Թեման պետք է տաք պահել բավականին չափավոր կրակով. կա ժամանակից շուտ եռացնելու վտանգ, տարածություն պահելով ոչ թե վերջին, այլ նախավերջին քայլի նկատմամբ

Հայաստանում աշխուժացել են քննարկումները Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցի վերաբերյալ: Այս թեմայի պայմանական մեկնակետ է հնարավոր դիտարկել ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ընթացքում Երևանում հանդիպելով ԵԱՀԿ երկրների դեսպաններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԳՆ-ին հանձնարարել է պատրաստել այդ պայմանագիրը:

Հրադադարից, հետագա քաղաքական իրադարձություններից, Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից անց պայմանագրի մասին որոշակիորեն մոռացվեց, և դրա վերաբերյալ հարցեր տալիս էին միայն լրագրողները ու ստանում պատասխան տարբեր պաշտոնյաներից, որ պայմանագիրը մշակման փուլում է, գործընթացը առկա է:

Ներկայումս վերստին աշխուժացել են դրա վերաբերյալ հարցադրումներն ու քննարկումները՝ տարբեր տեսակետներով: Կա թե՛ ռազմաքաղաքական պայմանագրին կողմ արտահայտվողների շոշափելի շրջանակ, թե՛ դեմ արտահայտվող շրջանակներ, որոնք համարում են, որ դա փաստացի նշանակում է Արցախի ճանաչում, ինչն էլ իր հերթին կսրի իրավիճակը, այսպես ասած, կարգավորման գործընթացում:

Իսկ այդ գործընթացում ներկայումս հարաբերական անդորր է, բարենպաստ տպավորություն թողնող մի իրավիճակ, ինչը միաժամանակ գնահատվում է նաև դիրքային պայքար և նախապատրաստում ավելի ագրեսիվ քայլերի, մասնավորապես՝ Ադրբեջանից:

Այդ ռիսկի գնահատումը կա թերևս նաև համանախագահների մոտ, ինչի վկայությունն է այն, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը անցնող օրերին արեցին որոշակի հայտարարություններ ու ակնարկներ, որ պետք է բացառել ուժի կիրառումը:

Մյուս կողմից՝ եթե Հայաստանը ռազմաքաղաքական պայմանագիր կնքի Արցախի հետ, որը դե ֆակտո Արցախի անկախության ճանաչում է, Ադրբեջանին կտա Հայաստանին ապակառուցողականության համար մեղադրելու առիթ և լեգիտիմ ագրեսիայի հնարավորություն: Ըստ այդմ՝ քիչ հավանական է, որ Երևանը պաշտոնապես դրական արտահայտվի այս պահին ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու հարցին:

Հատկանշական է, որ դրա անհրաժեշտությունն այս պահին չէր տեսել նոր խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի դիրքորոշումը պետք է դիտարկել պաշտոնական Երևանի ընդհանուր համատեքստում:

Այդ գիծը գործնականում պահպանվում է ապրիլյան քառօրյայից ի վեր, թերևս վերը նշված՝ ապակառուցողականության համար մեղադրանքի առիթ չտալու համար, քանի դեռ «կառուցողական» կպահի իրեն Բաքուն:

Մյուս կողմից՝ այստեղ առանցքային հարցը ռազմավարությունն է, խնդրին հայեցակարգային մոտեցումը: Տակտիկապես ներկայիս աննպատակահարմարությունը հասկանալի է, իսկ ի՞նչ պատկերացումներ և քայլեր կան ծրագրված ռազմավարական առումով՝ այս կամ այն սցենարի դեպքում:

Երևանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախի անկախությունը կճանաչի, եթե Ադրբեջանը գնա պատերազմի: Ապրիլյան քառօրյայում այդ ճանաչումը չեղավ, թեև իշխանությունը դա գնահատեց ագրեսիա և պատերազմ Արցախի դեմ:

Չբավարարե՞ց Սերժ Սարգսյանի կամքն ու համարձակությունը, թե՞ նա առաջնորդվում էր սեփական իշխանական անհրաժեշտություններով պայմանավորված ռազմավարությամբ և ըստ այդմ՝ նպատակահարմար չգտավ գնալու սուր քայլերի՝ բավարարվելով ռազմաքաղաքական պայմանագիր մշակելու, այսպես ասած, հանձնարարության մասին բարձրաձայնելով:

Սխալվե՞ց Երևանը, բա՞ց թողեց առիթը, թե՞ ոչ՝ սա իհարկե բավական քննարկումներ պահանջող հարց է: Ներկայումս ավելի կարևոր է ապահովագրվել վրիպումներից կամ սխալներից ապագայի համար:

Այդ համատեքստում, սակայն, հետաքրքիր է, որ ներկայիս փուլում աշխուժացել են խոսակցությունները Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտության շուրջ:

Տակտիկապես նպատակահարմար չէ, որ պաշտոնական Երևանը գնա այդ քայլին, բայց մյուս կողմից՝ նույն տակտիկական նկատառումներից ելնելով արժեքավոր է, որ հայաստանյան և արցախյան հասարակական-քաղաքական շրջանակներում հարցը գտնվում է քննարկումների, դիտարկումների, նույնիսկ որոշակիորեն քաղաքական բանաձևերի փուլում՝ նկատի առնելով ՀՅԴ Ընդհանուր ժողովի հայտարարությունը:

Դա զուգահեռ խաղաքարտ է, որը հայաստանյան քաղաքականության համատեքստում կարող է բավականին նշանակալի դեր ունենալ ընդհանուր գործընթացի վրա ազդեցության իմաստով:

Թեև այստեղ, իհարկե, թեման պետք է տաք պահել բավականին չափավոր կրակով, քանի որ կա ժամանակից շուտ եռացնելու վտանգ, տարածություն պահելով ոչ թե վերջին, այլ նախավերջին քայլի նկատմամբ:

1in.am

(Visited 20 times, 1 visits today)