Պետք է վերանայվեն որպես ժառանգություն մնացած հայ-ռուսական հարաբերությունները ․ Մենք չենք ծնվել, որ ձեր սապոգները մաքրենք․․․

«Ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ տեղի ունեցած ակցիան շատ կարևոր և լուրջ ազդակ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները, այդ թվում նաև ռազմական ոլորտում, իրավապայմանագրային համալիրի մասով վերանայման կարիք ունեն։

Դա միայն օրինականացված անպատասխանատվություն է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցիա՝ ռուս զինծառայող Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի մահվան չորրորդ տարելիցի և վերջերս կրկին ռուսական ռազմակայանի զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության դեպքի հետ կապված։

Բողոքի ակցիան կազմակերպել էր Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, դրան մասնակցել են բազմաթիվ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ։

Մասնակիցները պահանջում են բազայում հաստատել կարգուկանոն, ռուսական զորքերը դուրս բերել Հայաստանից։

Մեհրաբյանի խոսքերով՝ ռուսական ռազմաբազայի կարգավիճակը չի համապատասխանում 21-րդ դարի մոտեցումներին։ Այն ավելի հարիր է գաղութատիրական ժամանակներին, որը բոլոր դեպքերում պետք է վերանայվի։

«Առհասարակ, Հայաստանը պետք է վերանայի արտաքին քաղաքականության իր հայեցակարգը, իր պաշտպանական, անվտանգության քաղաքականության հարցը, որին ածանցվելու է բազայի հարցը։ Փաստն այն է, որ այսպես շարունակել ուղղակի չի կարելի, անհնար է»,- ասաց Մեհրաբյանը։

Նրա խոսքերով՝ անցյալից որպես ժառանգություն մնացած հայ-ռուսական հարաբերությունները վերանայման, սրբագրման անհրաժեշտություն ունեն՝ առանց հաշվի առնելու ռուսական կողմից հնչող հիստերիան։

«Գնացեք, մտահոգվեք ինչքան ուզում եք։ Մենք չենք ծնվել, որ ձեր սապոգները մաքրենք, կամ ձեր մատի շարժումով վազենք աջ կամ ձախ»,- ասաց Մեհրաբյանը։

1in.am


(Visited 41 times, 1 visits today)