Քոչարյանի ոչ իշխանությունն է քաղաքական եղել և ոչ էլ նրա թոշակառուի կարգավիճակը. Նա կարող է ասոցացվել արյան ու թալանի, սակայն ոչ երբեք՝ քաղաքականության հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Փաստաբան Արամ Օրբելյանը չի բացառել, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։ Խոսքն, ըստ էության, Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։

«Չի բացառվում, որ ներառի 18-րդ հոդվածը՝ քաղբանտարկյալի տարրը։ Այսինքն ի հավելումն հետապնդումների դատարանը հաստատում է, որ առկա են խախտումներ արդար դատաքննության կամ ազատության, նաև դրան հավելում է 18-րդ հոդվածը, որը արձանագրում է, որ խախտումների հիմքում դրված են ոչ թե ուղղակի խախտումներ, այլ խախտումներ որոշակի հանգամանքներով՝ տվյալ դեպքում քաղաքական դրդապատճառներից ելնելով։

Մի շարք միջազգային կառույցների կողմից տրված սահմանումների մեջ, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ կապված, Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված, որոշակի սահմանումներում առկա են քաղբանտարկյալի սահմանումներ, որի տակ ակնհայտորեն ընկնում է պարոն Քոչարյանը։ Այս պահին դեռևս, զուտ հայկական դատական գործընթացներում, այս կոնտեքստում հարցը չի քննարկվում», – ասել է Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է կոնկրետ մեղադրանքով, որը վերաբերում է Մարտի 1-ի գործին, ավելի ստույգ՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին։

Տասնմեկամյա վաղեմության արյունոտ իրադարձություններին Քոչարյանի մեղսակցությունն այնքան ակնհայտ է, որ լրացուցիչ փաստերով ամրապնդվելու անհրաժեշտություն չունի։

Օրինակ՝ հասկանալի չէ, թե երկրորդ նախագահի կոնկրետ ո՞ր արարքն է քաղաքական, ինչի հետևանքով նրան այսօր կարելի է քաղկալանավոր համարել՝ բանակը ներքաղաքական գործընթացներին խառնե՞լն ու առաջնագիծն անպաշտպան թողե՞լը, տասը մարդու գնդակահարության հրաման տա՞լը, թե՞ Մարտի 1-ի գործով իր քաղաքական մրցակիցներին շինծու հիմքերով զանգվածաբար կալանավորելը։

Իհարկե, Քոչարյանն իր համար լեգենդ է հյուսել, որից ակտիվորեն օգտվում են նաև նրա պաշտպանները։ Դա այն է, թե իբրև Նիկոլ Փաշինյանի թիրախում է հայտնվել, որովհետև մտադիր էր զբաղվել ակտիվ քաղաքականությամբ ու գործող իշխանության միակ այլընտրանքն է։

Խնդիրը երկշերտ է ու թերևս արժե դրանցից յուրաքնչյուրը քննարկել առանձին-առանձին։

Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե որն է Քոչարյանի քաղաքական կրեդոն, որ գաղափարների կամ արժեքների հետ է նա ասոցացվում կամ նրա որ հրապարակային քաղաքական խոսքն ու գործողությունն են պատճառ դարձել, որպեսզի նա հայտնվի հեղափոխական իշխանությունների հետապնդումների թիրախում։

Վստահաբար՝ ոչ։ Քոչարյանի ոչ իշխանությունն է քաղաքական եղել և ոչ էլ նրա, այսպես կոչված, թոշակառուի կարգավիճակը։ Երկրորդ նախագահը կարող է ասոցացվել արյան ու թալանի, սակայն ոչ երբեք՝ քաղաքականության, դասական իմաստով՝ իշխանության կամ ընդդիմության հետ։

Մյուս կողմից՝ տարակուսելի է, որ իրեն լուրջ գործոն ու այլընտրանք համարող Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ անգամ մի կուսակցություն ձևավորել, որն այսօր գոնե կհամակարգեր նրա կողմնակիցների բողոքի գործողությունները։

Ամբողջ խնդիրն այն է, որ երկրոդ նախագահի պաշպանական թիմին ալիբի է տվել Հայաստանի պատկան մարմինների փնթիությունն ու դիլենտանտիզմը։

Քոչարյանը հալածյալ կամ քաղկալանավոր չէ, եթե անգամ ՀՔԾ-ն չի կարողանում ամբողջացնել նրա մեղադրանքը՝ դիլենտանտիզմի պատճառով, կամ՝ երբ Հայաստանի պատասխանատու պաշտոնյաներն այնքան «փնթի» են գտնվել, որ հեռախոսային զրույցներում քննարկել են հարցեր, որոնք դուրս են իրենց լիազորություններից։

Իհարկե, սրանք չափազանց լուրջ գործոններ են, որոնք կարող են լեգիտիմությունից դուրս դնել նախաքննության ընթացքը, սակայն դրանից Քոչարյանն անմեղ կամ քաղկալանավոր հազիվ թե դառնա։

1in.am

(Visited 93 times, 1 visits today)