Սա առաջին դեպքն է, երբ ԵԱՏՀ գրասենյակ է այցելում ԵԱՏՄ անդամ երկրի առաջնորդ.«Կոմերսանտ»

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցն առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովից հետդարձի ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում:

Պաշտոնապես Ռուսաստան նրա այցի նպատակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նիստում ելույթն էր: Ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանին դիմավորած ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ ԵԱՏՀ գրասենյակ է այցելում ԵԱՏՄ անդամ երկրի առաջնորդ, գրում է «Կոմերսանտ»-ի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը:


Ընթացիկ տարում ԵԱՏՄ-ում, ինչպես հոդվածագիրն է գրում, կառույցի ամենափոքր անդամ Հայաստանն առանցքային դեր ունի: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է իր պաշտոնը ԵԱՏՀ-ում (2020 թվականին այդ պաշտոնը կզբաղեցնի այլ մեկը):

Երկրորդը՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է իր ելույթում:


«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված համակարգված էներգետիկ քաղաքականության վարմանն ու էներգառեսուրսների ու դրանց տարանցման համար գնագոյացման զգայուն հարցի շուտափույթ լուծմանը՝ ոչ խտրական հիմքի վրա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև կարևոր խնդիր էր համարել «միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»: Հոդվածագիրը նշում է, որ էներգառեսուրսների, մասնավորապես գազի գնի հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համար:


Հիշեցնենք, որ ռուսական«Գազպրոմ» ընկերությունը, որին է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար 2019 թվականի սկզբից թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։

ՀՀ վարչապետն ավելի վաղ ասել էր, որ գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:


Երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Մենք մեկ տարի ունենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շարունակելու համար»: 

Նա ընդգծել էր, որ Հայաստանի համար կարևոր է այս հարցին երկարաժամկետ լուծում տալը:


ԵԱՏՀ գրասենյակում ելույթից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:  Սակայն ՌԴ նախագահի հետ հանդիպում տեղի չի ունեցել, ինչպես նշվել էր՝ «նման հանդիպում պլանավորված չէր»:


«Պարոն Փաշինյանի երեկվա այցի օրակարգը՝ ավելի շատ տնտեսություն, պակաս քաղաքականություն, ընդհանուր առմամբ համապատասխանում է իր նախընտրական խոստումներին»,- գրում է հոդվածագիրը:


«Տնտեսական հեղափոխության» անհրաժեշտության մասին նա կրկնել է նաև Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը տվել է Դավոսում:


«Անհրաժեշտ է մեր քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության»,- ասել էր նա:

tert.am

(Visited 74 times, 1 visits today)