Սովետականին վերադառնալու տարբերակը, հեղափոխություն է Երրորդ Հանրապետության դեմ, ան կախության դեմ

Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է Հայաստանի քաղաքացիներին։ Նույն այն քաղաքացիներին, որոնց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը անվանում է հպարտ, երկրի իշխանության միակ կրող ու սուբյեկտ։ Խոսքը վերաբերում է կեղծ քաղաքական օրակարգին, որը հրապարակ նետվեց Սիմոնյանի ջանքերով՝ օրհներգի փոփոխության թեման ասոցացնելով հեղափոխության հետ։

Խնդիրն ակտուալ չէր լինի, եթե Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ օրհներգի փոփոխության առաջարկությամբ հանդես չգար բարձրաստիճան պաշտոնյա, որը նաև հեղափոխական հարթակի առանցքային գործիչ է։ «Իմ քայլը» խմբակցութոյւնից առնվազն մեկ պատգանավոր հրապարակավ հակադրվել է ԱԺ փոխնախագահին, սակայն մենք չենք լսել՝ գոնե առայժմ, որ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին հրահանգի «հանգիստ նստել» իր տեղը և ուրեմն, գոնե տեսականորեն կարող ենք ենթադրել, որ Փաշինյանին առնվազն դուր են գալիս ծավալվող քննարկումները։

 

Գուցե այն պատճառով, որ կեղծ օրակարգի շնորհիվ հնարավոր լինի հասարակության ուշադրությունը շեղել ավելի կարևոր խնդիրներից, կամ էլ՝ այլ պատճառով, օրինակ, որ Վլադիմիր Պուտինը գնահատի, որ մեր հեղափոխությունը ոչ միայն հակակայսերական չէ, այլ նույնիսկ՝ սովետական անցյալը ռեստավրացնելու մտադրություն ունի։

Նույնիսկ պարտկոմական կենսագրություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը, որն իր մենթալիտետով ու մտածողությամբ ատում էր Երրորդ հանրապետությունն ու ինքնիշխանությունը, չհանդգնեց օրհներգի փոփոխության անհրաժեշտության մասին անմիջականորեն խոսել՝ պատսպարվելով քաղքենիական մտավորականության խախուտ թիկունքում։

Բայց հեղափոխությունից հետո խորհրդարանի փոխնախագահը նման հանդգնություն ունեցավ ու հարցն այլևս քաղաքական է ու պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը՝ քաղաքական գնահատականի, վերաբերմունքի, դիրքորոշման մակարդակում։

Նախ՝ այն պատճառով, որ իր թիմակից Ալեն Սիմոնյանը ծաղրում է հասարակությանը, որը վարչապետի բնորոշմամբ՝ բաղկացած է հպարտ քաղաքացիներից։

Ի դեպ, կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ինչ կասեք՞․ ֆեկսբուքյան իր էջում երեկ գրել էր Ալեն Սիմոնյանը ու շուտով գրառման այս հատվածը անհետացավ, որովհետև խորհրդարանի փոխնախագահը հասկացավ, որ հայտնվել է անգամ ավելի ծիծաղելի վիճակում, քան՝ կոկորդիլոսի ձվի «մասնագետ» իր կուսակից-Արարատի մարզպետը։

Դա սարկազմ էր․ կայքերից մեկին ասել էր Սիմոնյանն՝ ավելի ամրապնդելով այն տեսակետը, որ իշխանության ներկայացուցչի մակարդակով ծաղրուծանակի է ենթարկվում պետական ինստիտուտը, հեղափոխությունը, որի նպատակը ոչ թե քաղաքացուն ծաղրելն է, այլ նրան արժևորելը։

Օրհներգի թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք ու թերևս հարկ չենք համարում կրկնվել, սակայն մի քանի թեզեր ամբողջացնելու անհրաժեշտություն ունեն։

Արամ Խաչատրյանի օրհներգն՝ անկախ իր գեղարվեստական, մշակութային արժեքից, արդեն պարտվել է, պարտվել է անշրջելիորն՝ լինելով 88-ի ալիքի տակ մնացած սովետական Հայաստանի խորհրդանիշը։

«Մեր Հայրենիքը» մեր վերջին 150 տարվա՝ հանուն անկախության և ազատության պայքարի երգն է: Դրա հնչյունների տակ կերտվել են Առաջին ու Երրորդ հանրապետությունների հերոսական էջերը։

Եթե առաջարկվում է սովետականին վերադառնալու տարբերակը, ապա սա հեղափոխություն է Երրորդ Հանրապետության դեմ, անկախության դեմ, սա հակահեղափոխություն է․ արդարացիորեն նկատել է քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը։ Սա է գլոբալ հարցադրումը, որն ակտուալ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կարծիքը։ Առնվազն այն պատճառով, որ հասկանանք՝ արդյոք հեղափոխական հրապարակը Երրորդ հանրապետությունը լուծարելու մանդատով օժտե՞լ է իր ծնած իշխանությանը։

1in.am

(Visited 43 times, 1 visits today)