Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այսօր Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադառնալով տնային կենդանիների համար հինգ հազար դրամ վճարելու լուրին, ասաց, որ 2011 թվականից ավագանու որոշմամբ այս ամենը գործում է, սակայն ինչպես չի հարկվել, այնպես էլ հիմա չի հարկվում:

«Ես զարմանում եմ, թե ինչու այս աղմուկը բարձրացավ: Ոչ մեկը այդ հինգ հազարը չի ուզում վերցնել, սակայն ինչ ես քաղաքապետ եմ, մենք մեծ աշխատանքներ ենք կատարում այդ ուղղությամբ»,- ասաց նա և նկատեց, որ շատ մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր պահում են տանը կենդանիներ, իսկ հետո դուրս են գցում:
Նա ասաց, որ հինգ հազար դրամի դրույթը պետք է Ազգային ժողովը չեղյալ համարի: «Մենք ուզում էինք խնդրել չեղյալ համարել այդ օրենքը, բայց դրա դիմաց կենդանիներ պահող բոլոր մարդկանց հորդորենք, խնդրենք, որ բոլոր կենդանիները գրանցվեն, չիպավորվեն, պատվաստվեն, քաղաքապետարանն այդ ամբողջ գործընթացը վերահսկելու է:
Մենք պետք է այնպիսի միջավայր ստեղծենք, որ մարդիկ և կենդանիները իրար սիրեն: Այդ մարդիկ, ովքեր դավաճանաբար իրենց կենդանուն դուրս են հանում, չիպավորման միջոցով երբ մենք գտնենք այդ կենդանուն, տիրոջն էլ կգտնենք, և շատ մեծ տուգանքներ կլինեն, տուգանքներ կլինեն նաև, եթե կենդանիներին չեն պատվաստում:Աղմուկն անտեղի է, հինգ հազար դրամները չի մուծվելու»,- ասաց նա:
Հայկ Մարությանը նշեց, որ թափառող կենդանիների ստերջացման ծրագիր են իրականացնելու և ստեղծել են քաղաքապետարանին կից ՊՈԱԿ, որը կիրականացնի միջազգային ստանդարտների գործընթաց, և մոտ 150 միլիոն դրամ տրամադրելու են դրան:

«Քննադատությունն ինձ համար լրիվ ընդունելի է որպես ինֆորմացիայի աղբյուր»,- ասաց նա:
Անդրադառնալով այն լուրերին, թե նոյեմբերին քաղաքապետարանը 450 հազար դրամի շոկոլադ է գնել և մեկ միլիոն դրամի պատիվ տվել, Հայկ Մարությանն ասաց, նախորդ իշխանությունն այդ ծախսերի համար նախատեսում էր 100 միլիոն դրամ, և դրա մեջ մտնում էր պատվիրակությունների ընդունումը, կերակրելը:
Նա նշեց, որ երկու անգամ կրճատել են այդ ծախսերը և դարձրել հիսուն միլիոն, բայց վստահություն էլ հայտնեց, որ այդ գումարից ևս խնայողություններ կլինեն:
Անդրադառնալով Օպերայի շուրջ սրճարանների ապամոնտաժման խնդրին, Հայկ Մարությանն ասաց. «Ընտրողական մոտեցում չէ, սա քաղաքաշինական ծրագիր է, այստեղ ոչ միայն ապամոնտաժման մասին է խոսքը, այլև կանաչ գոտու վերակառուցման:
Ես սա դիտարկում եմ որպես տարածքների հետ վերադարձում երևանցիներին: Մենք չենք նայել՝ ում որ մասն է ընկնում, մենք ճարտարապետական իմաստով ենք վերաբերվել, սա համայնքի տարածք է»:
Նա հայտարարեց, որ երեք ամսվա ընթացքում տնտեսել ենք մոտ յոթ միլիարդ դրամ, և դրանից քաղաքի տնտեսությունը չի տուժել:
Անդրադառնալով օգտատիրոջ առաջարկին, որ տրանսպորտով երթևեկի, քաղաքապետն ասաց.«Ես ոտքով էլ եմ ման գալիս, երթուղայինով էլ եմ շրջում, ուղղակի չեմ նկարահանում, ցույց տալիս: Մեզ նայում են նաև այն մարդիկ, ովքեր զրուցել են գազելներում, և ես ավտոմեքենայի մեջ չեմ ծնվել և երկար տարիներ ծանոթ եմ տրանսպորտի խնդիրներին, և մաքսիմալ արագ կերպով փորձում ենք լուծել»: