքի իրավական հիմքերի հարցը շրջանցել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն դրա փոխարեն՝ ՊՆ Դավիթ Տոնոյանը նույն օրը լայն ժպիտով լուսանկարվում էր Ռուսաստանի իր գործընկերոջ հետ:

Հատկանշական է նաև, որ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը խոստովանել է, որ այս ձեռնարկումը հայկական կողմի նախաձեռնությունն է, և ոչ թե՝ Ռուսաստանից եկած գաղափար:

Եվ թեպետ իշխանությունները ջանք չեն խնայում փաթեթավորելու այս խիստ վտանգավոր ապօրինությունը՝ որպես մարդասիրական քայլ Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների հանդեպ, մեր տեղեկություններով՝ հայկական համայնքային կառույցները թե՛ Սիրիայում, թե՛ Մերձավոր Արևելքի այլ երկրներում ի սկզբանե խանդավառված չէին այս նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով իսլամական ահաբեկչության առկա վտանգները տարածաշրջանում:

Похожее изображение

Քարտերն էլ ավելի է խճճում այն հանգամանքը, որ շատերը գնահատում են այս փաստը՝ որպես Նիկոլ Փաշինյանի ռևերանս՝ Մոսկվայի ուղղությամբ: Այդ ռևերանսը, իհարկե, ընդունել են սիրով, սակայն ակնհայտ է նաև, որ նման ինքնաբուխ հաճոյանալու գործելաոճը ոչ թե ուժեղացնելու է Փաշինյանի դիրքերը Մոսկվայում, այլ թուլացնելու՝ մերկացնելով իր ներքին մղումը՝ վերջապես ամեն գնով արժանանալու ՌԴ նախագահ Պուտինի վստահությանը: Զարմանալի է նաև, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերը խնդրի առնչությամբ դեռևս հրապարակային տեսակետ չեն հայտնել:

Ամփոփելով տեղի ունեցածը՝ կարող ենք փաստել, որ այս քայլով Նիկոլ Փաշինյանը «կռիվ-կռիվ» է խաղում՝ հայ զինվորականների և հայկական սփյուռքի անվտանգության հաշվին:

168.am

(Visited 54 times, 1 visits today)