Հեռուստատեսությունը, սերիալ ասածը պետք է մոռանա. Սերիալներն աղբ են, նարկոտիկ, մարդկանց թմրեցնելու միջոց

 

Մեզ վերադարձրեցիք մեր մանկություն. հենց այս նախադասությամբ դիմավորեցինք Aysor.am-ի խմբագրությունում հաղորդավար, լրագրող, ռեժիսոր ու դերասան Կարեն Քոչարյանին, կամ, ինչպես շատերս ենք նրան անվանում՝ «3-րդ ալիքի Կարենին»: Մինչև 2008 թվականը էկրաններից չբացակայող հաղորդավարն այսօր միայն հյուրի կարգավիճակում է հեռուստաընկերություններում լինում: Ասում է՝ երբեք չի սիրել ձեռքերը ծալած նստել, ու հիմա էլ տարբեր գործունեություն է ծավալում՝ պետական ու մասնավոր միջոցառումներ է վարում, հանդիսավարությամբ է զբաղվում, նաև՝ Ալ. Պուշկինի անվան դպրոցի լրատվական կենտրոնն է ղեկավարում…

Ոլորտի փարձառու մասնագետն ու Հանրայինի երկարամյա բնակիչը նկատում է՝ սիրողական «արվեստը», «գլամուր» ասածը տարիների ընթացքում կործանեց հեռուստատեսությունը. գեղեցիկ փաթեթավորած «բոմբոներկայի» մեջ փտած կոնֆետներ են: Վերանորոգված շենք ու նորագույն տեխնիկա կա, բովանդակություն չկա:

Իր փորձը փոխանցելու համար էլ ինքն առայժմ չի տեսնում այնպիսի հեռուստաղեկավարների, որոնց հետ կարող է աշխատել: Ասում է՝ թեև շարունակում է մնալ «սև ցուցակում», սակայն հնարավորության դեպքում էլ, մինչև այս դաշտը չմաքրվի, չի վերադառնա հեռուստատեսություն: Եվ հետո, գտնում է, որ ժամանակն է՝ իր սերնդի ներկայացուցիչները լինեն հեռուստատեսության ղեկավար օղակներում:

— Պարոն Քոչարյան, վերջին 1-2 ամսվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ եղան: Աշխատակիցներից շատերը դուրս մնացին: Ինչպե՞ս եք վերաբերվում, երբ ամեն նոր եկող իշխանություն փոխում է անձնակազմն ու այնտեղ բերում իր մարդկանց:

— Այո՛, դուրս մնացողներ եղան, բայց կադրային որևէ փոփոխություն չի եղել: Վերին խավը դեռ չի փոխվել: Սա ուղղակի շատերի ու իմ համար անհասկանալի քաղաքական խաղեր են: Նոր ընդունվածներին ես չեմ ընդունում: Շատ-շատ են այնպիսիները, որ կարողացել են շատ հմտորեն մտնել այս իշխանությունների շարքերն ու ներսից քանդել… Հեռուստատեսությունները միադեմ են, օբյեկտիվություն գրեթե չեմ տեսնում…

— Հասարակության մի մասն այսօր օբյեկտիվ համարում է միայն այն լուրերը, որոնք գովաբանում են նոր իշխանությանը…

— Գովելով երկիր չես կառուցի: Եթե ընկերոջդ չասես, որ դու այս բանը սխալ ես անում, ուրեմն դու իր թշնամին ես: Բայց դա էլ հասկանալով պետք է ասես: Այսօր մեր լրագրողները միկրոֆոնները չորս կողմից «դեմ» են տալիս, բայց իրենք չկան, ներկա չեն, բացակա հայացքներով են, միայն «միկրոֆոնն» Է ներկա: Ներողություն, ինչո՞ւ եք վիրավորում այս մասնագիտությունը, սա շա՜տ հին մասնագիտություն է: Նույնիսկ երբեմն կատակով ասվում է, որ սա հին երկրորդ մասնագիտությունն է:

Ցավոք սրտի, շատ հաճախ այս երկրորդ մասնագիտությունը առաջինի կարգավիճակն է ստանում… Այսօր քննադատում են Հայկ Մարությանին: Մի հատ գնացեք տեսեք էլի՞, թե Հայկը Մարությանը մինչև ժամը քանիսն է մնում Քաղաքապետարանում ու աշխատում: Մինչև գիշերվա ժամը 3-ը, 4-ը մնում ու իրոք աշխատում է: Հիմա փայլում է Երևանը, աղբաման չկա, որ մեջը լիքը աղբ լինի…

— Բայց պարբերաբար նկարներ են հայտնվում համացանցում, որոնք արտացոլում են հակառակ պատկերը…

— Չգիտեմ՝ որտեղ են նկարում, բայց ես երեկ ավտոմեքենայով Ջրվեժից Կենտրոն էի գալիս՝ աջ ու ձախ նայելով, չկար մի տեղ, որ նման պատկեր լիներ: Միայն ասեմ, որ լամպերի գործարանի կողքին կառուցված այգու մոտ աղբամանի շուրջ «ցելոֆաններով» աղբ էր լցված: Հարգելի երևանցիներ, ինքներդ ձեզ էլ քննադատեք: Եթե աղբաման կա, ինչո՞ւ եք խոզի պես կողքը լցնում: Իմիջիայլոց ասեմ՝ այդ սովորությունը մեզ մոտ միշտ եղել է: Տեսե՞լ եք Ստեփանակերտն ինչ մաքուր քաղաք է:

Եվ դա առաջին հերթին գալիս է ոչ թե Ստեփանակերտի քաղաքապետից, այլ՝ ստեփանակերտցիներից: Իմ աչքի առաջ՝ քամին պլաստիկե շիշը տարավ, մի երիտասարդ տղա ընկավ այդ շշի հետևից, վերադարձրեց աղբարկղ: Մեզ մոտ այդպիսի բան չես տեսնի: Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք հոդված՝ պորտաբույծների դեմ,դրանք շատ-շատ են: Ցավոք սրտի, երիտասարդներ, ովքեր կարող են առավոտից երեկո նստել «բեսետկա» կոչվածում ու անհասկանալի բացականչություններ հանել…

— Պարոն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում մի շարք նախարարությունների հետ նաև Մշակույթի նախարարության օպտիմալացման ծրագրին:

— Թե չէ մինչև հիմա նախարարություն ունեցել ե՞նք, որ հիմա էլ չենք ունենալու (ծիծաղում է՝ հեղ.)… Ես դեմ չէի լինի, եթե Կրթության և գիտության նախարարությունում լիներ առանձին Մշակույթի վարչություն, մշակույթն այսօր ամենուր է անհրաժեշտ, այդ թվում՝ դպրոցներում: Առաջին դասարանից պետք է երեխայի գլուխը մտցնել, որ նա դարեր շարունակ մշակույթ ունեցող ազգի ներկայացուցիչ է: Որ հեռուստատեսությունը, սերիալ ասածը պետք է մոռանա: Սերիալներն աղբ են, նարկոտիկ, մարդկանց թմրեցնելու միջոց:

Картинки по запросу դերասան Կարեն Քոչարյան

— Դուք այսօր նաև հանդիսավարությամբ եք զբաղվում: ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ հանդիսավարները պետք է հարկ մուծեն…

— Բայց ինչո՞ւ միայն հանդիսավարները, առաջին հերթին երգիչները թող մուծեն, որ մի երգ երգելու համար 2000 դոլլար են վերցնում: Մենք ի՞նչ, մենք կոպեկներ ենք վերցնում (ծիծաղում է՝ հեղ.)… Ճիշտն ասած՝ առայժմ ես դեմ եմ դրան, թող լինի աշխատանք, ես էլ վճարեմ: Հանդիսավարները, համեմատած մեր կարկառուն աստղերի, կոպեկներ են աշխատում…

— Մասնագիտությամբ դերասան լինելով հանդերձ՝ հետևո՞ւմ եք մերօրյա ֆիլմերին, հաճախո՞ւմ եք թատրոններ, աշխուժություն նկատո՞ւմ եք:

— Միշտ գնում եմ թատրոններ, ներկայացումներ եմ նայում, ու պիտի ասեմ՝ բավական աշխուժացել են մեր թատրոնները: Կինոն, առայժմ չէի ասի, որ շատ ակտիվ է: Սուտ կլինի, եթե ասեմ, թե վերջին շրջանում շատ ֆիլմեր եմ նայել… Շեդեվրներ չկան, այն գլուխգործոցները, որոնք ստեղծվել են «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ չկա: Շա՜տ է ցավում սիրտս կինոստուդիայի համար: Անունը կա, բայց մեջը ոչինչ չկա: Ես եղել եմ վերջին տարիներին այնտեղ, լացս եկավ. այնտեղ կարելի է միայն նկարել հանցագործների մասին սերիալներ, ինչն էլ վերջին տարիներին անում էր «Արմենիա» հեռուստաընկերությունը…

Մանրամասն՝ տեսանյութում

aysor.am

(Visited 105 times, 1 visits today)