Ձերբակալվել է մանկապարտեզի տնօրեն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը

2015թ. մայիսից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքներում աշխատանքի է ընդունել իր ծանոթներին և մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ 3 711 256 ՀՀ դրամ աշխատավարձի գումարները յուրացվել են:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում 2018թ. նոյեմբերի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը 2018թ. նոյեմբերի 12-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ:

Իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենը առերևույթ յուրացրել է ոչ միայն աշխատանքի չհաճախած, սակայն հրամանագրված անձանց անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափի գումարները, այլև՝ մանկապարտեզի սաների համար նախատեսված սննդի մի մասը՝ սկսած 2014 թվականից:

Քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը 2001 թվականից զբաղեցնելով «Լապտերիկ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, տևական ժամանակ` 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզի սաներին հատկացված և իրեն վստահված սննդամթերքից:

Տնօրենը, աշխատատեղը պահպանելու պայմանով, մանկապարտեզի խոհարարից պահանջել է, որ մանկապարտեզ հաճախած երեխաների կերակրման համար նախատեսված ճաշացանկում ընդգրկված ճաշատեսակների պատրաստման համար նախատեսված և յուրաքանչյուր օր պահեստից բաց թողնվող սննդամթերքից, իրեն մասնաբաժին հատկացնելու համար, առանձնացնի որոշակի չափաբաժիններ։

Խոհարարը, աշխատանքը չկորցնելու մտավախությունից դրդված, կատարել է մանկապարտեզի տնօրենի պահանջը. ամեն օր, ճաշացանկից կախված, առանձնացրել է սննդամթերքը, երեխաների համար կերակուրները պատրաստել ոչ լիարժեք բաղադրիչներով, և անձամբ կամ խոհարարի օգնականի միջոցով սննդամթերքը տեղափոխել տնօրենի աշխատասենյակ:

Նախնական տվյալներով՝ աշխատասենյակում կուտակվող սննդամթերքը տնօրենի կողմից պարբերաբար տեղափոխվել է մանկապարտեզից և հափշտակվել։

2019թ. հունվարի 17-ին, օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկության արդյունքում մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակից հայտնաբերվել և առգրավվել է 2019թ. հունվարի 15-17-ն ընկած ժամանակահատվածում խոհարարի օժանդակությամբ առանձնացված սննդամթերքը:

Բացի այդ, համայնքային միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, մանկապարտեզի տնօրենն իր ազգականներին և ծանոթներին՝ թվով 9 անձանց, մանկապարտեզի տարբեր հաստիքներին հրամանագրելու և վերջիններիս կողմից փաստացի չաշխատելու պայմաններում, անձամբ ստացել է նրանց անվամբ բացված բանկային հաշիվներին փոխանցված և բանկային քարտերով կանխիկացված ամենամսյա աշխատավարձի տեսքով առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներն ու հափշտակել դրանք։

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

2019թ. հունվարի 21-ին մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։

lratu24.ru

(Visited 19 times, 1 visits today)