Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը. 1in.am

Երեկ Բեռլինում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի համատեղ մամլո ասուլիսը, որի ընթացքում հնչեցին մի շարք կարևորագույն հայտարարություններ։

Похожее изображение

Նախ ասուլիսից զգացվում էր, որ Փաշինյանի այցն իսկապես անցել է բարձր մակարդակով, և որ նա ջերմ ընդունելության է արժանացել գերմանական իշխանությունների կողմից, ինչը չափազանց դրական ու կարևոր է ինչպես հայ-գերմանական, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից՝ հաշվի առնելով Գերմանիայի դոմինանտ դերը Եվրոպական միությունում։

Բայց ասուլիսի ամենաուշագրավ հայտարարությունները վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Բեռլինում ի պատասխան Անգելա Մերկելի բնորոշման, որ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլ է կատարել, ՀՀ վարչապետը պարզաբանեց. խոսքն իր այն հայտնի հայտարարության մասին է, որ ղարաբաղյան հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովորդի համար։ Փաշինյանն ասաց, որ այդ հայտարարությունից անցել են ամիսներ, սակայն ադրբեջանական կողմից որևէ համանման հայտարարություն չի հնչել, որևէ մեկը չի ասել, որ լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար էլ։

Նիկոլ Փաշինյանը Անգելա Մերկելի հետ ասուլիսում կրկնեց իր մեկ այլ հայտարարություն ևս՝ ինքը Հայաստանի վարչապետն է, կարող է բանակցել միայն Հայաստանի ժողովրդի անունից, Ղարաբաղի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, Ղարաբաղն ունի իր նախագահը, իր խորհրդարանը և իր կառավարությունը։ Այս հայտարարությունը բազմաթիվ անգամներ է հնչել ներքին լսարանում, սակայն շատ կարևոր էր, որ այդ մասին բարձրաձայնվեց նաև Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսում։

Картинки по запросу փաշինյան մերկել

Ակնհայտ է, որ հատկապես վերջին օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները, հռետորաբանությունը կոշտացել են։ Թերևս նաև այն պատճառով, որ նման կոշտացման Փաշինյանին դրդում են Հայաստանի հայտնի ուժերը, որոնք ամենօրյա ռեժիմով մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածում ղարաբաղյան հարցի ոչ հայանպաստ լուծման, ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների, կուլիսային պրոցեսների մասին։

Ահա այդ խուճապային տրամադրությունների տարածմանն ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը ստիպված է կոշտացել իր հռետորաբանությունը և անել նաև երկիմաստ հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել ինչպես դրական, այնպես էլ՝ բացասական լույսի ներքո։ Խոսքը մասնավորապես այն արտահայտության մասին է, որ հակամարտությունն ունի երեք կողմ։

«Ինչ վերաբերում է բուն կարգավորմանը, կարծում եմ համանախագահող երկրները և միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ լուծման խնդիրը հակամարտության մեջ ներգրավված կողմերի՝ երեք կողմերի օրակարգի հարցն է և միջազգային հանրությունը չի կարող հակամարտության երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար և կարծում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը  հենց հաջողել է այդ հարթակը ստեղծելու առումով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ղարաբաղյան բանակցություններում ԵՄ-ի ներգրավման հնարավորությանը վերաբերող հարցի։

Картинки по запросу փաշինյան մերկել

Այս հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտությունը որպես եռակողմ հակամարտություն ներկայացնելու փաստը երկակի նշանակություն ունի։ Մի կողմից շատ դրական է, որ եվրոպական ամենաազդեցիկ մայրաքաղաքում, ամենաազդեցիկ երկրի ղեկավարի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է Լեռնային Ղարաբաղի՝ համակարտության լիիրավ կողմ լինելու հանգամանքը և արդեն Բեռլինում ուղիղ ձևակերպմամբ  վերահաստատում իր՝ բազմիցս արած հայտարարությունը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում։ Սա իսկապես դրական շեշտադրում է և շատ կարևոր է, որ այն հնչում է հատկապես Բեռլինում։

Մյուս կողմից սակայն «երեք կողմեր» արտահայտությունը պարունակում է որոշակի վտանգներ այլ առումով։ Խնդիրն այն է, որ ղարաբաղյան բանակցությունների ողջ ընթացքում հայկական կողմը խնդիրը ներկայացրել է որպես ղարաբաղա-արդբեջանական խնդիր, իսկ Հայաստանը բանակցություններին մասնակցել է որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր։ Հենց այդ հիմնավորմամբ էր մինչև 1998 թվականը Ղարաբաղը մասնակցում բանակցային գործընթացից։  Ռոբերտ Քոչարյանի նախագահության հենց սկզբում Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից և խնդիրը տրանսֆորմացվեց որպես հայ-ադբեջանական հակամարտության։ Թեև անգամ դրանից հետո երբեք չի հնչեցվել արտահայտություն, որ ղարաբաղյան խնդիրն ունի երեք կողմ։

Բանն այն է, որ այդ արձանագրումը արմատապես փոխում է  հիմնախնդրի էությունը, բովանդակությունը, այն մարդու իրավունքների խնդրից վերածվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի, իսկ խնդրի նման տրանսֆորմացիան ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում միջազգային հանրության տեսանկյունից գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Իսկ երբ խնդիրը ներկայացվում է որպես մարդու իրավունքների, ազատությունների խնդիր, այդ դեպքում հնարավարություն կա տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքները հարաբերականորեն հավասարեցնել, ինչին մտապես ձգտել է հայկական կողմը։ Իհարկե, կարելի է հակադարձել, որ այդ մոտեցումը հնացած մոտեցում է, որոշակի կաղապար, որով էլ գուցե պայմանավորված են եղել ղարաբաղյան բանակություններում մեր ձախողումները։

Картинки по запросу փաշինյան մերկել

Մյուս կողմից սակայն, մենք գործ ունենք հենց այդպիսի կաղապարներով առաջնորդվող աշխարհի հետ, որի հետ հաշվի չնստել չենք կարող։

Նիկոլ Փաշինյանի գերմանական ուղևորությունն իսկապես հաջողված էր ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ նույն ղարաբաղյան հարցում հնչեցված հայտարարությունների առումով։ Իսկ կոնկրետ խնդրո առարկա հայտարարությունը անշուշտ կարելի է համարել սենսացիոն՝ ինչպես դրական, այնպես էլ՝ որոշակիորեն բացասական իմաստներով։ Իմաստներից որ մեկը տեղին կլինի, պարզ կդառնա ղարաբաղյան բանակցությունների առաջիկա ընթացքից։

1in.am

(Visited 52 times, 1 visits today)