Եթե Բաքվի բռնապետական վարչակարգն ինքնավարության առաջարկով հանդես գա թալիշների առջև, կարող ենք ստանձնել միջնորդական առաքելություն բանակցություններ անցկացնելու հարցով․Վարդան Ոսկանյան

Մոտավորապես 10-12 տարի առաջ ադրբեջանական ֆորումներում «պարտիզանություն» անող հայերս Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից Արցախի համար առաջարկվող «ամենալայն ինքնավարություն» եզրույթն իսկ դարձրել էինք ծաղրի առարկա՝ թե՛ այն և թե՛ դրա տակ մատուցվող «գաղափարն», ըստ էության, վերածելով համացանցային երգիծական ժանրի։

Հիմա իրավիճակը մի փոքր այլ է, որովհետև սեփական ժողովրդի համար այդպիսի ինքնավարության պահանջ նույն Բաքվի բռնապետական վարչակարգի առջև դնում է թալիշական քաղաքական շարժման մի խոշոր հատվածը՝ համարելով, որ նման պահանջը նախ՝ միջազգային իրավունքի սահմաններում ունի լիովին օրինական և իրատեսական հիմքեր՝ ի դեմս Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետության օրինական իշխանության մարմինների 1993թ․ ընդունած որոշումների և երկրորդը՝ ինքնավարությունը միջանկյալ փուլ է մինչև Թալիշստանի լիակատար անկախության հռչակումը։

Կարծում եմ՝ այս համատեքստում վերջերս հերթական անգամ Բաքվից ասպարեզ նետված Արցախի համար «ամենալայն ինքնավարության» առաջարկը մեր կողմից նաև պաշտոնապես կարող է վերաձևակերպվել որպես Թալիշստանի համար ամենալայն ինքնավարության հեռանկար, ինչը ենթադրում է, որ եթե Բաքվի բռնապետական վարչակարգն անկեղծ է այս խոստման մեջ, ապա պետք է նման ինքնավարության առաջարկով հանդես գա թալիշների առջև, իսկ մենք կողմերի միջև բանակցություններ անցկացնելու հարցով կարող ենք ստանձնել միջնորդական առաքելություն։

blognews.am

(Visited 33 times, 1 visits today)