Սա խայտառակություն է. Պետք չի կասկածել Փաշինյանին, նա ոչ Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ Ռոբերտ Քոչարյան է, ոչ էլ Սերժ Սարգսյան է՝ անլեզու

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց, որ Դավոսի կազմակերպիչներն էին հանդիպումը նախաձեռնել, նաև ասաց, որ 1,5 ժամվա ընթացքում բանակցությունների պատմությունն են քննարկել։ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք և ոտքի վրա այդ հանդիպումները որքանով են արդյունավետ ու կարևոր։

Ակնհայտ է, որ ճնշումը մեծ է համաշխարհային հանրություն կոչվածից, և արևելյան ու արևմտյան պետությունների կողմից, բայց դա էական նշանակություն չունի, քանի որ միջազգային իրադրության մեջ մեծ փոփոխություն չկա, որ կտրուկ շրջադարձեր լինեն։

Ուղղակի ծանոթացման կարգով երկու կողմերն իրար շոշափում են։ Դե Ալիևը հին ավազակ է, մերն էլ միամիտ չէ։ Հիմա Փաշինյանին չհավատալու հիմք չունենք։

Մենք սովոր ենք, որ մեր ղեկավարները մեզ խաբում են, ու այդ իներցիայով ենք շարժվում։ Ես առանձնապես դավադրություն այստեղ չեմ տեսնում։ Չմոռանանք, որ ողջ հայությունն օժանդակել է Փաշինյանին, և եթե ուզի էլ՝ չի կարող զիջումների գնալ, թեև չեմ կարծում, որ նման բան ուզում է։

Ինչպե՞ս եք գնահատում օրեր առաջ ԱԼիևի հայտարարությունը, թե ռուսական ժամանակակից նոր սպառազինություն են փորձում ձեռք բերել։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը այդ հարցում իր քաղաքականությունը չի՞ փոխել ու չակնկալե՞նք, որ կփոխի։

Հայկական հարցում Ռուսաստանը երբեք իր քաղաքականությունը չի փոխելու։ Նա միշտ հայկական կողմին զսպել է թուրք-թաթարական բանդաներով։ Բա ինչո՞ւ են ստեղծել Ադրբեջանը, ստեղծել են Իրանի դեմ, Միջին Ասիայի դեմ և գլխավորը՝ հայերի դեմ։

Եթե չլիներ Ռուսաստանը, այդ պետությունը ո՞նց կմնար։ Դա էքսպանսիայի ռուսական կենտրոն է։ Նաև նրանց է իր բռի մեջ պահում՝ զենք վաճառելով, բայց դա իրենց համար խնդիր չէ։

Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով կարգավորում է Հայաստանի հետ իր հարաբերությունները, և հայկական հարցը խաղացնում է, հիմնականում միշտ լինելով Ադրբեջանի կողմից։

Ռուսաստանը այդ հարաբերություններում դարերի ընթացքում երբեք մեր կողմը չի եղել։ Դա կոչվում է բալանսի քաղաքականություն։ Մեր դեմ էլ օգտագործվում է պանթուրքիստական գործոնը, բայց մենք այդ գործոնը չափազանցնում ենք։

Չավուշօղլուն էլ վերջերս հայտարարեց, որ իրենք ևս Ադրբեջանի գիծն են պաշտպանելու և 2019-ին ինտենսիվորեն կաշխատեն այդ ուղղությամբ։ Ձեր կարծիքով՝ ինչ է փորձում անել Թուրքիան, ինչու է փորձում ներգրավվել Արցախյան խնդրում և որքանո՞վ դա նրան կհաջողվի։

Չի կարող ներգրավվել, բայց Ռուսաստանի հետ հարաբերություններում կաշխատի օգտվել, որովհետև վերջին հաշվով ռուսները Հարավային Կովկասը դիտում են որպես իրենց ազդեցության գոտի։

Թուրքերը չեն կարող դա հաշվի չառնել, բայց դա չափավոր է։ Գուցե ռուսներն ու թուրքերը Սիրիայի հարցով իրար հետ գործի մեջ են, որն իրար հետ համաձայնեցնում են լուռ կամ պայմանագրերով։

Թե որքանով Թուրքիան ակտիվ կլինի այստեղ, կախված է բացառապես Հայաստանում ռեֆորմների ճակատագրից, այն հեղափոխության հաղթանակից, որի դեմ ՀՀ-ում կատաղի պայքար է մղում նախկին իշխանությունը։ Մեր հաջողությունը մեր ձեռքում է՝ մեր պետականությունը կկայացնե՞նք, թե ոչ։

Կարծում եք՝ հակահեղափոխական վտանգ դեռ կա՞ Հայաստանում։

Շատ մեծ վտանգ կա, ու խնդիրն այստեղ Մանվելին տանել-բերելը չէ։ Հայաստանում դեռ կան փաստաբաններ, որոնք բարոյականությունը մի կողմ դրած ասում են, թե նրանք հանցանք չեն գործել։

Սա խայտառակություն է։ Քարոզչամիջոցները ևս ահռելի դիմադրություն են ցույց տալիս իշխանություններին։ Մենք պետք է կարողանանք հեղափոխությունն ու բարեփոխումները առաջ տանել, որ պետականորեն կարողանանք դիմակայել ճնշումներին։

Մենք կուժեղանանք միայն այն դեպքում, երբ մեր երկիրը դառնա ավելի ժողովրդավարական և Արևմուտքի համակրանքը մեր հանդեպ մեծանա։ Սա բանաձև է, եթե դա լինի, հնարավոր կլինի նաև կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա մեզ օդ ու ջրի պես պետք է։

Տեսեք, մենք Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն չունենք, և Թուրքիայի հետ հարաբերություններում հարցեր լուծելու համար դիմում ենք կամ Մոսկվային, կամ Թբիլիսիին, նրանք էլ խոսքը փոխանցում են իրենց շահերին համապատասխան։

Եթե ուղիղ կապ լիներ, իրար ավելի ճիշտ կհասկանայինք։ Այսինքն միջնորդի դերը շատ մեծ է, դրա համար Ալիևի հետ ուղիղ կապը շատ կարևոր է։ Պետք չի կասկածել Փաշինյանին, նա ոչ Լևոն Տեր-Պետրոսյան է, ոչ Ռոբերտ Քոչարյան է, ոչ էլ Սերժ Սարգսյան է՝ անլեզու։

Ինքը միշտ պետք է հիշի, որ հեղափոխության առաջնորդն է, ու դրա համեմատ վարչապետի պաշտոնը հեչ բան է։ Ինքն էդքանը հասկանում է և չի կարող անտեսել ողջ հայության կարծիքը։

lragir.am

(Visited 846 times, 1 visits today)