Բաց նամակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ Հասմիկ Ադամյանից. aravot.am

Օրերս  hraparak.am կայքում հրապարակվել էր բաց նամակ՝ ուղղված ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Նա այս բաց նամակին ի պատասխան տվել էր պարզաբանում:

Այսօր «Առավոտը» ստացել է նախորդ բաց նամակի հեղինակ Հասմիկ Ադամյանի նոր նամակը՝ ուղղված ՊԵԿ նախագահին: Այն հրապարակում ենք ամբողջությամբ:

Բարև Ձեզ, պարոն Անանյան, այդ բաց նամակ գրող անձը ես եմ և պատրաստ եմ գալ հանդիպել և մատնանշել բոլոր այն փաստարկները, որ բերել եմ բաց նամակում հատ առ հատ, բացահայտել ծանոթ-բարեկամ, փոխկապակցված անձ լինելու հանգամանքները, միայն խնդրում եմ՝ ասեք, թե երբ է Ձեզ հարմար, որ ժամանակ գտնեք ինձ լսեք:

Սա միայն իմ բողոքի ձայնը ու դիտարկումը չի, այլ այն բազմաթիվ դիմորդների, ովքեր դժբախտություն են ունեցել մասնակցելու «մրցույթ» կոչվող ներկայացմանը, եթե կարդաք իմ բաց նամակի տակ գրված մեկնաբանությունները, կհամոզվեք ինքներդ, թե որքան շատ են այդ մարդիկ, ովքեր համակարծիք են և սեփական կաշվի վրա են զգացել այդ ամենը:

Ձեր նշած «ներքին զգացողությունն» ու «սուբյեկտիվ կարծիքը» չեն կարող լինել տասնյակ մարդկանց մոտ միաժամանակ, կամ հենց ինձ մոտ 2-րդ տարին անընդմեջ, քանզի առաջին անգամը չի, որ չեմ կոտրվում և դիմում եմ՝ կրկին միամտորեն փորձելով հավատալ, որ այս անգամ ուրիշ կերպ է լինելու:

Հավելեմ, որ նույնաբովանդակ գրությամբ դիմել եմ նաև վարչապետի աշխատակազմ, քանզի հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, հանձնաժողովի կազմը, աշխատակարգը և անդամների թվաքանակը սահմանում է կառավարությունը:

Ներկայացրել եմ կետ առ կետ իմ բոլոր դիտարկումները, որոնք մասամբ նշել էի բաց նամակում: Հիշեցման կարգով նշեմ մի քանիսը.

Դիտարկում 1. Բանավոր քննության հարցատոմսերում ներառվող հարցերը պետք է ընտրվեն պատահականության սկզբունքով, դիմորդի ներկայությամբ համակարգչային ծրագրի կամ դիմորդի բազմաքանակ տոմսերից իր ձեռքով քաշելու տարբերակով (ինչպես սովորաբար լինում է ԲՈՒՀ-երի քննություններում), որը կապահովի գաղտնիության սկզբունքը, հետևաբար կբացառի նաև պարզունակ ու բարդագույն հարցերի տարանջատումը և հասցեականությունը:

Նաև կչեզոքացնի կոռուպցիոն ռիսկը: Այլ ոչ՝ ինչպես հիմա է՝ քննասենյակ մտնելուց քեզ հրամցնում են քո անուն-ազգանունով վաղօրոք նախապատրաստված տոմսը՝ իր հարցերով:

Դիտարկում 2. Դիմորդը, ինչպես մրցույթի թեստավորման փուլում, պետք է հնարավորություն ունենա բանավոր մրցույթին նույնպես իր հարցատոմսի հարցերին պատասխանելուց անմիջապես հետո՝ մինչ գնահատականների հրապարակումը, իմանալ իր հարցերի ճիշտ պատասխանները, որպեսզի կարողանա ինքնուրույն համեմատել, հասկանալ, համոզվել, թե որ հարցում է թերացել, սխալ պատասխան տվել, ըստ այդմ՝ ինքնուրույն հաշվարկել իր փաստացի գնահատականը: Դա լրիվ ռեալ է, քանի որ, ինչպես նկատեցի, հանձնաժողովի բոլոր անդամների մոտ առկա էին բոլոր հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխաններով թերթիկներ, որոնցով և հիմանականում նրանք առաջնորդվում էին: Քանի որ դիմորդներ կային, որ գնացել էին, տանը ստուգել և հասկացել, որ իրենք տվյալ հարցերին տվել են ճիշտ պատասխաններ, սակայն իրենց այդ պատասխանները սխալ են դիտարկել, նշանակել ցածր գնահատական, և արդեն ուշ էր բողոքարկման համար:

Դիտարկում 3 . Դիմորդին պետք է հստակ ներկայացվի հանձնաժողովի անդամների՝  պարտադիր, ըստ օրենքի թվաքանակը, ու թե հանձնաժողովի քանի անդամների մասնակցության դեպքում է որոշումների կայացումը իրավազոր: Որքան տեղյակ եմ՝  այդ 9 հոգանոց հանձնաժողովի անդամների թվում պետք է լիներ նաև վարչապետի աշխատակազմից մարդ: Ինչո՞ւ չկար: Ու շատ ավելի արդարացի կլինի, որ ներկա կազմով գործող հանձնաժողովը առհասարակ ցրեք և հիմնովին նոր հանձնաժողով ստեղծեք, որի կազմը որոշելու իրավունք Դուք ունեք: (Խնդրին առնչվող բազմաթիվ նամակների, ինձ հասցեագրված բողոքների ծանրակշիռ մասը վերաբերվում է նաև հանձնաժողովի ներկայիս գործող կազմին): Ես առաջարկում եմ նաև բանավոր քննությանը թույլ տաք դիտորդի կարգավիճակում ներկա գտնվելու նաև լրատվամիջոցների և ոլորտով հետաքրքրված կամ առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Դեռ այսքանը … մնացած դիտարկումներս կներկայացնեմ հանդիպմանը, հուսամ այդ հանդիպումը կլինի երկկողմ արդյունավետ: Պարոն Անանյան, սպասում եմ Ձեր կանչին, իմ կոնտակտային տվյալները կան Ձեզ մոտ` ՊԵԿ-ում անձնական գործիս մեջ, իհարկե, եթե այս ամենը, ինչ ասացիք տեսանյութի մեջ, ռեալ է, ու չի ասվել զուտ ԶԼՄ-ների համար, որ համարեն հարցը փակված: Ես պատրաստ եմ կետ առ կետ ասածներս հիմնավորել :

Ինքնուրույն նախաձեռնությամբ չեմ կարող գալ ՊԵԿ, քանի որ ինձ ոչ ոք ներս չի թողնի վարչական շենք, ուստի խնդրում եմ ՝ Ձեզ հարմար ժամանակահատվածում հանդիպումը կազմակերպել:
Շնորհակալություն:

Հասմիկ Ադամյան 

Աղբյուր՝ aravot.am

(Visited 164 times, 1 visits today)