Փաշինյանի խնդիրները, դժվարությունները Հայաստանի ներսում գնալով ավելանալու են. Հայաստանում ներքին կոնֆլիկտի մեծ վտանգ կա. Սա է գլխավոր վտանգը. Կռիլով

Ինչո՞վ է պայմանավորված Երևանի և Բաքվի միջև Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումների ակտիվացումը վերջին շրջանում։ Ունի՞ արդյոք այս պրոցեսը մեկ ընդհանուր տրամաբանություն և վերջնանպատակ՝ նախադրյալներ ստեղծելու հիմնախնդրի կարգավորման համար և հաջողության դեպքում անցնելու խաղաղության պայմանագրի մշակմանը, թե՞ այս հանդիպումների նպատակը միայն ընդհանուր ռազմական լարվածության աճը թույլ չտալն է ու կողմերի ու մասնավորապես՝ Հայաստանի նոր ղեկավարի ու Ադրբեջանի նախագահի միջև դրական երկխոսություն ձևավորելը, հարաբերություններ հաստատելը։ Ինֆորմացիայի պակասի ու պաշտոնական Երևանի անհասկանալի գաղտնապահության պայմաններում այս հարցերը շարունակում են օդում կախված մնալ։

Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո մինչ օրս հստակ պարզաբանում չի տրվել՝ ի՞նչ է ընդհանրապես նշանակում «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»։ Ի՞նչ ենթատեքստ ունի այս բանաձևը, դա կոնկրետ ծրագի՞ր է։

Եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ քայլեր է այն ենթադրում։ Եվ ընդհանրապես՝ ինչո՞ւ է պաշտոնական Երևանը նման հանձնառություն ստանձնում, եթե Ադրբեջանը շարունակում է մնալ իր առավելապաշտական դիրքերում՝ դրա մասին հայտնելով հրապարակայնորեն։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երկարատև լռությունից հետո վերջապես խոսել է այս հարցերի շուրջ՝ բացատրելով, որ ըստ էության խոսքը ոչ թե ինչ-որ կոնկրետ ծրագրի մասին է, այլ «խաղաղությանը նպաստող միջավայրի» ձևավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ սկզբունքային համաձայնության։

«Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»

Հայկական բանակի կազմավորման օրը՝ հունվարի 28-ին, հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվել է Եռաբլուրում զրուցելարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ մեկնաբանություն խնդրելով ընդհանուր բանակցային պրոցեսի, Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ վերջին հանդիպման, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» բանաձևի, բանակցային պրոցեսին Արցախի մասնակցության և մի քանի այլ կարևոր հարցերի վերաբերյալ, բայց արտգործնախարարը չի հստակեցրել՝ «խաղաղության նախապատրաստելու» դրույթի տակ ինչ-որ կոնկրետ ծրագի՞ր է ընկած, թե՞ դա ընդամենն ինչ-որ ընդհանրական, ոչինչ չպարտավորեցնող դրույթ է։

Մնացականյանն ասել է, թե դա «մեզ համար նորություն չէ, մենք  միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր»։ Այսինքն՝ խոսքն այն մասին է, որ հարկավոր է խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծել և հրաժարվել միմյանց նկատմամբ թշնամություն սերմանելուց, առավել ևս՝ ռազմական լարվածությունը մեծացնելուց։ Այս առումով հայկական կողմը ուշադրություն է դարձնում բոլոր այն հանգամանքներին, որոնք վերաբերում են «խաղաղությանը նպաստող միջավայրին»։

Լրագրողներն ամեն կերպ փորձում էին հասկանալ՝ ի՞նչ պայմաններով է քննարկվում այդ «խաղաղությունը», դրա տակ կա՞ն ինչ-որ էլեմենտներ։ Բայց արտգործնախարարը, կարելի է ասել, լղոզված ու դիվանագիտական պատասխաններ էր տալիս, թե՝ «մենք բազմիցս ընդգծել ենք այն բոլոր հիմնական սկզբունքները, որոնք վերաբերում են (հիմնախնդրի) բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բացառապես խաղաղ բանակցություններով և բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», և այս առումով կարևոր է, որ ստեղծվի «խաղաղությանը նպաստող միջավայր»։

Բայց պարզ չէ՝ կոնկրետ ի՞նչ գործողություններ են պատրաստվում իրականացնել կողմերը «խաղաղությանը նախապատրաստվելու» համար։ Ըստ ամենայնի՝ սա ընդամենը երկկողմ ընդունված սկզբունք է։ Մնացականյանը հղում է արել  նախկինում արված հայտարարություններին, թե՝ «անցած տարիների ընթացքում մի քանի անգամ է նման բան ասվել»։

«Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելուն՝ այստեղ կան տարբեր գործառույթներ։ Ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք ունենք հստակ ձևավորված բանաձևեր, թե ինչպես դա իրականացնել: Բայց այն, որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, դա միանշանակ է»,- ասել է ԱԳ նախարարը։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այս ճեպազրույցից ամենաշատը քննարկվեց իր այն հայտարարությունը, որ խաղաղությանը այլընտրանք չկա, որովհետև «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։

«Խաղաղության այլընտրանքն ի՞նչ է»,- հարց է ուղղել Մնացականյանը լրագրողին և, ստանալով պատասխան, որ 20 տարի է՝ ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, ասել է, որ «մենք շարունակաբար աշխատելու ենք այս հարցի վրա, պահպանելու ենք խաղաղությունը, խաղաղ գործընթացը»։

Բայց նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խաղաղության համար աշխատելը չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։

«Մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի»,- հայտարարել է Մնացականյանը։

Արտգործնախարարն այս համատեքստում մի բան է հստակ նշել, որ Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը Հայաստանի համար մնում են ամենագերակա խնդիրները բանակցային պրոցեսում։

Փաշինյանի մեկնաբանությունը

Մինչ այդ՝ հունվարի 25-ին, Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի՝ բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հետ կապված հարցին անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինքը չի կարող բանակցային գործընթացում ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ մի պարզ պատճառով՝ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի համապետական ընտրություններին և չեն ընտրել իրեն որպես վարչապետ, այլ ընտրում են իրենց նախագահին և ձևավորում են իշխանության իրենց մարմինները։ Այդ պատճառով ինքը բանակցություններում կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետությունը։

Պրակտիկ հարց է

Վարչապետի այս հայտարարության համատեքստում տրված հարցին, թե որքանո՞վ է ռեալ Արցախի վերադարձը բանակցություններին՝ որպես լիիրավ կողմ, արտգործնախարար Մնացականյանը պատասխանել է, թե հարցն այն չէ, թե որքանով է սա իրատեսական կամ որքանով իրատեսական չէ։

Մնացականյանի միտքն այն էր, որ Արցախի իշխանությունների մասնակցությունը Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին «պրակտիկ հարց է» հայկական կողմի համար, և իրենք շարունակաբար այդ հարցը առաջ են բերում, բայց խնդիրն այն է, որ 20 տարվա ընթացքում ձևավորված բանակցային ձևաչափը փոխելը շատ դժվար է։

«ՀՀ վարչապետը, որպես Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, ներկայացնում է մեր դիրքորոշումները։ Լեռնային Ղարաբաղը, որպես քաղաքական միավոր, ունի իր ժողովրդի կողմից ընտրված իշխանության բոլոր մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում այդ հասարակության առջև։ Սա պրակտիկ հարց է, և մենք շարունակաբար այս հարցը բերում ենք առաջ։ Սա չի նշանակում, որ մենք փախչում ենք մեր պատասխանատվությունից և բանակցություններին չենք նստում։

Բայց սա չի նշանակում, որ 20 տարվա ընթացքում ձևավորված մի ձևաչափ անմիջապես փոխվում է, բոլորը պայմանավորվում են, բոլորը համաձայնեցին, և հարցը այդպես լուծվեց»,- ասել է արտգործնախարարը։

https://aparaj.am/wp-content/uploads/2015/10/krylov2010.png

Փաշինյանը մեծ ցանկության դեպքում նույնիսկ չի կարող «հանձնել Ղարաբաղը»

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը ևս բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումն ու Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցային պրոցեսին համարում է բավական բարդ խնդիր։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետը նշեց. «Կարծում եմ՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը երկկողմ դարձնելու հայկական կողմի նախաձեռնությունը շատ կոպիտ սխալ էր։ Հիմա այդ սխալն ուղղելը շատ դժվար է։ Ուստի կա որոշակի տրամաբանություն Փաշինյանի այն հայտարարության մեջ, որ Լեռնային Ղարաբաղը առանձին պետություն է, և հենց այդ պատճառով Հայաստանը չի կարող ապահովել նրա կապիտուլյացիան։ Եվ ակնհայտ է այն, որ ցանկացած բանակցություն պետք է իրականացվի Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասնակցությամբ և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շահերը»։

Похожее изображение

Ինչ վերաբերում է ընթացող բանակցություններին և մասնավորապես Փաշինյանի ու Ալիևի շփումներին՝ Կռիլովն այստեղ որևէ արտառոց կամ տարօրինակ բան չի տեսնում և կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պարզապես չեն կարող չհանդիպել։ Այս հանդիպումների արդյունքը, մեր զրուցակցի խոսքերով, հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության զգալի նվազումն է։ Եվ Կռիլովը չի կարծում, թե այս գործընթացում ինչ-որ «դավադրություն» կա, կամ «գործը գնում է դեպի ազգային դավաճանություն»։

«Այնուամենայնիվ, սա որոշակի ձեռքբերում է, քանի որ զոհերի թիվը սահմանին էապես նվազել է։ Ուստի կարծում եմ՝ ճիշտ չէ գործընթացը ներկայացնել այնպես, թե գործը գնում է դեպի ազգային դավաճանություն։ Ներկայիս իշխանությունը, որն այն ժամանակ ընդդիմություն էր, ժամանակին նույն բանի համար մեղադրում էր Սերժ Սարգսյանին։ Ուստի սա ընդդիմությանը շատ բնորոշ հնարք է, երբ նա մեղադրում է գործող իշխանությանը մի բանում, որը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրի ողջ բնակչության համար։ Գործնականում անիրագործելի ծրագիր է պատկերացնել, թե նման հանդիպումների արդյունքում Նիկոլ Փաշինյանին կհաջողվի հանգիստ «հանձնել» Ղարաբաղը։

Ուստի սա սովորական երկխոսություն է երկու երկրների առաջնորդների միջև։ Այն իր ձևաչափով հրապարակային չէ, բայց այս գործընթացում ինչ-որ ինտրիգ տեսնելը մեծ չափազանցություն է։ Սկզբունքային կարևորության որևէ բան տեղի չի ունենում, քանի որ իրավիճակն առայժմ չի փոխվել։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանն առայժմ հրաժարվել է շփման գծում հայկական կողմի վրա ռազմական ճնշում գործադրելուց։ Հավանաբար նրանք կարծում են, թե ներքաղաքական անկայունությունը Հայաստանում կարող է սրվել, և սպասում են իրավիճակի՝ իրենց համար բարենպաստ զարգացմանը։

Եվ ակնհայտ է, որ Փաշինյանի խնդիրները, դժվարությունները Հայաստանի ներսում գնալով ավելանալու են։ Հայաստանում ներքին կոնֆլիկտի մեծ վտանգ կա։ Սա է գլխավոր վտանգը, ոչ թե Ղարաբաղի հետ կապված այն ենթադրյալ կապիտուլյացիան, որը Փաշինյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող իրականացնել», – մեկնաբանեց քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

Картинки по запросу Ալեքսանդր Կռիլով

Ադրբեջանը մեզ խաղաղությո՞ւն է առաջարկել

Անշուշտ, շատ կարևոր է և ուրախալի, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թեկուզև ուշացումով, բայց այնուամենայնիվ արձագանքեց իր ադրբեջանցի գործընկերոջ կողմից Բաքվի առավելապաշտական ու անզիջում դիրքորոշման վերահաստատմանը՝ ընդգծելով, որ բոլոր դեպքերում Արցախի կարգավիճակի և անվտանգության հարցերը շարունակում են մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունները բանակցային պրոցեսում։ Այդուհանդերձ, թեև նախարարն ասում է, որ խաղաղության ուղղությամբ աշխատելը չի նշանակում, որ հայկական կողմը կորցրել է իր «վճռականությունը», այդուհանդերձ այդքան էլ պարզ չէ, թե կոնկրետ ո՞ր խաղաղության մասին է նա խոսում։

Այն հարաբերական ու փխրուն խաղաղությա՞ն, որը հիմնված է Ադրբեջանի ղեկավարության հետ վերջին ամիսներին ձեռք բերված բանավոր ու որևէ կերպ չփաստաթղթավորված, որևէ մեխանիզմով չապահովագրված պայմանավորվածությունների վրա։ Եվ ինչո՞ւ է արցախահայության ու Հայաստանի հանդեպ ֆաշիստական ու ահաբեկչական քաղաքականություն իրականացրած ու մշտապես ռազմատենչ հայտարարություններով աչքի ընկած, մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսող Ադրբեջանը նման մեծահոգություն արել մեզ և ի՞նչ զիջումների դիմաց։ Խոսքն այստեղ տարածքային կամ նմանատիպ զիջումների մասին չէ, այլ բանակցային պրոցեսում հայկական կողմի մոտեցումների, սկզբունքային դիրքորոշումների, օրինակ՝ շփման գծում այդ նույն «խաղաղությանը նպաստող միջավայրի» ձևավորման համար կարևորագույն նշանակություն ունեցող վերահսկիչ ու հետաքննող մեխանիզմների ներդրման մասին, որ այդպես էլ մնաց թղթի վրա։

Կամ ինչո՞ւ է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծում, թե մեր հասարակությունը «ընկճված է» կամ դեմ է խաղաղությանը, դրա համար էլ մեզ բացատրում է, թե «խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»։ Իսկ ե՞րբ է Ադրբեջանը մեզ իրական խաղաղություն առաջարկել՝ սկզբունքորեն ընդունելով իր կողմից զիջումների գնալու և մասնավորապես Արցախի հայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու հնարավորությունը, որ մենք էլ հրաժարվել ենք։

Մենք լսել ենք միայն Ադրբեջանի ղեկավարության հայտնի դիրքորոշումները, որ Բաքուն երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի կամ Հայաստանին միանալու հետ ու պատրաստ է առավելագույնը «բարձր ինքնակառավարման իրավունք» տալ արցախահայությանը՝ Ադրբեջանի սահմանների շրջանակում։ Գուցե ադրբեջանական կողմն ա՞յլ բան է ասում արտգործնախարար Մնացականյանին կամ վարչապետ Փաշինյանին փակ բանակցությունների, քննարկումների, զրույցների ժամանակ։

1in.am

(Visited 41 times, 1 visits today)