Խոսք անգամ չի կարող լինել զիջման մասին, մանավանդ միակողմանի.Գրիգորի Այվազյան

Մինչ հայկական կողմը տարված էր իր ներքին խնդիրներով, ադրբեջանական քարոզչամեքենան ամբողջ ուժով աշխատում է արցախյան հարցի լուծման հարմար պահ գտնելու համար. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը:

Ըստ նրա՝ այսօր պարզից էլ պարզ է, որ ՀՀ-ն բարդ հարաբերություններ ունի հարևաների և դաշնակիցների հետ: «Այստեղ արդեն Ադրբեջանը փորձեց այդ վակուումը լրացնել: Ինչպես նախքան այդ էր, հիմա էլ ավելի մեծ ուժգնությամբ նա փորձում է համապատասխան խողովակներով իր ուզած տեղեկությունը փաթաթել հանրության պարանոցին, հողը և հողեր հանձնելու մասին հայտարարությունները դրանց շարքից են»,-ասաց նա՝ անդրադառնալով վերջին շրջանում նոր թափ ստացած՝ Արցախի հողերը Ադրբեջանին զիջելու մասին ռուս քաղաքագետ Ս. Տարասովի և այլոց հայտարարություններին:

Ըստ նրա՝ ՀՀ-ում ներքին անկայուն վիճակն առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին, որն էլ ամեն գնով իր կողմից քարոզչական դաշտ նետված նման պնդումներով է փորձում ապակայունացնել ներսի իրավիճակը:

Այվազյանը հորդորում է չմոռանալ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի մի քանի անգամ կրկնած հայտարարությունները, որ սպասում են, որ ՀՀ-ում կամ Հայաստանի շուրջ՝ տարածաշրջանում, համաշխարհային վիճակն իրենց հարմար դիրք ընդունի, որ իրենք կարողանան հարձակվել և գրավել հողերը:

«Փաստացի այս համատեքստում պետք է դիտարկել այդ ուժգնացող հայտարարությունները և շարժումները: Պարզից էլ պարզ է, որ ով խոսում է ՀՀ-ի ներսում արյան գնով հայկական սրբազան հողերը վերադարձնելու մասին, նա ազգային պետական դավաճան է, Ադրբեջանի լրտես՝ ոչ ավել, ոչ պակաս, և պարզ է, որ չի կարելի զիջել ինչ-որ մեկին ինչ-որ բան, եթե դիմացինը որևէ բան չի զիջում:Այնպես որ, այս պահին խոսք անգամ չի կարող լինել զիջման մասին, մանավանդ միակողմանի»,-ասաց նա:

Ադրբեջանագետը նշեց, որ բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն, որ հայերը կարող են տարբեր կարծիքներ ունենալ տարբեր խնդիրների վերաբերյալ, բայց Արցախի պարագայում կա կոնսեսուս: «Այս դեպքում գործում է մեկ սկզբունք՝ հող հանձնողին ինքը կհանձնի հողին, և թե´ ներկա, թե´ ապագա իշխանությունները չեն գնա ժողովրդի կամքի դեմ»,-ասաց նա:

Ադրբեջանագետը նշեց, որ թեև հիմա նկատելի են, որ սահմաններում հանդարտություն է, բայց դա հանդարտություն է փոթորիկից առաջ, և Ադրբեջանը պատրաստվում և սպասում է հարմար պահի, որ հարձակվի:

«Եթե այդ հարմար պահը տանք, Ադրբեջանը չի վարանի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին, ապա Այվազյանը նշեց, որ Ադրբեջանը ակտիվորեն զինավարժություններ է անում, զենքով համալրում և դա չի խոսում բոլորովին այն մասին, որ Ադրբեջանը խաղաղության է նախապատրաստվում: «Ցանկացած փորձ ագրեսորին կառուցողական դաշտ բերելու դատապարտված է ձախողման ի սկզբանե»,-ասաց նա:

Ըստ նրա՝ հայկական կողմից է կախված ամեն ինչ և պետք է ընդամենն անվտանգությունն ուժեղացնել:

tert.am

(Visited 24 times, 1 visits today)