Մենք դա թույլ չենք տալու և բոլոր ջանքերը գործադրելու ենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիականասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

– Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ պաշտպանելով ոստիկանության այսօրվա կարգավիճակը։ Ըստ նրա՝ վարչապետին ենթակա ոստիկանությունը նրա «ամենահարմար» կարգավիճակն է: Եթե ոստիկանությունը հանձնվում է նախարարության ենթակայությանը կամ վերակազմակերպվում է նախարարության, ապա կառուցվածքային փոփոխությունները, հնարավոր կրճատումները, իրավիճակին հարմարվելը որոշակի ժամանակ ու էներգիա են խլելու։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում, եթե այս կառույցը շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո։

Похожее изображение

– Մենք գործ ունենք մի կառավարման համակարգի հետ, որի շրջանակներում, բացի պաշտպանության նախարարությունից, մնացած իրավապահ մարմինները, նկատի ունեմ՝ ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ և Քննչական կոմիտե, գտնվում են վարչապետի անմիջական ենթակայության ներքո։

Այս փոփոխությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, և այդ փոփոխությունները կատարվել են այն տրամաբանության համապատասխան, որ գործադիր իշխանությունը կենտրոնանալու է մեկ անձի ձեռքում։ Սա եղել է քաղաքական որոշում։

Այդ կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխության հետևանքներին մենք առնչվել ենք տարիներ շարունակ, որի արդյունքը եղել են մարդու իրավունքների շարունակական, համակարգված և զանգվածային խախտումները։ Ավելին՝ դրան գումարած նաև դատական իշխանության կախվածությունը գործադիր իշխանությունից, որը նույնպես ձևավորվել է այդ ժամանակահատվածում, և ընդհանրապես կառավարումը դարձել է ավտորիտար։

Похожее изображение

Այսինքն՝ իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի բովանդակությունն ամբողջովին խեղաթյուրվել է և խախտվել թե՛ սահմանադրական, թե՛ օրենսդրական մակարդակով, որը, կրկնում եմ, հանգեցրել է համակարգային անպատժելիության և մարդու իրավունքների զանգվածային խախտման։

Ի դեպ, թավշյա հեղափոխության համար հիմք են հանդիսացել այդ շարունակական խախտումները, անպատժելիությունը, համակարգային կոռուպցիան, կառավարության անպատասխանատվությունը իր քաղաքացիների հանդեպ։ Թավշյա հեղափոխությամբ իշխանությունից հեռացվեցին մարդիկ, ովքեր օգտագործում էին ավտորիտար կառավարման ինստիտուտները և ռեսուրսները։

Նոր, արդեն լիովին լեգիտիմ իշխանության պայմաններում հին կառավարման գործիքների կիրառման շարունակությունը իշխանությանը միանշանակ նորից դարձնելու է ավտորիտար, և չկա այլ տարբերակ։ Այսինքն՝ կառավարման տրամաբանությունը, որը օրենսդրական ձևակերպումներով եղել է ավտորիտար, այն միշտ որոշիչ է լինելու և բովանդակություն է հաղորդելու լավագույն ցանկություններ ունեցող կառավարությանը ու նրան վերստին դարձնելու է ավտորիտրար։

Похожее изображение

Սա տարրական ճշմարտություն է, որը բազմիցս հիմնավորվել և ապացուցվել է ամենատարբեր երկրներում։ Եվ երբ մենք խոսում ենք իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովման անհրաժեշտության մասին, նկատի ունենք, որ գործադիր իշխանությունը չպետք է ունենա բացարձակ անվերահսկելի գործառույթներ։ Եվ ոչ միայն ինքը՝ կառավարությունը, պետք է գտնվի վերահսկողության ներքո՝ որպես ամբողջական մարմին, այլև նրա առանձին ինստիտուտները, որոնց միջոցով իրականացնում է իր գործառույթները, նույնպես պետք է գտնվեն պառլամենտական վերահսկողության ներքո։

Եվ եթե ասում ենք, որ կառավարությունը կամ գործադիր իշխանությունը պետք է վերահսկվի պառլամենտի կողմից, սա չի նշանակում, որ միայն վարչապետը պետք է գնա պառլամենտում հաշվետվություն տա, և պառլամենտը հարցեր տա, և վարչապետն ամբողջությամբ պատասխանի կառավարության փոխարեն։ Ոստիկանությունն ինքը ժողովրդավարական պետության մեջ կոչված է զբաղվելու հասարակական անվտանգության, քրեական հանցագործությունների կանխման և դրանց բացահայտման գործողություններով։

Սա գործադիր իշխանության կարևոր գործառույթներից մեկն է։ Ոստիկանությունը պետք է գտնվի կառավարության կազմում, և ինքը՝ ոստիկանապետը, պետք է հաշվետու լինի պառլամենտին։ Պետք է լինի նախարար, որը հասարակական կարգի պահպանման իմ նշած հարցերով մշակի քաղաքականություն և ներկայացնի կառավարության, ԱԺ հաստատմանը։ Իսկ անմիջական ոստիկանական ծառայության կազմակերպման համար պետք է պատասխանատու լինի ոստիկանապետը։

Картинки по запросу Արթուր Սաքունց

Ըստ էության՝ ոստիկանապետը Զինված ուժերի գլխավոր շտաբի անալոգն է այն ենթադրյալ նախարարության, որի կազմում պետք է գտնվի, որովհետև ոստիկանապետը չի կարող և՛ ներկայացնել քաղաքականությունը, և՛ միաժամանակ իրականացնել ոստիկանական ծառայության կազմակերպումը։ Սա տվյալ ժամանակահատվածում վստահություն ձեռք բերած կառավարության քաղաքականության բնութագրիչներից մեկն է հանդիսանալու։

– ԱԱԾ-ի հետ կապված իշխանության ներկայացուցիչները նշում են, որ այն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո։ Արդյոք հիմնավո՞ր են մտահոգությունները։

– ԱԱԾ-ն իրապես դեռ մտահոգիչ է, որ լինի քաղաքական թիմի կամ քաղաքական կառավարման կազմում։ Եվ այն պետք է լինի ապաքաղաքական, և այդ ապաքաղաքական լինելը ենթադրում է, որ ինքն իրապես քաղաքական կառավարման համակարգում չպետք է լինի, բայց սա միաժամանակ ենթադրում է բովանդակային փոփոխություն, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի պետության ներքին որևէ խնդրով, այդ թվում՝ քրեական հանցագործությունների բացահայտման խնդիրներով։ Դա նշանակում է, որ ԱԱԾ-ն, որ նշանակում է նաև պետության անվտանգություն, պետք է միմիայն զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ, այսինքն՝ արտաքին սպառնալիքների հետ կապված հարցերով։

Դա կարող է լինել թմրաբիզնեսի հետ կապված միջազգային առևտուր և այլն, բայց երբ դա երկրի ներսում է, այն ամբողջությամբ պետք է լինի ոստիկանության և քննչական մարմինների գործառույթների շրջանակներում։ Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն պետք է լինի Ազգային անվտանգության պետական կոմիտե, ինչպես ՊԵԿ-ն է, և օրենքով սահմանված՝ ինքը չենթարկվի քաղաքական ղեկավարությանը, որովհետև կոռուպցիոն հանցագործությունների՝ ԱԱԾ-ով  զբաղվելը կարող է ունենալ նաև քաղաքական նպատակ կամ քաղաքական բովանդակություն ձեռք բերել։

ԱԱԾ պետին էլ պետք է նշանակի ԱԺ-ն, և նա չպետք է կախված լինի կառավարությունից, այսինքն՝ կարող է վարչապետը փոխվի, բայց ինքը պետք է մնա որպես պետական ինստիտուտ, որի համար նշանակություն չպետք է ունենա՝ ով է նախագահը, ով է վարչապետը և այլն։ Նմանապես ՀՔԾ պետք է նշանակվի ԱԺ-ի կողմից, ինչպես գլխավոր դատախազը։

Քննչական կոմիտեի պետը նույնպես պետք է նշանակվի ԱԺ-ի կողմից։ Ե՛վ ՀՔԾ պետը, և՛ Քննչական ծառայության պետը, և՛ ԱԱԾ պետը, և՛ ՊԵԿ-ի ղեկավարը, և՛ Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավարը, և՛ ԿԸՀ-ի ղեկավարը, և՛ Գլխավոր դատախազը՝ բոլորը պետք է նշանակվեն ԱԺ-ի կողմից և տարեկան հաղորդումներով հանդես գան ԱԺ-ում ու հստակ պատասխանեն՝ իրենք ինչ գործառույթներ են իրականացնում և ինչքանով են արդյունավետ իրականացնում։ Սա իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի բովանդակային իրականացման ձևն է։

– Իսկ ինչո՞ւ չեն անում այս փոփոխությունները, ի՞նչն է հետ պահում այսօրվա իշխանությանը։

– Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչու չեն անում. ես առայժմ տեսնում եմ, որ մեծ ձգտում չկա այդ ուղղությամբ շուտափույթ քայլեր կատարելու։ Իմ կարծիքով՝ իրենք ենթադրում են, որ եթե այս կարևոր լծակներից զրկվեն, ապա մեր կողմից բազմիցս նշված կոռուպցիոն համակարգերը, չնայած որակումներին, թե այլևս դրանք վերացված են, իրապես գոյություն ունեն, որովհետև տիրապետում են լուրջ ինֆորմացիայի, լուրջ ռեսուրսների, լուրջ կապերի, մտածում են, որ դրանց դեմ պայքարը կարող է լինել ոչ արդյունավետ։

Картинки по запросу Արթուր Սաքունց

Սա մեթոդական կամ գաղափարական ինստիտուցիոնալ կոպիտ սխալ է, որովհետև այդ մարմինները կարող են արդյունավետ լինել, եթե անկախ լինեն քաղաքական ղեկավարությունից և գործեն որպես անկախ պատասխանատու մարմիններ, բայց որոնց նկատմամբ օրենսդիր մարմինը, որը ներկայացնում է հանրությունը քաղաքական ընտրությունների արդյունքում, ունենա պատշաճ վերահսկողություն, որ նրանք չարաշահումներ թույլ չտան, որ գործեն միայն օրենքի շրջանակներում։Եվ այդ՝ իբր լավ նպատակներին սխալ ինստիտուցիոնալ լուծումներով չեն կարող հասնել։ Ավտորիտար կառավարման գործիքները ցանկացած բարեխիղճ իշխանությանն անպայման ժամանակի ընթացքում դարձնելու են վերստին ավտորիտար։ Սա իշխանության անատոմիան է և  պայմանավորված չէ անձի հատկություններով։

Իշխանությունը հակում ունի չարաշահելու իր լիազորությունները, եթե նա չի գտնվում պատշաճ վերահսկողության ներքո օրենսդիր մարմնի կողմից։ Եվ այս՝ գիտականորեն չհիմնավորված մոտեցումը, թեկուզ ժամանակավոր նահանջը որևէ կերպ չի կարելի արդարացված համարել։ Պետական ինստիտուտների անկախությունը կարող է երաշխավորվել նրանց անկախության, հաշվետվողականության և պատասխանատվության  միջոցով, որին հասնելու մեխանիզմը իմ նշած տարբերակն է։

Մեզ նման երկրում, որտեղ ունենք 30 տարվա փորձ, իշխանությունների տարանջատման սկզբունքը չապահովելն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Եվ այս ուղղությամբ քայլեր չկատարելը նշանակում է, որ նորից երաշխավորված է ավտորիտար կառավարման ձևավորումը որոշ ժամանակ անց, սա նշանակում է քաղաքական ինքնասպանություն այն մարդկանց համար, ովքեր  հանդես են եկել որպես բարեփոխումներ իրականացնողներ։ Մենք դա թույլ չենք տալու և բոլոր ջանքերը գործադրելու ենք իշխանությունների տարանջատման սկզբունքն ապահովելու համար։

1in.am

(Visited 30 times, 1 visits today)