Ցանկացած քաղաքական մեծամասնություն պետք է հաշվի նստի ժողովրդի հետ, դատական համակարգ կլինի, թե այլ համակարգ կլինի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մասնակցում էր Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ կազմակերպված ակցիաներին։

-Պարոն Հակոբյան, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազության բողոքը։ Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվեց։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի որոշումը, գո՞հ եք այս որոշումից, արդյո՞ք սա համարում եք ձեր պայքարի արդյունք, թե՞ ոչ։

-Ցանկացած ժամանակ էլ քաղաքականությունը հաղթում է, և քաղաքական մեծամասնությունը պետք է ժողովրդի տրամադրություններով առաջնորդվի։ Փաստորեն, ժողովուրդն ինչպես պահանջում էր, այդպես էլ տեղի ունեցավ։

-Այսօր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն ասել է՝ այս երկրում արդար դատավոր չկա, արդարադատություն չկա, և բոլորը ենթարկվում են փողոցին։

Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը։

-Ես մի բան կարող եմ ասել, որ ցանկացած երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովրդի ցանկությունը հստակ է։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական մեծամասնություն պետք է հաշվի նստի ժողովրդի հետ, դատական համակարգ կլինի, թե այլ համակարգ կլինի։

Ես չէի ասի՝ արդար դատավոր կա կամ չկա։ Իհարկե, դատավորների մեջ կան արդարներ և կան կոռումպացված դատավորներ։ Ես չեմ կարող ասել՝ ով է արդարը, ով՝ անարդարը, դրա համար պետք է քննություն իրականացվի, պետք է դատարանի որոշում լինի, որ նոր անձին կարողանաս մեղադրել որևէ արարքում։

Այն, որ շատերը չեն հավատում դատարաններին, որ կան մարդիկ, որոնք կարծում են, որ դատավորները կոռումպացված են և չեն արտահայտում ժողովրդի տրամադրությունները, մենք դա պարզ տեսնում ենք։

-Ամեն դեպքում Էջմիածնի հասարակությունը հետևողակա՞ն կլինի, եթե նորից Մանվել Գրիգորյանին ազատ արձակեն։

-Ես չեմ կարող ասել՝ հետևողական կլինի, թե ոչ, թե ինչ պահանջներ են առաջ մղում։ Պարզապես հասարակությունը փորձեց ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել նախկինում տեղի ունեցած անօրինականությունների վրա, որոնք տեղի են ունեցել մեր քաղաքում։

Հասարակությանը հաջողվեց ուշադրություն հրավիրել, և բոլորը տեսան, քննարկեցին, վերհիշեցին այն բոլորը, ինչ տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում։ Մնացածը թող դատարանն ինքը որոշի, թե ինչ պետք է անի։ Այստեղ որոշողը ժողովուրդը չէ, ժողովուրդն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու և հայտնում է։

Ես կարող եմ ասել, որ մեր հասարակությունը քաղաքակրթվել է և ոչ միայն այս խնդրում, այլև ցանկացած այլ խնդրի վերաբերյալ միշտ իր կարծիքը կհայտնի, եթե համարի, որ տվյալ երևույթը կամ գործը բացասական է անդրադառնալու մեր երկրի վրա։

-Այսինքն՝ ձեր պայքա՞րը արդյունք տվեց։

-Իմ պայքարը վաղուց է եղել, իսկ Մանվելենց նկատմամբ որևէ պայքար չկար։ Ես պայքարել եմ վաղուց և սպասել եմ այն ամենին, ինչ այսօր ժողովուրդն է բարձրացնում։

Մարդիկ իշխանությունների ուշադրությունն են սևեռում այն անօրինականությունների վրա, որոնք տեղի են ունենում Գրիգորյանների ընտանիքի կողմից։ Ես դա ասել եմ տարիներ շարունակ, ու այսօր ինձ հետ համաձայնեցին նաև այն մարդիկ, որոնք այսօր ակցիաներ են կազմակերպում։

Մի բան է, երբ դու մենակ ես պայքարում, մեկ այլ բան է, որ ժողովուրդը քեզ հետ համակարծիք է։ Այն հարցերը, որոնք ես նախկինում բարձրացրել եմ, այսօր ժողովուրդը նույն բաներն է ասում։

1in.am

(Visited 27 times, 1 visits today)