14-18-րդ դարերի ամրոց է հայտնաբերվել Քաշաթաղի շրջանում

«Google Earth» ծրագրի տիեզերական լուսանկարները զննելու արդյունքում Քաշաթաղի շրջանի Քարոտան գյուղի հարավային մասում՝ Որոտան ու Հակարի գետերի միախառնման կետում, վերջերս հայտնաբերվել է 14-18-րդ դարերի ամրոց:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հնագետ Գագիկ Սարգսյանը՝ նշելով, որ ամրոցը զբաղեցնում է երկու գետերի մակարդակից մոտ 20 մ բարձրությամբ հյուսիս-հարավ ձգվող բլրի էլիպսաձև, ձեռակերտ հարթեցված գագաթնամասը:

«Կառույցը պաշտպանված է շրջապարսպով, որի ներփակ տարածքի առավելագույն երկարությունը 107 մ է, լայնությունը՝ 36 մ, ինչը կազմում է 3680 քառ/մ: Պարսպապատերի ընդհանուր երկարությունը 278 մ է:

Պարիսպները կառուցված են միջին չափերի ճեղքած մոխրագույն ավազաքարից և գետաբերաններից բերված գլաքարերից կապակցված ամուր կրաշաղախով: Այսօր գետնի մակերեսին երևում է միայն 1.5-2.2 մ լայնությամբ պարսպապատի հիմնամասերի ուրվագիծը:

Նկատվում է նաև, որ շրջապարիսպը ուժեղացված է եղել ոչ համաչափ դասավորված փոքր, ուղղանկյուն որմնահեծերով: Ամրոցի ներսի տարածքը հիմնականում հարթ է ու դատարկ:

Կառուցապատման հետքեր նկատվում են միայն հարավային կողմում՝ այն էլ հատվածաբար ուրվագծվող հիմնապատերի տեսքով»,- ավելացրել է հնագետը:mamul.am

(Visited 19 times, 1 visits today)