Կրճատվող պետական կառույցների ցանկում է հայտնվել ՝ ժողովրդի լեզվով հայտնի՝ սոցապֆոնդը․Կկրճատվեն 623 աշխատակիցներ

Կառավարությունում կրճատվող պետական կառույցների ցանկում է հայտնվել Սոցիալական պետական ապահովության ծառայությունը (ՍԱՊԾ)՝ ժողովրդին իրենց լեզվով հայտնի՝ սոցապֆոնդը: Զոհասեղանին Երևանի փոքր կենտրոնում՝ Սախարովի հրապարակում գտնվող 4 հարկանի  շենքային պայմաններն են ու տարեկան 2 մլրդ դրամի հասնող աշխատավարձի բյուջեի կրճատումը:

Կարճ ժամանակում շահագրգիռ կողմերը կառավարությունում հասցրել են նույնիսկ մի քանի քննարկում ծավալել:  Եվ հետաքրքրականն այն է, որ անձնակազմերի, ֆինանսների կրճատմանը միտված քննարկմանը հարկ չեն համարել հրավիրել նույն ՍԱՊԾ-ից որևէ ներկայացուցչի՝ թեկուզ միայն «դլյա գալոչկի»:

Կառավարությունն իր այս հավակնությունները մոտիվացնում է  միայն մի բանով՝ ռեսուրսների օպտիմալ կառավարում: Պատճառաբանությունն էլ այն է, թե երկրի ամենամեծ գործատուն՝ կառավարությունը,  իրավունք չունի այսքան կադրեր ու պետական աշխատավարձեր բաշխել: Գործադիրի՝ օպտիմալացման տակ քողարկված անգամ  «փող մուրալու»  նպատակը  լրիվ ընկալելի  կլիներ, եթե իրականում աշխատավարձեր տալ չկարողանալուն զուգահեռ՝ նույն խնայողությանը գնար վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  օրինակ՝ պետական համակարգում միլիոնավոր պարգևավճարներ  թույլ չտալով և հետո դրանք չարդարացնելով,  Բանակի օրվան նվիրված պետական միջոցառման համար Օպերայի և բալետի շենքի փոխարեն՝ մասնավոր տարածքի վարձակալություն չպատվիրելով, չինովնիկներին սպասարկող անձնակազմի,  ամենագնացների պահպանման ծախսերի, վարորդների կրճատմանը գնալով, և այլն:

Բայց երբ խոսում են կադրերի  ուռճացման մասին, պետական ռեսուրսների նպատակային ծախսի  մասին՝ այս ամենի ֆոնին, մեղմ ասած՝ դժվար է հասկանալ: Նշենք, որ ՍԱՊԾ-ն լուծարելու և թվով 623 աշխատակիցների գործառույթները նախարարության նույնանուն  վարչությունների վրա վերաբաշխելու պատկերացումները դեռևս միայն Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանն է լիարժեք պատկերացնում ու երևի այն պատճառով, որ քրոջ՝ Կարինե Բրուտյանի համար, այդպես էլ չհաջողեց ՍԱՊԾ ֆինանսների վարչության պետի պաշտոնից դեպի ծառայության պետ առաջխաղացում ապահովել:

Ի դեպ, հենց Բրուտյանն է նաև թղթին հանձնել այս կառույցը լուծարելու կառուցվածքային փոփոխության նախագիծը, որին անվերապահորեն կտրականապես դեմ է արտահայտվել ՍԱՊԾ աշխատակազմը:

168.am-ն առաջիկայում կներկայացնի կառավարության օպտիմալացման ծրագիրը, դրա տակ թաքնված նպատակն ու հնարավոր հետևանքները, որ կարող է սպառնալ սոցծառայություն սպասարկվող շուրջ կես միլիոն շահառուներին:

168.am

(Visited 33 times, 1 visits today)