Դիմում եմ ներկայիս գործադիր մարմնին, ուժային կառույցներին՝ արագացնել Մարտի 1-ի գործի քննությունը և չբավարարվել միայն Ռոբերտ Քոչարյանով

«Շարմազանովի հայտարարությունը որևէ հիմք, որևէ հիմնավորում չունի։ Շարմազանովի այդ հայտարարությունը տգիտության հետևանք է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Մարտի 1-ի պատասխանատուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է.

«Մարտի 1-ի հետ կապված իմ կարծիքը չի փոխվել. Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, որը այդ օրերին սերմանել է Հայաստանում ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ»։

«Բոլորը հիշում են, երբ նախկին ռեժիմին, ռեժիմի ղեկավարներին, Հանրապետական կուսակցությունը, հիշում են, թե ինչպես նրանց իշխանությունը գնդակահարեց անմեղ մարդկանց, երբ 2008-ի մարտի 1-ին այդ հանցավոր ոհմակը հարձակվեց անմեղ ժողովրդի վրա։

Փոխանակ մեղադրեն դրա իրականացնողներին, հիմա փորձում են նոր մեղավորներ փնտրել»,- նկատեց Մարգարյանը՝ հավելելով, որ այդպիսով նախկին իշխանությունը փորձում է մաքրել իրեն, իր մեղքի բաժինը։ Իսկ դա անում են, քանի որ դեռ ազատության մեջ են։

«Պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժերը պատասխանատվության չեն ենթարկել Մարտի 1-ի իրական մեղավորներին, պատասխանատուներին։ Դրա համար նրանք շանս են ստացել փնտրել ու մտացածին մեղավորներ գտնել։

Ժամանակն է պատասխան տալու։ Այս գործն ուշանում է։ Ես դիմում եմ ներկայիս գործադիր մարմնին, նրա ղեկավարին, ուժային կառույցներին՝ արագացնել Մարտի 1-ի գործի քննությունը և չբավարարվել միայն Ռոբերտ Քոչարյանով։

Այս գործում տասնյակ այլ չարագործներ կան, որոնք իրականացրել են սպանդը և այդ սպանդի համար դեռ ոչ ոք պատասխան չի տվել։ Դրա համար էլ հիմա փորձում են մեղավորներ փնտրել, տալ առաջին նախագահի անունը։ Սա անընդունելի է»,- ընդգծեց Մարգարյանը։

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանն էլ է Շարմազանովի այս հայտարարությունը դիտում որպես անհիմն, պաշտպանվելու անընդունելի ու անհաջող փորձ։ «Իսկ կարելի է իմանալ, թե ով է այդ մտքի գոհարների հեղինակը։ Նա մեկն է, ում կենսագրությունը սկսվում և ավարտվում է ՀՀԿ-ում։ Ով է Շարմազանովը։

Մի փնտրեք նրա կենսագրությունը՝ ՀՀԿ խոսափող, որը միշտ փորձել է քողարկել նրանց առանձնապես ծանր հանցագործությունները։ Նրանք արյան ու դիակների վրայով եկել են իշխանության ու հիմա փորձում են պաշտպանել իրենց իշխանության մեղքերը։

Փաստացի ապացուցվել է, որ բանակը հանվել է ժողովրդի դեմ, սահմանադրական կարգ է տապալվել նրանց կողմից։ Դրա համար ես չեմ ցանկանում ժամանակ ծախսել ու այդ անբովանդակ հայտարարությունները մեկնաբանել։ Պաշտպանվելուն էլ ձև կա։

Թող այդ թալանած փողերով փաստաբաններ վարձեն ու սպասեն, թե իրենց հերթը երբ է գալիս։ Երկու կողմ կա՝ դահիճ և զոհ, իսկ հիմա իրենք փորձում են մեղքը գցել զոհի վրա։ Սա աբսուրդ է։ Բոլորն են տեսել, թե մարտի 1-ին ինչ է եղել։ Հիմա էդ բարբաջանքներով հնարավոր չի մարդկանց մոտ այլ կարծիք ձևավորել։

Շարմազանովների ասածները պետք է դիտարկել որպես վայրահաչություն, կամ ձայն բարբառո անապատի, որին ոչ լսող կա, ոչ էլ բանի տեղ դնող»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։

Րաֆֆին ասում է, որ ինքնախաբեություն. դա շատ մի հասարակ բառ է, բայց նրա մեջ թաքնված են մարդու բոլոր թշվառությունները։ Սա վերաբերում է նաև Շարմազանովին, որը նույնպես զբաղվում է ինքնախաբեությամբ։

1in.am

(Visited 208 times, 1 visits today)