Իր վերջին ուղիղ եթերներից մեկում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե մարդիկ կարծում են, թե բազմոցին նստելով իրենց կյանքը լավանալու է, ապա սխալվում են, եւ կոչ արեց աշխատել:

Այս պարզ ճշմարտությունը մի քանի կողմ ունի, եւ առաջին հերթին իհարկե կառավարության անելիքը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կառավարությունը վերացրել է կոռուպցիան եւ տնտեսության մեջ արատավոր երեւույթները, այդպիսով պայմաններ ստեղծելով ազատ գործունեության համար:
Միեւնույն ժամանակ, հանրության զգալի մասը օբյեկտիվորեն նախաձեռնող չէ եւ իսկապես բազմոցին նստած սպասում է տարբեր բաների, որոնք վերագրվում են կառավարությանը՝ աշխատատեղեր եւ այլն:
Ընդ որում, երբեմն այդ սպասումները բավական իռացիոնալ են, ինչը վերջին տասնամյակների իրողությունների հետեւանք է:
Սակայն խնդիրն առավել խորքային է՝ իր վտանգավոր հետեւանքներով: Բանն այն է, որ բարեփոխումների ու երկրի զարգացման համար նախեւառաջ անհրաժեշտ է մոտիվացված հանրություն:

Հեղափոխությամբ արձանագրված արդյունքն այդ անհրաժեշտ մոտիվացիայի խթանն էր, սակայն հետհեղափոխական 8-9 ամիսներն այս առումով դարձել են սպասման ժամանակաշրջան:
Վտանգը հենց այստեղ է՝ երբ հանրությունը մտնում է սպասման ռեժիմի մեջ: Ընդ որում, այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են նախկին համակարգի բավական լայն շրջանակներ, որոնք տիրապետում են ահռելի ֆինանսական ու տեղեկատվական միջոցների:
Սպասման ռեժիմը պարարտ հող է հանրային արատավոր երեւույթների ու արժեհամակարգի համար: Պետք է ասել, որ նախորդ երկու տասնամյակներին իշխած այդ համակարգը կառուցվել էր հենց սպասման ռեժիմի վրա, եւ ներկայում փորձ է արվում «վերադարձնել» այն, ինչն էլ ըստ մտահղացման՝ առաջացնելու է այդ համակարգի պահանջարկը:

Քարոզչության գաղափարախոսական հիմնական թեզն էլ այն է, որ ոչինչ չի փոխվել, ոչ մի հեղափոխություն էլ չի եղել:
Պետք է ասել նաեւ, որ այդ քայլերը արդեն արդյունք են ունենում, եւ հանրությունը մոտենում է այդ վտանգավոր սահմանագծին: Դա թույլ չտալու համար անհրաժեշտ են արագ փոփոխություններ եւ արդյունք, ինչն ընդունում է իշխող մեծամասնությունը: Սպասման ռեժիմը ներկայում լիովին նոր կառավարության պատասխանատվության տիրույթում է:
Նիկոլ Փաշինյանը հունվարի վերջին մեկնելու է Գերմանիա: Երկրորդ աշխարհամարտից հետո պարտված, ավերված ու հուսալքված Գերմանիայում մարդիկ հավաքվեցին ու մշակեցին գերմանական տնտեսական կայսրության ծրագիրը, ինչն իրականություն դարձավ ընդամենը մի քանի տասնամյակում:
Հայաստանը ներկայում ավելի լավ մեկնարկային վիճակում է, քան հետպատերազմյա Գերմանիան: