Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը շտապել է «ավետիս» տալ, թե 2018-ի 4-րդ եռամսյակում ներդրումները 50%-ով ավելացել են՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Փաշինյանն ասել է, թե մենք` ընդդիմադիրներս, քննադատում էինք իրեն՝ գուժելով ներդրումների նվազման մասին:

Հիմա գնդակն ուղիղ հարվածով փոխանցում եմ Փաշինյանին և նրա իշխանությանը:

Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչև ե՞րբ եք մանիպուլյացիա անելու:

Այո, ձեր իշխանության օրոք ներդրումները նվազել են: 
     Ձեր իսկ ներկայացրած տվյալներով՝ 2018-ի առաջին եռամսյակում ներդրումները եղել են 94,2 միլիոն դոլար, երբ իշխանության է եղել Հանրապետականը, իսկ 2018-ի չորրորդ եռամսյակում ընդամենը 75, 5 միլիոն դոլար: 

Այսինքն՝ գրեթե 20 միլիոն դոլարով պակաս:

Աջ ու ձախ օպտիմալացումը, աշխատանքից և օրվա հացից բազմաթիվ քաղաքացիներին զրկելը Փաշինյանի իշխանությունը բացատրում է ծախսերի արդյունավետությամբ:

     Մինչդեռ «դուխով» իշխանության համար ծախսերի կրճատումը վերաբերվում է Հայաստանի քաղաքացուն, բայց ոչ իշխանավորներին:

Մարդ չգիտի՝ լա, թե խնդա. Նիկոլի կադրերից մեկը ոչ ավել ոչ պակաս իրեն պարգևատրել է 104,5% դրույքաչափով, մյուսը` մեկ օրում երկու անգամ պարգևատրել է ինքն իրեն:

     ԱԺ 2 նոր հանձնաժողով են բացել՝ ծախսերն ավելացնելով նվազագույնը 35 միլիոն դրամով:

Եվ սա անում է այն իշխանությունը, որի ղեկավարը տառապում էր պապիկ-տատիկների նիսյաների համար, թռիչքային զարգացում էր խոստանում: Փաստորեն, կախարդական փայտիկը թարս է շարժվում:

Հ.Գ. Այս տեմպերով, որ գնա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին դժվար, բայց 2020-ին շանսեր ունի թռիչք գրանցելու:

2020-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին Փաշինյանի «քայլող իշխանավորները» մարաթոնյան վազքում կարող են լուրջ հաջողություն արձանագրել»:

mamul.am

(Visited 46 times, 1 visits today)