1,53 մլրդ մարդու է հասել Facebook-ի օրական լսարանը

Ամեն օր Facebook մտնող մարդկանց թիվը հասել է 1,53 միլիարդի: Այդ մասին վկայում է Facebook ընկերության, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, չորրորդ եռամսյակի եւ ամբողջ 2018 թվականի համար կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է հունվարի 30-ին:

Ինչպես հետեւում է փաստաթղթերից, 2018 թվականի դեկտեմբերին առնվազն 1,53 մլրդ մարդ օրական թեկուզեւ մեկ անգամ մտել է սոցցանց:

Այս ցուցանիշը տարվա ընթացքում աճել է 9 տոկոսով: Ընդ որում՝ նրանց թիվը, ովքեր Facebook-ից օգտվում են ամսական ոչ պակաս, քան մեկ անգամ, գերազանցել է 2,32 միլիարդը: Տարեկան աճը նույնպես կազմել է 9 տոկոս:

Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխարհում ավելի քան 2,7 մլրդ մարդ ամսական գոնե մեկ անգամ օգտագործում է իր ծառայություններց որեւէ մեկը:

Այդ ցուցակում, բացի Facebook-ից, ներառված են Instagram սոցցանցը, ինչպես նաեւ հաղորդագրությունների ակնթարթային փոխանակման համար նախատեսված Messenger եւ WhatsApp հավելվածները: Նրանք, ովքեր դա անում են օրական թեկուզեւ մեկ անգամ, ընկերության տվյալներով՝ ավելի քան 2 միլիարդ են:

Facebook-ը նաեւ հայտնել է, որ 2018 թվականի արդյունքներով զուտ շահույթը 1 բաժնետոմսի հաշվով հասել է 7,57 դոլարի կամ միագումար 22,11 մլրդ դոլարի: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 15,93 մլրդ դոլար:

Ընդ որում՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում շահույթը կազմել է 6,88 մլրդ դոլար: Ինչպես նշել է CNN հեռուստաալիքը, դա ռեկորդ է ընկերության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

(Visited 12 times, 1 visits today)