Կարծում եմ՝ դա դժվար հարց է Ադրբեջանի համար. Բայց ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը…

Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ ինքը չի զարմանում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո հրապարակային տեղեկատվությունը քիչ է լինում՝ նկատելով, որ միշտ էլ կան մասնավոր և գաղտնի հանդիպումներ շատ զգայուն թեմաների վերաբերյալ:

Tert.am-ի հետ զրույցում նա նման դիտարկում արեց՝ խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս Դավոսում կայացած հանդիպման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին:

«Կողմերը որոշել են փոխել իրենց դիրքորոշումը և շարժվել ընդհանուր դիրքորոշման ուղղությամբ»,- ասաց նա:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի խաղաղ բնույթի հավանականության մասին՝ բրիտանացի վերլուծաբանը նշեց, որ դա երկու դեպքում կարող է լինել՝ նախ երկու կողմերը պետք է ցանկանան շարժվել խաղաղության ուղղությամբ, հետո պետք է արտաքին խաղացողները որոշակի դեր խաղան:

«Արտաքին խաղացողներն օգտագործում են իրենց լծակները՝ կողմերին խրախուսելու համար, որ փոխեն իրենց դիրքորոշումը: Այստեղ հիմնական խաղացողը Ռուսաստանն է, երկրորդը՝ Թուրքիան»,- ասաց նա:

Ամեն դեպքում, ըստ նրա, ԵԱՀԿ –ն նշել է՝ ինչ է պետք․ միջոցներ ձեռնարկել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու համար:

«Արդյո՞ք մասնավոր հանդիպումները երկու երկրների ղեկավարների միջև օգնում են հիմնախնդրի կարգավորմանը: Անցյալում էլ եղել են շատ հանդիպումներ: Առայժմ չկան ակնհայտ ազդեցություններ խաղաղ գործընթացի վրա:

Եթե մենք դատենք անցյալով, ապա պատասխանը կարող է ակնհայտ լինել՝ ոչ»,- ասաց նա:

Այնուհետև վերլուծաբանը մատնանշեց՝ հիմա, սակայն, պայմանները փոխվել են, և դրանք բավականին դինամիկ են: «Այնպես որ, գուցե անցյալի փորձը լավ ցուցիչ չէ ապագա հնարավորությունների համար:

Եթե առաջնորդները որոշել են խաղաղությանը հնարավորություն տալ, հանդիպումները կարող էին լինել շատ օգտակար»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես Ղարաբաղին դարձնել բանակցային գործընթացի մաս, Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ իհարկե, մասնակցության որոշակի ձևեր խիստ ցանկալի են, քանի որ Ղարաբաղի ղեկավարությունն էլ կարիք մաս դառնալ գործընթացի ճանապարհին:

«Ղարաբաղը ներառելը շատ բարդ կլինի, մինչև երկու կողմերը չհամաձայնեն դրան: Կարծում եմ՝ դա դժվար հարց է Ադրբեջանի համար: Բայց ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը»,- ասաց նա:

tert.am

(Visited 70 times, 1 visits today)