Աղավաղված ֆիլմ, խեղաթյուրված խոսք, որով փորձում են սրբագրել Քոչարյանին

Ինչպես հայտնի է, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին 5-րդ ալիքը ցուցադրել է ֆիլմ, որում, ըստ այդ իրադարձությունների մասնակիցների, ամբողջությամբ խեղաթյուրվել են Մարտի 1-ի դեպքերը և ծառայեցվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը:

Ֆիլմի կադրերում երևում են նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները ու այլ անձինք:

2018թ. սեպտեմբերին ազգությամբ ռուս Դմիտրի Նովոկշանով անուն-ազգանվամբ ոմն մեկը ներկայացել է որպես սցենարիստ, վավերագրող՝ ասելով, թե ուզում է նկարահանել շատ անաչառ, անկողմնակալ ֆիլմ բացառապես Մարտի 1-ի զոհերի մասին, և բնականաբար ստացել աջակցություն:

«Եվ մենք այդ առաջարկը ներկայացրինք զոհերի հարազատներին ու ասացինք, որ նրանք ցանկություն ունեն, որ զոհերի ծնողները խոսեն այդ ֆիլմում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 5-րդ ալիք կոչված եթերում 2 օր առաջ հայտնված այդ անբարոյական պատկերը իսկապես մեծ անակնկալ էր. «Փաստորեն փորձում էին Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործության փաստերը սրբագրել:

Բոլորը համոզվեցին, որ այդ ֆիլմում եղած ամեն ինչը գլխիվայր շրջված էր: Իսկ ամենամեծ անբարոյականությունն այն էր, որ զոհերի հարազատների խոսքերը խեղաթյուրված էին»:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշեց. «Ֆիլմում ամբողջովին՝ վերից վար իմ խոսքը խեղաթյուրված էր: Դա մեզ վրդովեցրել է»:

1in.am

(Visited 40 times, 1 visits today)