Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին

Ի տարբերություն խորհրդարանի ընտրության, վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արժանացավ Եվրասիական առաջնորդների շնորհավորանքին: Ոչ միայն անմիջապես շնորհավորեց Պուտինը, այլ նաև Լուկաշենկոն ու Նազարբաևը:

Սա խոսո՞ւմ է Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության մասին: Իհարկե ոչ: Պարզապես այս դեպքում շնորհավորանքի բացակայությունը արդեն կխոսեր կոնֆլիկտային իրավիճակի մասին, որի պատասխանատվությունը կմնար հենց ԵՏՄ երկրների վրա:

Այս իմաստով, Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներով ԵՏՄ այդ ղեկավարները անկասկած փորձում են իրենց համար ստեղծել պատասխանատվության «լյուֆտ» եվրասիական, ՀԱՊԿ միջավայրերում այն բարդ քննարկումների համար, որոնք առջևում են:

Ի վերջո պետք է հիշել, որ հանգուցալուծված չէ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը և այն դեռ լինելու է քննարկումների առարկա: Այդպիսով, շնորհավորանքները ավելի շուտ արտացոլում են առկա խնդիրները, քան դրանց չեղարկումը: Եվ Երևանն իհարկե պետք է ավելի շատ պատրաստ լինի հենց բարդ քննարկումներին, քան ԵՏՄ բարյացակամ վերաբերմունքին:

Այդ առումով, կարծում եմ, դժվար է պատկերացնել, որ շնորհավորանքների միջոցով կհաջողվի, այսպես ասած, փափուկ բարձ դնել Նիկոլ Փաշինյանի գլխի տակ: Մյուս կողմից, իհարկե, այստեղ մեզ, որպես պետություն, հանրություն, արժե թերևս անել ավելի պարզ եզրակացություններ:

ոսքն այն մասին է, որ միջպետական խնդիրների քննարկումները ամենևին պետք չէ դիտարկել թշնամական գործընթացների համատեքստում:

Մենք տեսնում ենք, և տեսել ենք, որ շատ ավելի սուր և հակադիր բառամթերքով են իրար հետ մոտ և հեռու հարաբերվում թե՛ Լուկաշենկոն ու Պուտինը, թե՛ Նազարբաևն ու Պուտինն են այդպես հարաբերվել, և դա ամենևին նրանց թիկունքում հասարակությունների մակարդակով չի ընկալվում իբրև թշնամանք:

Եվ բանն այն չէ, որ նրանց հասարակություններն են միամիտ և չեն պատկերացնում իրավիճակը: Պարզապես այդ երկրներում պետական քաղաքականության ավանդույթները, թերևս, ավելի ձևավորված են, առնվազն այն իմաստով, որ պետական աշխատանքի էֆեկտիվությունը համընդհանուր լռության և իդիլիայի մեջ չէ, և գնահատելի է ոչ այն պետությունը, որը խնդիրներ չունի, այլ այն, որն ունի խնդիրների քննարկման և սպասարկման կամք ու կարողություններ:

Ընդ որում՝ նույն կերպ էլ ընկալվում է այդ պետությունը խնդրահարույց հարցերի հակառակ սուբյեկտի կամ սուբյեկտների մոտ: Եվ այս տեսանկյունից լեգիտիմ իշխանության պարագան ունի բավականին առանձնահատուկ նրբություն:

Ինքնին իշխանության լեգիտիմությունը քիչ է արտաքին կապիտալիզացիայի հարցում էֆեկտ ստանալու համար:

Շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը հանրային լեգիտիմ ընկալման արժանանա նաև արտաքին քաղաքական մեթոդաբանությամբ, այսինքն՝ առկա խնդիրների, լարված քննարկումների և բարդ գործընթացների առկայությունը հանրայնորեն չդիտարկվի իբրև ձախողում կամ տապալում, այլ ընկալվի իբրև պետության ամենօրյա աշխատանք, պարզապես արտաքին ոլորտում, որտեղ ոչ բոլոր հարցերն են մնում բանակցային սենյակներում կամ սեղանի տակ:

Այս իմաստով ակնառու է, որ անցնող ամիսներին կար այդ խնդիրը, առավել ևս, որ նախկին իշխող համակարգը փորձում էր ակտիվորեն սնուցել դա:

Փորձում են նաև այժմ, և փորձելու են հետագայում, և այստեղ պետք է հանրությունը ամրացնի իր դիմադրունակությունը և պատկերացումները, ըստ այդմ՝ լեգիտիմության պաշարով առարկայորեն ամրացնի արդեն անմիջական արտաքին քաղաքական մարտավարությունն ու մեթոդաբանությունը, դրա էֆեկտը տեսանելիորեն ստանալու համար:

1in.am

(Visited 30 times, 1 visits today)