Հին համակարգի ներկայացուցիչները սա պայմանավորեցին այն հանգամանքով, թե իբր Փաշինյանը զիջումներ է նախապատրաստում ԼՂ հարցում. Մեղադրանքն իհարկե մերկապարանոց է

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները՝ 1998-99թթ.-ի իրադարձություններից հետո, դարձան առաջինը, որտեղ դրսևորվեց Հայաստանի հեղափոխական իշխանությունների ու Արցախի ղեկավարության հակադրությունը։

Ընդ որում՝ խորքային իմաստով սա հենց նոր ու հին համակարգերի պայքար էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԼՂՀ այսօրվա իշխանությունները բազմաթիվ թելերով կապված են Հայաստանի հին համակարգի հետ։

Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն առաջինը կադրային փոփոխություններ կատարեց հենց ԼՂՀ ՊԲ-ում։

Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչները սա պայմանավորեցին այն հանգամանքով, թե իբր Նիկոլ Փաշինյանը զիջումներ է նախապատրաստում ԼՂ հարցում։

Մեղադրանքն իհարկե մերկապարանոց է, որովհետև նախկին իշխանության ներկայացուցիչները, բացի դավադրական տեսություններից ու ընդհանուր դատողություններից, կոնկրետ, առարկայական փաստեր չեն ներկայացնում։

Ակնհայտորեն գործ ունենք ներքաղաքական օրակարգի հետ, այլ խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դժվարությամբ է համակերպվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն քաղաքական պայքարի, այսպես կոչված, արցախյան ճակատում զարգացումները շարունակում են ակտիվ մնալ։

Ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ-ն իր 33-րդ Ընդհանուր ժողովը որոշեց Արցախում անցկացնել։ Սա ամենևին էլ թելադրված չէր համահայկական օրակարգով կամ Արցախի հարցում ՀՅԴ-ի ունեցած մտահոգություններով։

Դաշնակցությունն ակնհայտորեն քաղաքական ժեստ է արել՝ ցույց տալով, որ իր համար խորթ ու օտար է հեղափոխական Հայաստանը, ու միևնույն ժամանակ իր քաղաքական, բարոյական աջակցությունն է ցույց տվել Արցախի այսօրվա ղեկավարությանը, որը հայաստանյան հին համակարգի մինի մոդելն է։

Արցախն ու նրա իշխանությունը դարձել են այն քաղաքական, նույնիսկ գաղափարական միջավայրը, պլացդարմը, որոնց վրա հենվելով՝ հին համակարգը ամբողջացնող քաղաքական ուժերը կառուցում են իրենց հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ։ Արցախի գործոնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն խաղարկեց ՀՀԿ-ն. հիմա էստաֆետը վերցրել է ՀՅԴ-ն։

Իրականում խնդիրը ոչ թե Արցախի հարցում մտահոգությունն է, այլ քաղաքական մանիպուլյատիվ օրակարգ ձևավորելը։ Այստեղ վտանգն այն է, որ Հայաստանի ու Արցախի հասարակությունների համար Բակո Սահակյանի իշխանությունը գնալով նույնանում է Հայաստանում տապալված քրեաօլիգարխիկ համակարգի հետ։

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը կարծես վերահսկում է Արցախում տեղի ունեցող զարգացումները, ու ամեն ինչ գնում է նրան, որ կադրային մասնակի տեղաշարժերով իրավիճակը հանգուցալուծվի 2020թ.-ին, երբ Արցախում տեղի ունենան նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրություններ։ Համենայնդեպս, կարծես թե նման պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջև։

Այս համատեքստում խիստ վտանգավոր է հնչում Արցախում հեղափոխական ճակատ բացելու Ժիրայր Սեֆիլյանի կոչը։ «Բեսպրեդելը վերացնելու ժամանակը հասունացել է:

Փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև Արցախում: Հուսով ենք՝ երևանյան իշխանությունները մեզ կաջակցեն այդ հարցում»,- օրերս Ստեփանակերտում նշել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամը:

«Գիլյոտինային» հեղափոխությունը, որի ջատագովն է Ժիրայր Սեֆիլյանի կուսակցությունը, Հայաստանի հասարակության պաշտպանությանը չարժանացավ ո՛չ 2016-ին, ոչ էլ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Քաղաքական «մաուզերականությունը» սկզբունքորեն մերժելի է հատկապես Արցախում. առաջնագծում հեղափոխություն հրահրելը, ընդ որում՝ ցանկացած պատրվակով, նման է դիրքեր հանձնելուն, ինչը վստահ ենք՝ չի կարող խրախուսվել Հայաստանի իշխանության կողմից։

1in.am

(Visited 52 times, 1 visits today)