Աբովյանում զինված միջադեպին, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդուց բացի, ներգրավված է նաև Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվերը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին, ԱԺ նախկին պատգամավոր՝ «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի որդուց ու նրա հարազատներից բացի, ներգրավված է նաև ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Լեզվակռիվն ու վիճաբանությունը սկսվել են Աբովյան քաղաքում գտնվող վուլկանիզացման կետում, որը նախկինում պատկանում էր Գագիկ Ծառուկյանի սանիկ՝ «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանին։

Նրանց հարաբերությունները սրվելուց հետո վուլկանիզացման կետը «Պալաչից» խլվել էր, ու այն աշխատեցնում էր Բարեց Վահան անունով անձը։ Միջադեպի օրը «Շշի Մելոյի» որդին՝ Շանթ Մանուկյանը, որը ներկայումս ձերբակալված է, իր գնած նոր մեքենայի անիվների հետ կապված խնդրով մեքենան տանում է այդ վուլկանիզացիան։

Տեղում ինչ-ինչ պատճառով լեզվակռիվ է սկսվում։ Լեզվակռվի մասնակիցները կատարվածը փոխանցում են Նվեր Ծառուկյանին. պատմել են, որ վուլկանիզացիայում կռիվ է եղել։

Վերջինս էլ նրանց նորից ուղարկում է՝ հասկանալու միջադեպի պատճառները և պարզելու հարաբերությունները։ Հարաբերություններ պարզելը շարունակվել է արդեն «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ էլ հնչել են կրակոցները։

Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ծառուկյանի որդին եղել է «Պարտեզ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող գինետանը նստած։

Նույն տեղեկություններով՝ երեկ Նվեր Ծառուկյանը մի քանի ժամ շարունակ բացատրություն է տվել, սակայն նրան չեն ձերբակալել։

Այս գործով արդեն 3 ձերբակալված անձ կա։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, ահազանգ էր ստացվել հրազենային վնասվածքներով մի քանի երիտասարդի՝ «Աբովյան» Բ/Կ տեղափոխվելու մասին, որոնցից մեկը եղել է մահացած։

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդները հրազենային վնասվածքները ստացել են նույն միջադեպի ժամանակ։ Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել է հրազեն։

Սպանվածը Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանն է: Միջադեպի մասնակիցներից մի քանիսը «Շշի Մելո» մականվամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի հարազատներն են, նրանց թվում է եղել նաև նրա քրոջ որդին, իսկ սպանված երիտասարդը նրանց ընկերն է եղել:

Կրակոցների հետևանքով 7 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանություն, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի (սպանության փորձ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը) և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ):

1in.am

(Visited 56 times, 1 visits today)