Մեզ համար պետք է կարևոր լինեն մեր նշաձողերը, մեր ռազմավարությունը. Պետք չէ մեծ նշանակություն տալ Բաքվի շանտաժային հռետորաբանությանը

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ջուր պղտորելով սեփական օգուտի համար ձկներ որսալ. «Ի՞նչ բանակցություններից դուրս գալու մասին է խոսքը։ Ընդամենը ասվեց՝ այդ տարբերակը նույնիսկ չի էլ քննարկվում։ Եթե տրամաբանությունը չեն հասկանում, կարող են հայտարարությունը մեկ անգամ էլ կարդալ, կարող է երկրորդ անգամից հասկանան, ես այլ խորհուրդ տալ չեմ կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը ադրբեջանական կողմի այս ակնարկը չի կապում վերջին շրջանում ակտիվացող այն խոսակցությունների հետ, որ Հայաստանն ու Արցախը պետք է ռազմական փոխօգնության պայմանագիր կնքեն. «Նրանք փորձում են ներկայացնել՝ իբրև հակառակը՝ խոսքը գնում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզի մասին։

Նրանք ուզում են, որ հայերը տարածքներ հանձնեն իրենց բարի կամքի դիմաց։ Ադրբեջանն ուղղակի փորձ է անում հայկական կողմի մտավոր ունակությունները կասկածի տակ դնել, մինչդեռ տրամաբանությունը չհասկանալու իրենց իսկ խոստովանությունը երևի թե հակառակն է ապացուցում»։

Քաղաքագետն ընդգծում է՝ ստացվում է, որ հենց Բաքուն է, որ տրամաբանության հետ կապված խնդիր ունի.

«Բանակցություններում խոսքը հայկական ԶՈւ-երի դուրսբերման մասին չէ, հայկական կողմը հստակ բացատրեց, գուցե ադրբեջանական կողմի լսողությունը որոշակի ֆիլտրերով է  աշխատում ու  միայն իրենց հաճելի բաներ է բաց թողնում, այդ կապակցությամբ միայն կարելի է ցավակցել։

Սա հայկական կողմին որևէ կերպ չպետք է բանակցային կուրսից շեղի, խոսակցությունը շարունակվելու է  այն օրակարգով, որով շարունակվելու է, և կապ չունի այն խոսակցությունների հետ, որ գալիս է  Բաքվից, անկախ նրանից՝ իրենք  ընդհանուր տրամաբանությունը հասկանում են, թե ոչ։ Եթե լավ չեն հասկանում, թող մեկ անգամ էլ կարդան»,-եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Բաքվի նմանօրինակ արձագանքը հասկանալի է.

«Ադրբեջանը փորձում է անընդհատ ներկայացնել, որ գործընթացը առաջ է շարժվում այն տրամաբանությամբ, որով իրենք են առաջնորդվում։ Այսինքն՝ Հայաստանն առանց որևէ նախապայմանի պետք է համաձայնի տարածքների հանձնմանը։ Բնական է, որ հենց Հայաստանից հնչում է հակառակ հայտարարություն, Բաքուն սա շանտաժով է դիտարկում՝ իբրև Հայաստանն ուզում է բանակցություններից հրաժարվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանն ընդգծեց. «Բաքվի  վարքագիծը հասկանալի է, ու դրան առանձնապես մեծ նշանակություն տալ պետք չէ։ Մեզ համար պետք է կարևոր լինեն մեր նշաձողերը, մեր ռազմավարությունը։ Այդ տեսանկյունից ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարությունները լիովին տրամաբանական են և բխում են այդ խնդրից։ Պետք չէ մեծ նշանակություն տալ Բաքվի շանտաժային հռետորաբանությանը»։

Մեր զրուցակիցը շեշտեց՝ մենք պետք է ձևակերպենք մեր խնդիրները, մեր ռազմավարությունը. «Եվ սրանից շեղումը՝  այդպիսի հայտարարություններ թույլ չտալու իմաստով, մեզ ընդամենը կշեղի մեր նպատակներից, իսկ որևէ լարվածության, սպառնալիքի առաջին աղբյուրն այն է, որ մենք շեղվում ենք մեր ռազմավարությունից ու նպատակներից։

Ես այս տեսանկյունից կարևոր եմ համարում Հայաստանից հնչած վերջին մի քանի հայտարությունները։ Բաքվի  վիճակը հասկանալի է. դա իրեն  ցույց է տալիս այն փակուղին, որում հայտնվել է դեռևս ապրիլյան պատերազմից հետո։ Հայկական կողմի խնդիրը պետք է լինի այդ փակուղուց դուրս  գալու հնարավորություն չտալը»։

1in.am

(Visited 17 times, 1 visits today)