2016թ. ինձ զայրացրել էր Ստրասբուրգում Ալիևի ելույթի ժամանակ մեր պահպանած լռությունը. Հիմա ասում են․․․

«Նախկին խորհրդարաններում գոնե 20-30 մարդու անուն կթվարկեիր, որոնք պիտանի էին խորհրդարանական աշխատանքի, խորհրդարանական դիվանագիտության համար:

Իսկ այս խորհրդարանում առայժմ չես կարողանում մի ձեռքի մատներից ավելի անուններ թվարկել, որովհետև, ցավոք, մյուսների պոտենցիալը չես տեսնում: Նրանն էլ, ում մտածում էիր, որ բավարար չափի կլինի, առայժմ հակառակ պատկերն է ձևավորվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչների՝ Խորհրդարանական վեհաժողովներում վարած քաղաքականությունը մաս է կազմել իրենց պատերազմի քաղաքականությանը՝ ոչ միայն հայկական շահերը ջարդելու փորձեր կատարելու, այլ պատերազմի լեգիտիմության համար բանաձևեր, զեկույցներ, ձևակերպումներ ձեռք բերելու առումով:

«2016թ. ինձ զայրացրել էր Ստրասբուրգում Ալիևի ելույթի ժամանակ մեր պահպանած լռությունը: Այս ու նման մի շարք օրինակները ճակատագրական նշանակություն են ունեցել, կյանքեր են արժեցել:

Փորձ պակասի առումով հիմա ասում են՝ կսովորենք, կաշխատենք: Կսովորեն կանոնակարգին, բա ոլորտին ե՞րբ են սովորելու, եթե խորապես չեն պատկերացնում որևէ ոլորտ, ղարաբաղյան խնդիր, մանրուքները, Ադրբեջանի քաղաքականության նրբերանգները:

Խորհրդարանի դիվանագիտության կարողությունները դեռ անհայտ են: Հեշտ չի լինելու, վեհաժողովներում կան գայլ դարձած, փորձված տեսակներ, միամտությունն ու անփորձությունը կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ՝ նման փորձառու գայլերի աշխատաոճի դեպքում: Եթե Ալիևը պատրաստվում է կրկին պատերազմի, ապա ՆԱՏՕ-ում, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ-ում նման փորձերն ինտենսիվանալու են»,- եզրափակեց Ստեփան Սաֆարյանը:

168.am

(Visited 104 times, 1 visits today)