«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
– Պարոն Մարտիրոսյան, նախկին իշխանության ներկայացուցիչները պարբերաբար ինչ-ինչ չարաբաստիկ գուշակություններ են անում, նշում՝ իբր Արցախի հարցում Հայաստանի դիրքերը թուլացել են։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ակնկալիքներ կան Արցախյան կարգավորման հարցում։

– Հայաստանի դիրքերն ամենևին չեն թուլացել: Նախկինների օրոք եղածից ավելի թույլ՝ գոնե այս պահին, դժվար է պատկերացնել: Արցախի հարցում նոր իշխանությունները մեծապես խնդրահարույց քայլեր են անում, ոչ խորը մտածված վարքագիծ դրսևորում, բայց դա դեռ Հայաստանի դիրքերը չի թուլացրել:
Վտանգներ կան, որոնց կարող ենք բախվել ապագայում, բայց այս պահին դեռևս թուլացում չկա: Նախկինների օրոք իշխանությունը բացահայտորեն դավաճանական ուղի էր բռնել: Դա անքննելի է: Ներկաներին դավաճանության մեջ մեղադրել անհնար է: Գոնե այս պահին:
Թե ինչ կլինի ապագայում՝ ցույց կտա նույն ապագան: Բայց այսօր ես չեմ տեսնում որևէ հիմք՝ նման մեղադրանքներ ունենալու: Սխալներ, վրիպումներ՝ այո, կան: Դավաճանություն չկա:

– Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, ինչը նշանակում է, որ այդ կառույցն առավել մեծ կարևորություն է ստանում Հայաստանի համար։ Ի՞նչ քայլեր պիտի անի Հայաստանը, որ կարողանա հակակշռել Ռուսաստանի ազդեցության մեծացումը տարածաշրջանում և մեր երկրի վրա, արդյոք եվրոպական երկրներն իրենք էլ անելիքներ չունե՞ն այդ ուղղությամբ։
– Ռուսաստանի՝ տարածաշրջանում դերի մեծացումը կամ փոքրացումը Հայաստանի գործը չէ: Հայաստանի ի՞նչ գործն է, թե Սիրիայում կամ մեկ այլ տեղ Ռուսաստանն ինչ քաղաքականություն է վարում:
Փոխարենը Հայաստանի գործն է Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության խնդիրը: Եվ այդ հարցում Եվրոպային էլ պետք չէ խառնել: Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի խնդիրն է: Պաշտոնական Երևանն այս պահին արդեն կարծեմ յոթ ամենաբարձր մակարդակի հանդիպում է ունեցել Մոսկվայում:
Եվ արդյունք չկա: Գոնե շոշափելի որևէ դրական տեղաշարժեր չկան: Երևանում պետք է վերլուծեն և հետևություններ անեն: Եվ ստեղծված իրավիճակում պետք չէ միայն մեղադրել Ռուսաստանին: Հայաստանն իր մեղքի բաժինն ունի:

– Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ փաստացի կրկին բնութագրել է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ավելին, օրինակ բերեց «Իսլամական պետությանը»՝ նշելով, որ Օբաման Բուշի սխալը ուղղելու համար դուրս բերեց զորքերը Իրաքից, արդյունքում ձևավորվեց «Իսլամական պետությունը»։ Արդյոք այս համեմատությունը խնդիրներ չի՞ հարուցի Հայաստանի համար՝ թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։
– Իհարկե, դա սպեցիֆիկ համեմատություն է: Որևէ քաղաքագետ կարող է նման համեմատություն անել՝ ցույց տալու համար, որ ինչ-որ մի տեղ մտնելն ու ներգրավվելը մի խնդիր է, դուրս գալն ու դրանից կտրվելը՝ մեկ այլ:
Բայց վարչապետի համար դա դիվանագիտական հարմար օրինակ չէ: Խութեր է պարունակում: Իհարկե, վարչապետի արտահայտած միտքն ու մտքի հենքը հասկանալի են: Եվ ես դրանք չէի բնութագրի որպես վտանգավոր: Եվ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա դա ոչ մի կերպ չի ազդի:
ԱՄՆ-ի պարագայում դա մոտավորապես այն է, ինչ հենց այս օրերին բարձրաձայնում է ամերիկյան քաղաքագիտական միտքը՝ ընդդիմանալով նախագահ Թրամփի՝ հիմա էլ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մտադրությանը:
– Հայաստանում հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ Փաշինյանի կառավարության բարձր լեգիտիմությունը թույլ կտա առավել մեծ արդյունք արձանագրել Արևմուտքի հետ հարաբերություններում՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Ո՞րն է պատճառը, որ այդ ակնկալիքները իրականություն դեռ չեն դարձել։
– Փաշինյանը հրաշալի գիտակ է հակակոռուպցիոն պայքարի հարցերում: Նա լավ գիտի նաև Հայաստանի ժողովրդին: Եվ ի տարբերություն նախկինների՝ սիրում է այդ ժողովրդին: Բայց մեծ մասնագետ չէ միջազգային հարաբերությունների հարցերում:
Եվ Փաշինյանի ամենամեծ բացթողումներից մեկն այս հարցում այն է, որ իր շրջապատում երբեք չեն եղել արտաքին ոլորտի լուրջ գիտակներ: Հիմա էլ այնպես չէ, որ լուրջ պրոֆեսիոնալներով է շրջապատված, որոնք գիտեն, թե ինչ են ասում, տեսնում կամ հայտնում: Արտաքին բլոկը խոցելի է: Փաշինյանի մտադրությունները շատ լավն են, բարի են և ճիշտ, բայց որակյալ խորհուրդներ նա հաստատ չի ստանում:
Չկա ձևավորված արտաքին հայեցակարգ: Գրված փաստաթղթերի քանակն անսպառ է: Եվ դա՝ դեռևս նախկին ռեժիմի տարիներից: ԱԳՆ-ում տասնյակ գրասենյակային մասնագետներ կան, որոնք գեղեցիկ բառերով և դիվանագիտական եզրույթներով խեղդված խելացի թվացող տեքստեր են գրում, բայց որոնք ո՛չ կենսունակ են և ոչ էլ լուրջ գաղափարներ են պարունակում:
Եվ հետո՝ լինել ժողովրդական հուժկու ալիքի վրա իշխանության եկած առաջնորդ՝ հաճախ նշանակում է սեփական զգացողության բնազդին հարկ եղածից ավելի ապավինելու վտանգ: Եվ երբ թիմում չկան գոնե տեղական մակարդակի պրիմակովներ, քիսինջերներ, սմիթներ, գոշեներ (որքան էլ որ բերված անուններից մի քանիսը մեծապես խնդրահարույց անհատներ են՝ խնդրահարույց կենսագրություններով և գաղափարներով), այսինքն՝ քաղաքական, արտաքին գաղափարական համակարգեր դավանող, խոր գիտելիքներ ունեցող և մասնագիտական կարողությունների տեր մարդիկ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կաղալու է:

Բոլորն էլ գիտեն, որ նախկին ռեժիմները ԱԳՆ-ն վաղուց վերածել են տեխնոկրատ-դիվանագետների մի հաստատության, որտեղ շատերը դիվանագիտությունը դիվանագիտական էթիկետի, արարողակարգի և մի քանի բանակցությունների հետ են շփոթում:
ԱԳՆ-ում կան անշուշտ խորքային դեմքեր, բայց նրանք դեռևս շարունակում են այդ հիմնարկի խորքերում մնալ: Նրանք նույնպես դեռևս անտեսված են: Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը պետք է ձևավորեն լուրջ մասնագետները, որոնք կարող են վարչապետին ցույց տալ բացթողումները, հուշումներ անել և ուղղորդել: Այդ ամենն անել՝ օգնելու նպատակով: Նման մարդիկ իշխանությունում այսօր դեռևս չկան:
Անգամ մերձակայքում չկան: Եվ սա հետևանքներ է ունենում: Այստեղից էլ խորքային և մակերեսային բացթողումներն ու սայթաքումները: Փաշինյանը ո՛չ որպես անձ և ո՛չ որպես երկրի ղեկավար, գոնե այս փուլում, պարտավոր չէ լինել բարձր մակարդակի միջազգայնագետ կամ արտաքին հարաբերությունների խորը մասնագետ: Բայց պարտավոր է ունենալ նման պաշտոնյաներ:

Արևմուտքի հետ հարաբերություններում ամենամեծ բացթողումն այն է, որ Հայաստանը ոչ թե իշխանության եզրույթով ասված՝ «ռևերսներ» չարեց (մեծ ռևերսներ անել չէր էլ կարելի), այլ որ ընդհանրապես որևէ լուրջ շարժ չկատարեց: Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին ինչ-որ բաներ փոխելու, հարաբերությունները մերձեցնելու ուղղությամբ:
Ոչ մի լուրջ քայլ: Եթե պետք է հենվեինք այն մտայնության վրա, որ նախ՝ Արևմուտքը պետք է հրճվի Հայաստանի իշխանափոխությունից և միայն ժողովրդավարական երկիր դառնալու պատճառով սկսի մեզ համբույրներ շնորհել, և ապա, որ ինչ էլ անենք՝ զայրացնելու ենք Ռուսաստանին, ապա արտաքին ոլորտով ընդհանրապես կարելի է չզբաղվել: Եվ հետո՝ ինչո՞ւ պետք է զայրացնեինք Ռուսաստանին:
Զայրացնելուն այլընտրանք չկա՞: Իսկ չզբաղվելը նշանակում է մտածել, որ ինքնահոսով մի բան կլինի կամ չի լինի: Ինչ էլ որ լինի՝ լավ է, ինչ որ չլինի՝ էլի լավ է: Կասկածելի մոտեցում է: Հուսանք՝ այդպես չէ: Հուսանք՝ իրավիճակը կշտկվի: Վերջապես այս իշխանության ամենալավ կողմն այն է, որ գոնե մտադրությունները լավն են: Դա է հույսի մեր հիմնական աղբյուրը: