Վալերի Օսիպյանը «Սասնա ծռեր»-ի մասին. «Կատարվել է հանցագործություն, և յուրաքանչյուր ոք պետք է կրի իր պատիժը»

«Սասնա ծռեր»-ի գործն այսօր տեղի ունեցած դատական նիստում բավական ուշագրավ զարգացում ստացավ։ Նախ՝ դատարանը որոշում կայացրեց դատական նիստը այլևս քննել դռնփակ ռեժիմով, ապա տեղի ունեցավ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննությունը, որը դեմ արտահայտվեց ՊՊԾ գնդի գործով անցնող ամբաստանյալների համաներմանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Երևանի 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության 100-ամյակի առիթով համաներման մասին օրենքում առանձին կետով անդրադարձ կար նաև ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին, սակայն վերապահումով, որ եթե պատանդառված, ինչպես նաև սպանված ոստիկանների հարազատները առարկեն, գործի քննությունն ընդհանուր կարգով պետք է շարունակվի և համաներում նրանց վրա չի տարածվի։

Սպանված ոստիկանների հարազատները նախորդ նիստերից մեկի ժամանակ հայտարարեցին, որ դեմ են, որպեսզի «ծռեր»-ի նկատմամբ համաներում կիրառվի։ Այսօր էլ նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է նրա դիրքորոշումը: ՀՀ ոստիկանապետը մինչև պատասխանը զգուշացրեց՝ եթե ընկերներ կորցրած չլիներ, հնարավոր է այլ տեսակետ հայտներ.

«Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»: Դատավորի հարցին՝ այսինքն՝ կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ առարկում եք այս գործով անցնող անձանց համաներմանը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Կատարվել է հանցագործություն, և յուրաքանչյուր ոք պետք է կրի իր պատիժը»:

Այս պատասխանը վրդովվեցրեց «Սասնա ծռեր»-ի հարազատներին, Օսիպյանի հասցեին հնչեցին վիրավորական արտահայտություններ, և որոշում կայացվեց դատական նիստերն այլևս անցկացնել դռնփակ, նիստը հետաձգվեց։

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցածը, լայն համատեքստում դիտարկելով, համարում է անցումային արդարադատության բացակայության պատճառ։ «Եթե ներդրվեր անցումային արդարադատությունը, մենք սրան ականատես չէինք լինի, և պարոն Օսիպյանը կլիներ ամբաստանյալի աթոռին։ Ներկայիս դատական համակարգը վերածվել է քաղցկեղի և փորձում է ինչ-որ կերպ դրսևորել իր ինքնուրույնությունը՝ ապահովելով իր կատարած հանցագործություններից իրեն ապահովագրելու գործառույթ։

Բայց մենք բոլորս գիտենք, որ տարիներ շարունակ իշխանությունը յուրացված է եղել բռնությամբ, խաբեությամբ, կեղծիքով։ Նրանք՝ այդ նույն հանցավոր համագործակցությունը 2016-ին էլ հանցագործություն կատարեց, գնաց պատերազմի, և դրանից հետո էլ շարունակում էր նույնը, ինչը կանխելու համար տեղի ունեցավ մեր ապստամբությունը։ Հիմա բոլորը մոռացել են այդ դավաճանության մասին, մոռացել են, որ դա նույն Մարտի 1 արած իշխանությունն է, նույն դատարանը։ Կախարդական փայտիկով հնարավոր չէ այդ համակարգը փոխել, պետք են լուրջ քայլեր, որպեսզի մենք ունենանք նորմալ դատական համակարգ, որ այդ հարցերը լուծվեն»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենք ապստամբություն են կատարել, և այս գործը պետք է քննվի հենց ապստամբության իրավունքի շրջանակներում. «Եթե պարզվի, որ կա ապստամբության իրավունքի սահմանազանցում, ինքնապաշտպանության իրավունքի սահմանազանցում, ապա խնդրեմ՝ թող համապատասխան մարդը, մարդիկ, բոլորս միասին պատասխան տանք դրա համար, եթե արել ենք։ Իսկ եթե չկա խախտում, ապա չկա։ Թե չէ, հիմա գործը քննում են Քրեական օրենսգրքի շրջանակներում, առաջադրել են անհեթեթ հոդվածներ, որոնք չեն վերաբերում մեր արածներին։ Այս գործը պետք է քննվեր անցումային արդարադատության ատյանում ապստամբության իրավունքի շրջանակներում»։

Անդրադառնալով Օսիպյանի հարցաքննությանը և նրա դիրքորոշմանը՝ «ծռեր»-ի նկատմամբ համաներում չկիրառելու մասով, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Օսիպյանը տարիներ շարունակ հրապարակավ զբաղվել է ակնհայտ իրավախախտումներով. «Նա ջարդարար է, դա բոլորն են տեսել»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե ՊՊԾ գնդում նա պատանդ է եղել և ենթարկվել է նվաստացուցիչ գործողությունների, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Կրկնում եմ, քանի դեռ անցումային արդարադատության մեխանիզմները չեն գործում, Օսիպյանը կարող է ոստիկանապետ լինել և նրա կարծիքն էլ կարող են հաշվի առնել համաներում կիրառելիս։ Նա հիմա, իրականում լինելով ոճրագործ, հանդես է գալիս որպես տուժող։ Մենք պետք է ապստամբության տրամաբանությունից դուրս չգանք։ Եթե դուրս ենք գալիս այդ տրամաբանությունից, ընկնում ենք Օսիպյանի տրամաբանության մեջ»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Տարոն Սիմոնյանի խոսքերով՝ այս իրավիճակները գալիս են փաստելու, որ օրենսդրական ակտ ընդունելիս, հատկապես նման կարևորության ակտեր ընդունելիս պետք է զգույշ լինել և առանձնակի մոտեցում չցուցաբերել առանձին դեպքերի համար։ «Հանցագործությունը հանցագործություն է, անկախ դրա կատարման վայրից և պատճառներից։ Այլ բան, որ կարող է մեղմացուցիչ կամ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված լինի և դա ազդի պատժի տեսակի ընտրության վրա, բայց դա չի նշանակում, որ առանձին դեպքերի հիման վրա առանձին համաներման ակտեր կամ համաներման ակտում առանձին կետեր լինեն։ Դա բացառիկ հանգամանքներով պայմանավորված կարող է լինել, բայց չեմ կարծում, որ այս դեպքերը կարելի է նման շատ բացառիկների տակ դնել։

Հանցագործությունը հանցագործություն է։ Եթե անձինք անմեղ են, անմեղ կճանաչվեն դատարանում, իսկ եթե մեղավոր են՝ կդատապարտվեն դատարանի կողմից և համապատասխան պատասխանատվության կենթարկվեն։ Առանձին դեպքերի համար նման յուրահատուկ վերաբերմունք տարածել պետք չէր»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր»-ի դեպքում կիրառված լուծումը քաղաքական չէր, բայց տարբերակված մոտեցում էր, որը, իր կարծիքով, տեղին և ընդունելի չէր։

www.1in.am

(Visited 30 times, 1 visits today)