Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը

Եւ հետայսու թող «Իմ քայլի» բոլոր պաշտոնյաները, ղեկավարությունը և ներկայացուցիչները, երբ որևէ բան՝ պարգևավճար, թե ինչ, մեկնաբանեն «օրենքով արգելված չէ» եզրույթով, միշտ հիշեն, որ իրենց ցանկացած քայլ պետք է համապատասխանի նաև դաշինքի հռչակած կարգախոսի տրամաբանությանը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Քանի դեռ հասարակությանդ զգալի մասն աղքատ է, երկրում սոված ու թերսնված երեխաներ կան, բուժման կարոտ հիվանդներ կան, բազում մարդկանց աշխատավարձը միջինից ցածր է ու այսպես շարունակ, մարզպետով-տեղակալով, նախարարով-պատգամավորով, որ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ են ստանում, տրտնջալու իրավունք չունեն:

Այդ պաշտոններում աշխատելիս ոչ մեկ ազգին մեծահոգություն չի անում, որ ազգն էլ խրախուսի, իրեն երջանիկ զգա, որ պաշտոնյաներն ինքզինք խրախուսում են:

Ոչ թե հանրությունը պետք է հոգատար լինի պաշտոնյաների նկատմամբ, այլ հակառակը:

Թող հիշեն նաև, որ չկոռումպացված լինելը պարտականություն ու օրենքի պահանջ է, ու այդպիսին լինելը հավելյալ, օրինակ՝ ինքն իրեն կամ մտերիմներին պարգևատրելու իրավունքներ չի ստեղծում:

Որևէ ծախսային մասում խնայողություն անելը չի նշանակում, թե խնայված գումարների հաշվին իրավունք ունեն թանկ իր կամ ծառայություն գնել կամ ինքզինք պարգևատրել:

Ամենակարևորը, մինչև վերոնշյալ ծանր խնդիրների լուծումը բոլորը պետք է ապրեն ու աշխատենք համեստ, անտրտունջ՝ ստեղծելու համար «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:

Օրենքները միգուցե չեն արգելում շատ բան, բայց սեփական խոստումը, ծրագրերն ու կարգախոսը ահագին բան արգելում են ու դեռ արգելելու են:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/926478174224349

blognews.am

(Visited 36 times, 1 visits today)