Դա կոպիտ սխալ է. Պետք է քննադատել նախկին իշխանություններին կոռուպցիայի համար, բայց չի կարելի անտեսել նրանց ձեռքբերումները. Եվսեև

Փարիզում հունվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հերթական հանդիպումը տեղի ունեցավ հայկական և ադրբեջանական կողմերի միջև՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնախնդրի կարգավորմանն ու արցախա-ադրբեջանական շփման գծում ռազմական իրադրությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկմանը: Կրկին հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, ու կրկին բանակցությունները տեղի ունեցան հին ձևաչափով, այսինքն՝ առանց Արցախի իշխանությունների մասնակցության, թեև Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել էր, որ Արցախը պիտի լիարժեքորեն մասնակցի Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացին, և Բաքուն պիտի ուղիղ խոսի Ստեփանակերտի հետ: Իհարկե, պարզ էր, որ այս հարցը մի քանի ամսում չէր կարող լուծվել, որովհետև դրան սկզբունքորեն դեմ է ադրբեջանական կողմը:

Похожее изображение

Հզոր հաղթաթղթեր, որոնք հայկական կողմն առայժմ չի օգտագործում

Այդուհանդերձ, Փաշինյանի վարչակազմը վերջին ամիսներին չի վերահաստատել իր հանձնառությունն այդ հարցին: Եվ սա վերաբերում է ոչ միայն բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնմանը, որը հաստատվել է 1994 թ. Բուդապեշտում գումարված գագաթնաժողովին, այլև հակամարտության կարգավորման հետ կապված մի քանի այլ սկզբունքային հարցերի, որոնք կարևորագույն նշանակություն ունեն Արցախի անվտանգության ու հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, նոր լայնածավալ պատերազմի կանխարգելմանը և խաղաղության հաստատմանը միտված գործընթացի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Խոսքը, իհարկե, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի չարչրկված պայմանավորվածությունների մասին է, որոնք ձեռք են բերվել 2016 թ. ապրիլյան ռազմական բախումներից անմիջապես հետո: Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Զոհրաբ Մնացականյանն արդեն չորրորդ անգամ է հանդիպում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, բայց այդ հանդիպումներից հետո ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված պաշտոնական հայտարարություններից որևէ մեկում չի երևում, որ հայկական կողմն ընդգծած լինի այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը՝ ինչպես արվում էր ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո բարձր մակարդակով տեղի ունեցած գրեթե բոլոր հանդիպումներից հետո: Փոխարենը արտգործնախարարներն ու միջնորդները ավելի քան 4 ժամ տևած փարիզյան հանդիպմանը շեշտը դրել են մեկ այլ, կարելի է ասել՝ ոչինչ չպարտավորեցնող դրույթի վրա, որ պիտի քայլեր ձեռնարկեն «բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար»:

Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ է անդրադարձել՝ լրագրողների հետ զրույցում ասելով, որ դրանք պաշտոնական օրակարգի մի մաս են, բայց «ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամենասկզբից հայտարարել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա»: Իրականում ամբողջ խնդիրն այն է, որ լուրջ մտավախություն կա, թե Փաշինյանը, որը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին ոչ պաշտոնական հանդիպում-զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահի հետ և բանավոր պայմանավորվածության հասավ Ալիևի հետ՝ քայլեր ձեռնարկելու սահմանային գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ և օպերատիվ հատուկ կապ հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ալիևի տված համաձայնության և այս փխրուն պայմանավորվածությունների դիմաց նահանջել է իր դիրքորոշումից՝ կապված նույն Վիեննայի օրակարգի և բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցության հարցի հետ: Մինչդեռ որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Վիեննայի համաձայնությունները, որոնք զինադադարը խախտելու դեպքում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու և պատժելու մեխանիզմներ են նախատեսում, և Արցախի իշխանությունների հետ ուղիղ խոսելու պահանջը Ադրբեջանին կարող են հզորագույն հաղթաթղթեր լինել հայ դիվանագետների ձեռքին:

Ադրբեջանը բարելավում է իր դիրքերը

Փաշինյանի թիմակիցները, սակայն, պնդում են, որ վարչապետը չի հրաժարվել ո՛չ Վիեննայի պայմանավորվածությունից, ոչ էլ այն մոտեցումից, որ Արցախի անունից Ադրբեջանի հետ պիտի բանակցի Ստեփանակերտը: Նախորդ շաբաթ, երբ նորընտիր խորհրդարանում տեղի էին ունենում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան պատգամավորներից մեկի հարցին, ասաց, որ Արցախի մասնակցության հետ կապված հարցում «Փաշինյանը պահել է այդ տրամաբանությունը», և երկրորդը՝ թյուր է այն տպավորությունը, թե Երևանը հրաժարվել է Վիեննայի պայմանավորվածությունների «անդրադարձից»:

Картинки по запросу Վլադիմիր Եվսեև

Գուցե այս հարցերն ապագայում իրոք բարձրացվեն պաշտոնական Երևանի կողմից, բայց առայժմ այն տպավորությունն է, որ Ադրբեջանն իր տակտիկական քայլերի շնորհիվ ամրապնդում է իր դիրքերը դիվանագիտական գործընթացում և նույնիսկ կարողացավ իր երկիմաստ, կեղծ կառուցողական, «լավատեսական» հայտարարությունների միջոցով համոզել որոշ միջնորդների, մասնավորապես՝ Մոսկվային, թե Ադրբեջանը «պատրաստակամություն» է դրսևորում փնտրելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ: Նման հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հույս հայտնելով, որ «հայ ընկերները դրան կպատասխանեն փոխադարձաբար»: Իսկ իրականում Բաքուն արտգործնախարար Մամեդյարովի շուրթերով վերահաստատել էր ադրբեջանական կողմի առավելապաշտական, փոխզիջում չենթադրող դիրքորոշումը, որ իրենք պատրաստ են «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Ալիևն էլ իր վերջին ելույթի ընթացքում հայտարարեց, թե Հայաստանի նոր ղեկավարը փորձում էր «խույս տալ բանակցություններից»՝ ասելով, որ Ադրբեջանը պիտի բանակցի Լեռնային Ղարաբաղի հետ, բայց Ադրբեջանը մերժել է Երևանի այդ փորձերը, միջնորդներն էլ չէին կարող կողմ լինել այդ մոտեցմանը, և բանակցությունները «վերականգնվեցին» Ադրբեջանին ցանկալի ձևաչափով:

Փաշինյանը չի նահանջել իր դիրքորոշումից

Ինչո՞ւ հայկական կողմը չի պատասխանում Ադրբեջանի այս շահարկումներին՝ դժվար է ասել: Ըստ երևույթին, այս պահին Փաշինյանի ու Մնացականյանի առաջնահերթությունը բանակցային պրոցեսում փոքր-ինչ դինամիկ դարձած երկխոսության պահպանումն է, ինչն առայժմ թույլ է տալիս խուսափել ռազմական սրացումներից շփման գծում: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն էլ ասում է, թե ներկա պահին, երբ հնարավոր չէ հասնել արցախա-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման, կարևորը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակականության ապահովումն է և հարաբերական խաղաղության ու կայունության պահպանումը տարածաշրջանում: Բայց դա չի նշանակում, որ հայկական կողմը հրաժարվել է պաշտոնապես ընդունված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից:

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/0461cb25efebd339d2144b4d2e1729d7_L.jpg

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը հստակեցրել է ամենասկզբից՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղը ևս պիտի մասնակցի բանակցություններին: Ուստի հետագայում էլ Փաշինյանը հավատարիմ կմնա իր այս մոտեցմանը, քանի որ սա ճիշտ դիրքորոշում է:

«Կարծում եմ՝ Փաշինյանը կշարժվի այս ճանապարհով: Չեմ կարծում, թե նա նահանջել է իր մոտեցումներից, որովհետև դա շատ ճիշտ դիրքորոշում է, և հնարավոր չէ հասնել հիմնախնդրի լուծման առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սկակովը՝ ավելացնելով, որ եթե վարչապետ Փաշինյանը փոխել է իր կարծիքը, ապա պիտի հայտարարի դրա մասին: Բայց առայժմ նման հայտարարություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե հակամարտության կողմերը Բաքուն և Երևանն են, ապա դա իր կարծիքն է:

Ամեն դեպքում փորձագետը չի կասկածում, որ Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտելու է բանակցություններին Արցախի մասնակցությանը, քանի որ իրեն բանակցությունների ներկայիս ձևաչափն է ձեռնտու: Իսկ Արցախին որպես բանակցությունների և հակամարտության կողմ չճանաչելու քաղաքականության դրդապատճառները շատ պարզ են. Ադրբեջանն այդպիսով փորձում է ցույց տալ, որ խնդիրը ոչ թե Բաքվի ու Լեռնային Ղարաբաղի հայերի միջև է, այլ Բաքվի և Հայաստանի, որը իբրև թե «օկուպացրել է Ադրբեջանի հողերը»:

Իսկ ի՞նչ կարելի է ասել Վիեննայի համաձայնությունների մասին: Գուցե այս պայմանավորվածությունները առաջնահերթություն չեն Փաշինյանի համար այն պատճառով, որ դրանք ձեռք են բերվել նախկին ռեժիմի, Սերժ Սարգսյանի՞ օրոք: Պատասխանելով այս հարցին՝ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ պետք է պարզապես ժամանակ տալ Փաշինյանին՝ լիովին «մտնելու» պրոցեսի մեջ և հասկանալու հիմնախնդրի բոլոր նրբությունները, որից հետո էլ նա կհստակեցնի իր դիրքորոշումը բոլոր այս հարցերի վերաբերյալ:

http://verelq.am/uploads/news/bf7778c14005866d996599460fa18b75.jpg

Հայաստանն իրավունք ունի նախապայման առաջադրելու բանակցությունների համար

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչո՞ւ է ընդհանրապես Հայաստանի արտգործնախարարը գնում հանդիպման ադրբեջանական կողմի հետ, եթե վերջինս կրկին վերահաստատում է իր ապակառուցողական և առավելապաշտական մոտեցումները, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը պատասխանեց, թե մեծ իմաստ չի տեսնում արտգործնախարարների հանդիպման մեջ, որովհետև Հայաստանը, ցավոք, կորցրել է բանակցային սեղանի շուրջ Արցախի ներկայացուցչի համար աթոռ ավելացնելու հնարավորությունը 2016 թ. ապրիլյան հայտնի իրադարձություններից հետո:

«Իմ կարծիքով՝ Արցախի Հանրապետությանը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու միակ հնարավորությունը 2016 թ. ապրիլն էր: Հայկական կողմը կորցրեց այդ հնարավորությունը: Միայն այն ժամանակ կարելի էր ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ եռակողմ բանակցությունների ձևաչափը վերականգնելու միջոցով: Այսօր Ադրբեջանը դրան չի համաձայնի, և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հաստատված հեռախոսային գիծը չի լուծի այդ հարցը»:

Եվսեևի խոսքով՝ իրավիճակն այսօր բարենպաստ չէ Հայաստանի համար, քանի որ ներքաղաքական փոփոխություններից հետո փոխըմբռնման որոշակի պակաս կա Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև, և այս պայմաններում դժվար է զիջումներ կորզել Ադրբեջանից:

Ամեն դեպքում, Եվսեևի կարծիքով, երկխոսությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Ուստի երկխոսության շարունակումն անհրաժեշտություն է, բայց այն ինչ-որ արդյունք պիտի տա: Բայց քանի որ իրադրությունը բարենպաստ չէ Հայաստանի համար՝ թե՛ ներքաղաքական պատճառներով, թե՛ հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշ խնդիրների պատճառով, բանակցությունները չեն կարող որևէ արդյունք տալ:

«Այսօր հայկական կողմը պատրաստ է բանակցություններին, ադրբեջանականը՝ ոչ: Եվ Ադրբեջանի անպատրաստ լինելու պայմաններում հանդիպումները շատ հաճախ չպիտի լինեն, քանի որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ որևէ զիջման: Երկրորդը՝ կարծում եմ, որ Հայաստանն ունի բոլոր իրավունքները նախապայման առաջադրելու բանակցությունների շարունակման համար, որ մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, եթե 1994 և 1995 թթ. համաձայնագրերի համաձայն՝ բանակցային սեղանի շուրջ նստի նաև Արցախի Հանրապետությունը: Ինչո՞ւ Հայաստանը նման պայման չի առաջադրում: Հայկական կողմի փոխարեն ես դադար կվերցնեի և կպահանջեի, որ վերականգնվի եռակողմ բանակցությունների ձևաչափը: Այդ դեպքում հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես կարձագանքի ադրբեջանական կողմը: Այսօր դադարն ավելի ցանկալի է, քան այդ բանակցությունները, որոնք այսպես թե այնպես որևէ արդյունք չեն կարող տալ»,- կարծիք հայտնեց Եվսեևը:

Похожее изображение

Նախկինների ձեռքբերումները մերժելը սխալ է

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենը մեկ այլ ուշագրավ կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքների վերաբերյալ՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարն ամենայն հավանականությամբ կարծում է, թե կարող է ինքնուրույն պայմանավորվել Ադրբեջանի ղեկավարի հետ՝ առանց Ռուսաստանի և մյուս համանախագահների միջնորդության: Եվսեևն ամենամտահոգիչ հանգամանքը համարում է այն, որ մերժելով նախկին իշխանությանը՝ Հայաստանի նոր ղեկավարությունը մերժում է նաև նախկին իշխանությունների ձեռքբերումները, այդ թվում՝ Վիեննայի պայմանավորվածությունները:

«Կարծում եմ՝ այս մոտեցումը սխալ է, որովհետև պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները: Ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը թերագնահատում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայի միջնորդությամբ: Հավանաբար որոշ ժամանակ է պետք, որ ներկայիս ղեկավարությունը հասկանա, որ կարելի է նաև այդ պայմանավորվածություններն օգտագործել: Եվ նաև Երևանը պիտի հասկանա, որ Բաքվի հետ համաձայնության հասնելու սեփական հնարավորությունները սահմանափակ են: Կարծում եմ՝ սեփական ներուժը որոշ չափով գերագնահատվում է:

Օրինակ՝ ես նման հիմքեր չեմ տեսնում: Հետևաբար կարծում եմ, որ որոշ ժամանակ է պետք, որից հետո կվերականգնվի բանակցությունների նախկին ձևաչափը՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ: Եվ այդ ժամանակ արդեն կարելի է վերադառնալ այն պայմանավորվածություններին, որոնք նախկինում են ձեռք բերվել: Ստացվում է, որ գալով իշխանության՝ նոր ղեկավարությունն ուզում է մի կողմ դնել այն ամենը, ինչ արվել է նախկինում: Բայց դա կոպիտ սխալ է: Իհարկե, նախկին իշխանությունները թույլ են տվել սխալներ, բայց ունեցել են նաև ձեռքբերումներ: Մերժելով նախկին իշխանությանը՝ նրանք մերժում են նաև նախկին իշխանությունների ձեռքբերումները: Կարծում եմ՝ դա սխալ է: Պետք է քննադատել նախկին իշխանություններին կոռուպցիայի, այլ խնդիրների համար, բայց չի կարելի անտեսել նրանց ձեռքբերումները»,- նշեց Վլադիմիր Եվսեևը:

1in.am

(Visited 27 times, 1 visits today)