Ցավ եմ ապրում դրա համար. ինքն իսկապես հերոս է և բարոյական իրավունք չունի գովերգելու հանցագործներին. Իսկ Քոչարյանը բերեց միայն սաբոտաժ և երկպառակություն

Մեր  զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

Պարոն Բադասյան, Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը ծիծաղելի է։ Նա, ըստ էության, դրանով աջակցություն է  հայտնում Ռոբերտ Քոչարյանի՞ն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

Ես կարծում եմ՝ եթե նույնիսկ Քոչարյանին սխալ են դատում, ընդհանրապես նրան զորակցություն հայտնել չարժե։ Ռուսներն ասում են՝ կա ինչի համար ծեծել, այսինքն` կա մի բան, որի համար կարելի է նրան ծեծել։

Քոչարյանի օրոք մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, ունեցել ենք անօրեն դատվածներ, ունեցել ենք սպանություններ։ Քոչարյանին ընդհանրապես չի կարելի որևէ հարցում պաշտպանել։ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են 1991 թվականից, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։

Եթե ասածս հասնի Քոչարյանին, ինքն էլ գիտի՝ ինչ եմ ասում։ Ինձ համար հատկապես զայրացուցիչ է վերջերս Քոչարյանի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում, որին մասնակցել են մի շարք անձինք, անունները չտամ, որոնք բոլորը ժամանակին եղել են կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ նրա զինակիցների հանցակիցները։

Եթե որևէ մեկը գա իմ դիմաց կանգնի ու ասի՝ այդպես չէ, ես նրանց մեկ առ մեկ կապացուցեմ ասածս, ճակառ առ ճակատ։ Նրանք հիմա մնում են Ռոբերտ Քոչարյանի հանցակից շարունակությունը, և հիմա նրանցից շատերը վախենում են, որ իրենց կենսագրությունից երևան կգա այն ամենը, ինչ իրենց կյանքի ընթացքում արել են։

Ես ցավում եմ, որ Վիտալի Բալասանյանը ժամանակին լինելով ազնիվ զինվորական, վերջին տարիներին վերածվել է իշխանությունների կցորդի և նրանց հանցագործությունների երգողն է դարձել։

Ցավ եմ ապրում դրա համար, քանի որ ինքն իսկապես հերոս է և բարոյական իրավունք չունի գովերգելու հանցագործներին։ Ես ցավում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գրածը տեղ է գտել մեր հանրության մեջ։

Հատկապես ինձ համար շատ ցավոտ է, որտեղ ինքը Արթուր Մկրտչյանին ստախոս է անվանում և հայտարարում, որ նա եղել է թանգարանի տնօրեն, որի ղեկավարության տակ աշխատել են երկու հոգի։ Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, այդպես կասի, որովհետև Արթուր Մկրտչյանը եղել է այնպիսի լիդեր, որ ստացել է այն ժամանակ ոչ միայն իր թիմակիցների ձայնը, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ձայնը փակ քվեարկության ժամանակ։

Նա վառված է Արթուր Մկրտչյանից, որովհետև Արցախում դեռ մինչև հիմա միայն Արթուր Մկրտչյանն էր լեգիտիմ, ընտրված նախագահ, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ ոչ Արցախում, ոչ Հայաստանում ոչ մի անգամ լեգիտիմ չի ընտրվել։

Նա այդպես կասի, որովհետև Արթուր Մկրտչյանը մաքուր քաղաքականության և իրական ազգային ազատագրության ու հայրենիքի պաշտպանության խորհրդանիշ էր։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը բերեց միայն սաբոտաժ և երկպառակություն։

Ես հենց այնպես չեմ սա ասում, ես այս ամենի ժամանակակիցն եմ, ականատեսն եմ եղել։ Ես դատապարտում եմ Ռոբերտ Քոչարյանի հասցեին պաշտպանական որևէ խոսք՝ ում կողմից ուզում է լինի։

Միաժամանակ, ես կոչ եմ անում ՀՀ արդարադատության մարմիններին Ռոբերտ Քոչարյանին դատել իրական հանցագործությունների շրջանակում։ Ես հիմա չեմ ուզում թվարկել այդ հանցագործությունները, որ նա արել է։

Похожее изображение

Բայց որպեսզի վիտալիբալասանյանները կամ ուրիշները չերգեն նրա անմեղության մասին, կոչ կանեմ նաև ՀՀ կառավարությանը, որպեսզի հետամուտ լինեն, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը ընդլայնվի և նա դատվի ոչ միայն «Մարտի 1»-ի դեպքերի համար։

Բացի դրանից, ես կոչ կանեի, որ թեկուզ «մարտի 1»-ը օբյեկտիվ քննվեր։ Ես զարմանում եմ, թե ինչու այդ գործով չեն հարցաքննվում Արցախի այն անձինք, որոնք մասնակից են եղել զինվորական հագուստով, բայց իրենք զինվորական չեն եղել։

Ով է նրանց հագցրել զինվորական հագուստ, ով է նրանց ուսադիրներին դրել աստղերը, նրանց դարձրել բարձրաստիճան սպաներ, այնինչ նրանք փողոցային խաժամուժ էին։ Ովքեր են նրանց տարել, ինչ դերակատարություն են նրանք ունեցել, ինչ զենք են նրանք կրել։

Դուք ո՞ւմ նկատի ունեք։

Ես ասել եմ, որ այլևս անուններ չեմ տալու։ Եթե դատախազությանը հետաքրքրում է, թող ինձ հրավիրեն։ Ես հիմա պատասխանատու հայտարարում եմ, որ իմ ասածը հանցագործության մասին հաղորդում է։ Եթե քրեական գործի շրջանակներում ինձ չեն հարցաքննում որպես վկայի, ուրեմն «Մարտի 1»-ի գործը մանիպուլյացիա ու աչքակապոցի է։

lragir.am

(Visited 440 times, 1 visits today)