ՈՒշագրավ մանրամասներ Փաշինյանի ու Բոլթոնի հետ զրույցից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին:

Բոլթոնի հետ հեռախոսազրույցի տեղեկությունը հատկապես ուշագրավ է հնչում Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ որոշակիորեն անսպասելի հանդիպման ֆոնին, որ ունեցել էր վարչապետ Փաշինյանը:

Եվ այդ հանգամանքում, անշուշտ, շատերը կդիտարկեն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում Երևանում արած հայտարարությունները, որոնք մի շարք դիտարկումների և հարցերի տեղիք էին տվել: Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անդրադարձ չի եղել Արցախի հարցին:

Իհարկե կգտնվեն շատերը, որ չեն հավատա այդ պնդմանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հետ հեռախոսազրույցը անմիջապես հաջորդեր Ալիևի հետ հանդիպմանը:

Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ Ջոն Բոլթոնը իր հայտնի ռեգիոնալ այցից և Արցախի ու Իրանի թեմայով հայտարարություններից հետո Հայաստանում որոշակիորեն ընկալվում է իբրև տագնապահարույց ֆիգուր:

Իհարկե, այս իմաստով պետք է արձանագրել, որ բուն խնդիրը, թերևս, հայաստանյան իրողության մեջ է, որտեղ հանրությունը վարժեցվել է տագնապներ, ոչ թե աշխատանքային իրողություններ դիտարկելու ռեժիմի և հոգեվիճակի, ու դա, թերևս, նախորդ քառորդ դարում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմությունների գործունեության հետևանքն ու բացթողումն է:

Սակայն ներկայումս հարցն այդ իմաստով հանրային օրգանիզմի և մտածողության ախտորոշումը չէ, այլ տեղի ունեցող հետաքրքիր զարգացումները: Սակայն այստեղ է նաև, որ կարևոր է վերանայել մոտեցումների սանդղակն ու գնահատման ռեժիմը առավել արդյունավետության հասնելու համար:

Մենք տեսնում ենք, որ աշխարհում, ու անմիջականորեն մեր շուրջ տեղի են ունենում աշխույժ զարգացումներ ու վերադասավորումներ, իրավիճակների արագ փոփոխություն, հանդիպումներ, շփումներ, փոխայցեր, ընդ որում՝ լայն դիապազոնով, ընդհուպ Հյուսիսային Կորեայից ԱՄՆ և Ռուսաստանից Ճապոնիա՝ «կուրիլներով»:

Եվ այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ աշխույժ զարգացումները ներգրավելու, ներառելու են նաև Հայաստանը, որովհետև մենք անմարդաբնակ Լուսնի վրա չենք, մենք այս աշխարհում ենք և կարևոր նշանակություն ունեցող ռեգիոնում:

Հետևաբար, մենք չենք կարող չհանդիպել, չունենալ հեռախոսազրույցներ, չունենալ շփումներ այն հարցերի շրջանակում, որ մեզ են առնչվում և որոնց միջոցով էլ մենք ենք առնչվում աշխարհաքաղաքական խորքային շարժերին: Եվ այս իրողությունը մեզ համար թե՛ ոգևորության առիթ չէ, թե՛ մտահոգության, խուճապի կամ տագնապի:

Սա աշխատանքի առիթ է, ըստ այդմ՝ այդ աշխատանքին պատրաստ լինելու՝ թե՛ բովանդակության, թե՛ մասնագիտական կարողությունների, յուրաքանչյուրն իր տեղում՝ ըստ իր կարգավիճակի և դերի:

Ոչինչ չի լինելու ինքնաբերաբար, ինքնահոսով, միաժամանակ, ներկայումս որևէ մեկի համար ոչինչ դյուրին չէ, անգամ ուժային կենտրոնի կարգավիճակն ունեցող սուբյեկտների համար: Եվ այս իմաստով ի՞նչ ենք մենք ուզում, որ մեզ հանգիստ թողնեն ու մոռանա՞ն, թե՞ մեր հասցեին շռայլեն հիացմունք և գովեստի խոսքեր՝ հավաստիացնելով, որ մեր փոխարեն կլուծեն մեր հարցերն ու կզբաղվեն մեր խնդիրներով:

Այդպես, բնականաբար, չի լինելու, բայց աշխատել չի ստացվելու նաև հանրության մոտ գեներացվող անընդհատ կասկածների և տագնապի ռեժիմում: Դա պետք է փոխարինվի աշխատանքային քննարկումների ռեժիմով, միջնաժամկետ հեռանկարի սցենարային բազմազանության նպատակադրումով, և այդ աշխատանքի գեներացիայի հիմնական նախաձեռնող պետք է դառնա Հայաստանի խորհրդարանը:

1in.am

(Visited 32 times, 1 visits today)