Եթե աշխարհի բոլոր ազգերը զենքը վայր դնեն, մենք ամենավերջինը պետք է վայր դնենք

Այսօր տոնում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը: Զինված ուժերի խնդիրների, հաջողությունների, զարգացումների մասին զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին և ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանին:

Ինչպես նշեց Արծրուն Հովհաննիսյանը՝ մեր բանակը ոչ թե 27 տարեկան է (դա ընդամենը երրորդ հանրապետության զինված ուժերի ստեղծման տարիքն է), այլ ունի հին ու երկար տարիների պատմություն:

Խոսելով բանակի հաջողությունների մասին՝ ՊՆ մամուլի խոսնակն ասաց. «Եթե հիշենք, թե ինչից ենք սկսել, միգուցե հեշտ կլինի հասկանալ, թե որտեղից ուր ենք հասել: Մեր բանակը շատ ծանր ու դժվար փուլերով է անցել:

Ի վերջո, ստեղծեցինք և ավարտեցինք մի ինստիտուտ, որը այդ պահին ամեն րոպե կատարում էր իր մարտական խնդիրը:

Եվ ստեղծումից հետո այդ կառույցն անմիջապես 20-րդ դարից պետք է անցներ 21-րդ դար, իսկ մենք դրա ժամանակն ու հնարավորությունը չունեինք՝ զուգահեռ պետք է ստեղծվեր նորացված ինստիտուտ, առանց հանգստանալու. ամեն րոպե այն պետք է քննություն հանձներ առաջնագծում: Մեր ամենամեծ ձեռքբերումը այդ տրանսֆորմացիան էր»:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ բանակը կրակող «Սմերչը» կամ «Իսկանդերը» չէ, այլ ներքևում ծանր գործ կա կատարելու:

Մհեր Հակոբյանն էլ շեշտեց՝ եթե աշխարհի բոլոր ազգերը զենքը վայր դնեն, մենք ամենավերջինը պետք է վայր դնենք. «Մեր տարածաշրջանը աշխարհի ամենատաք, ամենաթեժ տարածաշրջանն է»:

Ռազմաքաղաքական վերլուծաբանը հույս հայտնեց, որ մեր բանակը, զարգացնելով հաջող շեշտադրումները, ի վերջո հրաժեշտ կտա կայսերական մոդելի բանակի վերջին մնացուկներին, և կունենանք արևմտյան ոճի բանակ՝ շեշտը դրած օդային գերակայության վրա:

1in.am

(Visited 29 times, 1 visits today)