Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞…

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին ըստ էության հայտարարել է այսպես ասած՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

Իհարկե, Բաբայանը հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, սակայն բոլորի համար հստակ է ու պարզ, որ հայաստանյան և արցախյան ներքաղաքական իրողություններն ու կյանքը, ըստ էության հաղորդակից անոթներ են, այլ կերպ լինել ուղղակի չէր կարող, ու, ըստ էության, հնարավոր չէ վերադառնալ Արցախի ակտիվ քաղաքական կյանք՝ դրանով իսկ չակտիվանալով նաև հայաստանյան ներքաղաքական տիրույթում, թեկուզ ոչ անմիջական մասնակցի կարգավիճակով:

Բաբայանը հայտարարել է, որ մարտին ստորագրահավաք է սկսելու Արցախում թեկնածու առաջադրվելու համար: Այդ հայտարարությանը զուգահեռ, Բաբայանը մեկ այլ հետաքրքիր հայտարարություն է արել՝ խոսելով այն մասին, որ 2016 թվականի հուլիսին Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի թեմային և հստակ ասել նրա մասին իր կարծիքը:

Թե հատկապես ինչպիսին է այդ կարծիքը, Բաբայանը չի նշել, սակայն ասել է, որ Փաշինյանը դա հստակ գիտե դեռևս 2016 թվականից:

Ասել կուզի, Բաբայանը ակնարկել է վարչապետին, որ իր կարծիքը չի փոխվել և այն, ինչ ասել է 2016-ին, կրկնում է նաև հիմա: Արդյո՞ք դրանով Սամվել Բաբայանը ցանկացել է Նիկոլ Փաշինյանին ակնարկել, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ:

Բանն այն է, որ Սամվել Բաբայանը Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում դիտարկվում էր քոչարյանական թևի ներկայացուցիչ: Մյուս կողմից հնարավոր է, որ Բաբայանը Նիկոլ Փաշինյանին այլ բան է ակնարկում, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի իրավիճակ էր 2016 թվականի հուլիսը:

2016-ի հուլիսին Հայաստանը, այսպես ասած, կաթվածահար էր եղել ՊՊԾ գնդի գրավումից, այն էլ Ապրիլյան քառօրյայից երեք ամիս անց, երբ հատկանշական զարգացումներ էին նաև արցախյան գործընթացում՝ Վիեննայի օրակարգով: Հետագայում, ի դեպ, այդ օրակարգը աստիճանաբար չեզոքացվեց, ու հարց է, թե ինչ ազդեցություն ունեցավ այդ հարցում հուլիսյան իրավիճակը:

 

Հայտնի է նաև, թե հուլիսին ինչպիսի դերակատարում էր փորձում ստանձնել Նիկոլ Փաշինյանը, արժանանալով «Սասնա ծռերի» և նրանց համակիրների սուր քննադատությանն այն բանի համար, որ առաջարկում էր բաց ձեռքերի պայքար:

Երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչեց իր այդ պայքարը՝ Հայաստանում առաջնորդելով թավշյա հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունից հետո Սամվել Բաբայանն ազատ արձակվեց՝ 2017-ի ընտրություններից առաջ ձերբակալվելուց հետո, որ տեղի էր ունեցել հայտնի «Իգլայի» գործով:

Հատկանշական է, որ ազատ արձակվելուց հետո Արցախ մեկնելու վերաբերյալ հարցին ի պատասխան Բաբայանն ասել էր, որ այդ առումով կանի այն, ինչ կասի Հայաստանի նոր իշխանությունը:

Արդյո՞ք Հայաստանի նոր իշխանությունն է Բաբայանին ասել Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մասին, թե՞ Բաբայանը ակնկալում էր, որ նոր իշխանությունը կդիտարկի նրա որևէ դերակատարում, սակայն տեսնելով, որ այդպիսի դիտարկում չկա, նա ինքն է որոշում մտնել խաղի մեջ և հիշեցնել իր մասին: Թե Բաբայանը խաղի մի նոր ուղղություն է նախկին իշխող համակարգի մարտավարության մեջ, հաշվի առնելով այն, որ Բաբայանը, ի վերջո, այդ համակարգի ներկայացուցիչ է:

Բոլոր դեպքերում, Արցախի պաշտպանության նախկին նախարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտը նոր շերտ է բացում ներքաղաքական իրողություններում, որն անկասկած կունենա նաև իր որոշակի շղթայական ազդեցությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Խոշոր հաշվով պետք չէ բացառել և այն, որ այդ միջոցով կբացահայտվեն նախկին համակարգի որոշակի շերտեր, որոնք ներկայումս թաքցվում են խնամքով՝ ավելի լավ ժամանակների համար:

1in.am

(Visited 34 times, 1 visits today)