Փեսաս յուրացում չի կատարել. Մանրամասնում է ՆԳ նախկին նախարար, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կալանավորված գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը իմ փեսան է, բայց իմ հովանավորչությունից երբեք չի օգտվել, եթե այդպիսի բան լիներ, կալանավորված չէր լինի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանը` անդրադառնալով «Ժողովուրդ» թերթի հրապարակմանը, թե իրավապահ համակարգը տևական ժամանակ տարակուսանքների մեջ է եղել Տեր-Հովակիմյանին մեղադրանք առաջադրելու հարցում, քանի որ նա բարեկամական կապեր ունի Կառլոս Ղազարյանի հետ:

«Բացարձակ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է, ես չեմ խառնվել: Բոլորն ինձ լավ գիտեն, երբեք ոչ մի կապից չեմ օգտվել, մինչև հիմա նույնիսկ սեփական բուտկա չունեմ»,-նշեց նա:

Կառլոս Ղազարյանն ասաց, որ Տեր-Հովակիմյանը 326.000.000 ՀՀ դրամը հիմնադրամից պարտքով է վերցրել, կնոջ կյանքը փրկելու համար: 

«Թղթերը կան, որ պարտք է վերցրել, պիտի վերադարձներ, 5 տարի առաջ աղջկս մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, այստեղ չէին կարող բուժել, դրսում պետք է բուժվեր, ինքը չի գողացել, վերցրել է կյանքը փրկելու, հետո վերադարձնելու համար, գործում էլ ամեն ինչ կա:

Ինքը շատ խելոք անձնավորություն է, Բժշկականում դասախոս է: Ինքը գրել, ստորագրել է, պարզ հաշվապահական պարտք է վերցրել՝ հույսով, որ իր հայրական տունը կվաճառի, պարտքը կփակի:

Ավելին ասեմ՝ աղջիկս ամռանը պիտի գնար բժշկի, բայց փեսայիս թույլ չտվեցին, որ դուրս գա երկրից, խնամակալը, ուղեկցողը ինքն է փաստաթղթերով: Եթե հովանավոր լինեի, օրինական կասեի՝ էս ինչ ենք անում: Դուստրս տարին երկու անգամ պիտի երկրից գնա՝ բուժման նպատակով, ամռանը չգնալու հետևանքով առողջական վիճակը վատացել է»,-նշեց Կառլոս Ղազարյանը:

Գեներալ-մայորը վստահեցրեց, որ իր փեսան դատաքննության արդյունքում ազատության մեջ է հայտնվելու, քանի որ յուրացում չի կատարել:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին՝ Ա.Տ.Հ.-ին, մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել էին նյութեր, որոնց արդյունքներով հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հունվարի 25-ին դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:tert.am

(Visited 140 times, 1 visits today)