Քոչարյան-Սարգսյան հակադրության հանգամանքը օգտագործվել է Հայաստանի վրա… ՀՔԾ տակտիկան և Քոչարյանի գրավի հարցը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը: Մեղադրանքի մասին պաշտոնապես հայտնի է դարձել նախօրեին, իսկ մինչ այդ մամուլում ոչ պաշտոնական տեղեկություններ էին շրջանառվում, որոնք ՀՔԾ-ն չէր հաստատում ու չէր հերքում:

Ընդհանրապես, Սեյրան Օհանյանի ներգրավվածության, մեղադրանքի, հնարավոր ձերբակալման մասին տեղեկություն շրջանառվեց նաև ամիսներ առաջ, սակայն հետո այն դուրս եկավ շրջանառությունից:

Ամիսներ անց դարձյալ մամուլում հրապարակումներ, մի քանի օր անորոշություն, սակայն արդեն պաշտոնական հաստատում: Ընդ որում հատկանշական է, որ Սեյրան Օհանյանին առաջադրվող մեղադրանքը պաշտոնապես հաստատվում է Մարտի 1-ի գործին անմիջականորեն առնչվող դատական ուշագրավ քննարկման ֆոնին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի քննարկմանը զուգահեռ, որն այս օրերին լսվում է դատարանում և առայժմ պարբերաբար հետաձգվում:

Նրա փաստաբանները հայց են ներկայացրել կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Ահա այդ հայցի դատական քննարկման ֆոնին էլ պաշտոնապես հայտարարվում է Սեյրան Օհանյանին մեղադրանք ներկայացնելու մասին:

Մեղադրանքն ըստ էության նույնն է, ինչ ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանին: ՀՔԾ պետը մի առիթով հայտարարել էր, թե քննիչն է որոշում մեղադրանք առաջադրելու ժամանակը, ելնելով տակտիկական նկատառումներից:

Եվ այդ իմաստով հետաքրքիր է, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ դատական գործին զուգահեռ ՀՔԾ-ն տակտիկական նպատակահարմարությամբ հայտարարում է Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու մասին:

Պաշտպանության նախկին նախարարը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր առանցքային պաշտոններից մեկը՝ նա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր:

Սեյրան Օհանյանն էր արտակարգ դրության մասին հայտարարությունից հետո պարբերաբար դիմում հանրությանը, հորդորելով չխախտել արտակարգ դրության ռեժիմը:

Ապրիլից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը, Օհանյանը նշանակվեց պաշտպանության նախարար: Նա այդ պաշտոնը թողեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, իհարկե ոչ անմիջապես, այլ 2016-ի սեպտեմբերին:

Դրանից հետո Սեյրան Օհանյանն անցավ ընդդիմության դաշտ, մերժելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու լինելու Սերժ Սարգսյանի առաջարկը: Մինչ այդ իհարկե ապրիլյան պատերազմից բացի եղավ նաև հուլիսյան հայտնի ողբերգական և լարված ժամանակահատվածը՝ ՊՊԾ գնդի գրավումը:

Ի դեպ այդ ժամանակաշրջանում շրջանառվեցին խոսակցություններ, թե զինված խմբի զենքը ձեռք էր բերվել բանակից: Իհարկե այդօրինակ խոսակցությունները՝ ներիշխանական բաժանարար գծերի և Սարգսյանի նախագահության տասնամյակում այսպես ասած ներիշխանական հեղաշրջման փորձերի մասին, շրջանառվել են պարբերաբար, տարբեր ժամանակահատվածներում, թեև բոլորի առանցքում եղել է այն, որ տարբեր դեմքերով և ուժերով այդ հեղաշրջումը պլանավորվել և ծրագրվել է Ռոբերտ Քոչարյանին իշխանություն վերադարձնելու համար:

Իրականում հնարավոր է, որ Հայաստանում ներիշխանական հակասությունների, Քոչարյան-Սարգսյան հակադրության հանգամանքը օգտագործվել է Հայաստանի վրա ազդեցության արտաքին ձգտումների համար, իսկ իշխանության կամ իշխող համակարգի տարբեր թևերը ըստ էության եղել են այդ ձգտումների իրականացման կամա, թե ակամա գործիքներ:

Այստեղ խնդիրն այն է, թե ինչպիսին կարող է լինել հարցի այսպես ասած այդ մյուս կողմի ամբողջ ժամանակային և գործընթացային ընդգրկումը: Մի շարք հիմքեր կան առնվազն ենթադրելու կամ դիտարկելու, որ այդ ամենը ոչ միայն մարտի 1-ով չի սկսել, այլ նաև չի ավարտվելու Մարտի 1-ի գործի քննության շրջանակով:

1in.am

(Visited 66 times, 1 visits today)