Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջ ներկայացնող բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր այսօր հավաքվել էին ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց, այս պահին ի նշան բողոքի քայլերթ են կազմակերպել Արշակունյաց պողոտայում:

Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց. «Մենք արդեն նախապես զգուշացրել էինք, որ ոչ մի պատճառով դատական նիստի հետաձգումը չենք հանդուրժելու:
Հիմա իշխանություններից, բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ մեկի հետ չենք հանդիպելու: 3 օրվա մեջ, պարոն Փաշինյան, կազմակերպեք հանդիպում ինչ-որ կերպ, մենք մի փոքրիկ խմբով կգանք, բան ունենք ձեզ ասելու»:
Աբրահամյանը նշեց, որ Փաշինյանից բացի, այլ մարդու հետ չեն խոսելու եւ կոչ արեց բոլորին՝ դուրս գալ փողոց: Արշակունյաց պողոտայով քայլերթի ժամանակ նրանք վանկարկում են՝ «Միացում», «Մանվել դիշովկա»:

Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը հետաձգեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքի քննությունը:
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
«Որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա` միջնորդություններ պատրաստելու եւ ներկայացնելու համար:

Տրամադրվել է ողջամիտ ժամկետ, եւ նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց նա` հավելելով, որ տեղյակ չէ` որ օրը կկայանա նիստը:
Փաստաբանը նաեւ նշեց, որ Գրիգորյանը չի մասնակցել նիստին՝ առողջական վատ վիճակի պատճառով:
