Ուր են մարտի 1-ի 10 զոհերի անմիջական կատարողները, սպանողները․ Այս հարցի պատասխանը շատ արագ պետք է տրվի

Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրել նաև Սեյրան Օհանյանին, նա էլ հայտարարել է, որ տպավորություն ունի, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, Մարտի 1-ի ողբերգությունը և զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր և հեռահար անհայտ նպատակների համար։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը և նրա գնահատականը արդարադատության համակարգին:

Похожее изображение

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի բովանդակությունից պարզ էր, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Սեյրան Օհանյանը հավանական մեղադրյալներից մեկն է, վերջին օրերին քննարկվում էր այդ հարցը, և հիմա, փաստորեն, հաստատվեց դա:

Բնական է, որ Սեյրան Օհանյանը չպետք է ընդուներ իրեն առաջադրված մեղադրանքը և այդպիսի հայտարարությամբ հանդես գար: Ես նաև բնական եմ համարում այն հարցը, որ ենթատեքստ պարունակող հայտարարություններ կատարելուց բացի, ցանկալի կլինի, որ հենց ինքը դրանք բացահայտելու վերաբերյալ համապատասխան քայլեր անի, փակագծերը բացի, թե ում նկատի ունի, ովքեր են այդ ընդհատակյա գործիչները, կամ ընդհանրապես գործի շրջանակներում ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում, որոնք չեն արտացոլում գործի օբյեկտիվ ճշմարտությունը:

Սա շատ կարևոր խնդիր է: Գործ ունենք մեր պատմության կարևորագույն գործերից մեկի հետ, և այդ գործընթացում որևէ մեկի կողմից որևէ վրիպում, սխալ կամ բացթողում ուղղակի անթույլատրելի է:

Այս առումով ես գտնում եմ, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է շատ ուշադիր, բծախնդրորեն պահպանի քրգործի օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը և ջանքեր գործադրի այդ գործով հնարավորինս արագ նախաքննությունն ավարտելու համար: Հիմա կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն:

Картинки по запросу Նորայր Նորիկյան

Բնականաբար, ուշագրավ հայտարարություններ է արել Սեյրան Օհանյանը, և ես ակնկալում եմ, որ նա ուղղակի կբացահայտի, թե ինչի մասին է խոսքը, «Մարտի 1»-ի գործում ինչեր են կատարվում:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այդքան ձգձգվում «Մարտի 1»-ի գործը, երբ դեռ ամռանը հայտարարվում էր, որ գործը բացահայտված է:

Դուք կարող եք այս հարցապնդման վրա ընդգծված ուշադրություն սևեռեք: «Մարտի 1»-ի այս գործը հարուցվել է 2018 թվականի հունիսին, որից արդեն անցել է 7 ամիս, և հարց է առաջանում, թե արդյոք 6-7 ամիսը բավարար չէ բացահատելու համար 10 զոհերի անմիջական կատարողներին:

Եկեք արձանագրենք, որ գործող իշխանությունը իր ընդդիմադիր եղած ժամանակ անընդհատ մատնանշում էր, որ քանի դեռ կա Սերժ Սարգսյանի ռեժիմը, «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվելու: Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բառացիորեն մի քանի անգամ հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է:

Հիմա հարց է առաջանում, եթե 6-7 ամսվա ընթացքում հնարավոր չի եղել հանրությանը ներկայացնել 10 զոհերի անմիջական կատարողներին, ապա որքան ժամանակ է անհրաժեշտ այդ հանգամանքները բացահայտելու համար: Եկեք արձանագրենք, որ հայտնի մեղադրյալներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Վահագն Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի զոհերի վերաբերյալ մեղադրանք չի առաջադրվել: Նրանց բոլորովին այլ մեղադրանքներ են առաջադրվել:

Картинки по запросу Նորայր Նորիկյան

Հիմա հարց է առաջանում, թե արդյոք 6-7 ամիսը բավարար չէր, որ այդ գործում առաջընթաց արձանագրվեր: Եթե 6-7 ամիսը բավարար չէ, ապա որքան է բավարար: Պետք է հանրությանը ներկայացվի համակողմանի տեղեկատվություն, թե ինչ է կատարվում այդ գործի շրջանակներում:

Կարծում եմ, որ վարույթն իրականացնող մարմինը և այդ գործի նկատմամբ դատավարական վերահսկողություն իրականացնող դատախազությունը ուղղակի պարտավոր են հանրությանը ներկայացնել վերջին ամիսների ընթացքում այդ քրեական գործի ընթացքն իրականացրած գործընթացները՝ իհարկե նախաքննության գաղտնիքի թույլատրելիության սահմանները չխախտելով, և նաև ճանապարհային քարտեզ՝ ցույց տալ հանրությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարության ֆոնին, թե գործն ամբողջությամբ բացահայտված է, մյուս կողմից ցույց տալ կոնկրետ արդյունքները, թե ուր են մարտի 1-ի 10 զոհերի անմիջական կատարողները, սպանողները: Այս հարցի պատասխանը շատ արագ պետք է տրվի վարույթ իրականացնող մարմնի կողմից:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ նոր տեսանյութ են ներկայացնելու դատարանին, որ ցուցարարները կրակում են ոստիկանների ուղղությամբ: Սա կարո՞ղ է փոխել իրավիճակը:

Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչ տեսանյութերի մասին է խոսքը: Շատ լավ, թող ներկայացնեն, վարույթ իրականացնող մարմինն էլ պարտավոր է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ, պարզել, թե ովքեր են կրակում, և միջոցներ ձեռնարկել այդ մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ:

Եթե այդպիսի տեսանյութեր կան, նախ պետք է պարզել, թե դրանք ում մոտ են գտնվել, ովքեր են եղել տեսանկարահանողները, ինչու չեն ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին:

Որպես իրավաբան, որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար էլ շատ հետաքրքիր է, թե այդ ովքեր են կրակել ոստիկանների ուղղությամբ: Ես հորդորում եմ, որ մինչև վերջ իրավասու մարմինները հետամուտ լինեն այդ հանցագործությունների բացահայտմանը: Ովքեր կրակել են ոստիկանների ուղղությամբ, ովքեր ընդհանրապես ապօրինի կերպով հրազեն են օգտագործել այդ օրերի ընթացքում, միանշանակ պետք է բացահայտվեն և ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Похожее изображение

Եթե մենք նայում ենք գործի էությանն այս պահի դրությամբ, անգամ եթե հրազեն է օգտագործվել ոստիկանության կողմից, Քոչարյանի մեղադրանքի շրջանակներում դա որևէ մեղադրելիություն չի պարունակում:

Քոչարյանի մեղադրանքի հիմքում դրված են նրա սահմանադրական լիազորությունների շրջանակներից դուրս իրականացված գործողությունները` պայմանավորված Զինված ուժերի օգտագործման հետ: Որևէ այլ մեղադրանք չկա Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

Թե Քոչարյանի փաստաբանական խումբն ինչ նպատակով է այդ տեսանյութերը ներկայացնում, պետք է հարցնեք իրենց, թե ինչ մարտավարական կամ ռազմավարական խնդիր են հետապնդում այդ տեսանյութերը ներկայացնելով:

lragir.am

(Visited 65 times, 1 visits today)