Պարոն Փաշինյանը պետք է հենց այդտեղից սկսի. Այն Սահմանադրությունը, որը հատուկ կարվել էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովելու համար, ուղղակիորեն հակահայկական է

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

Պարոն Համբարյան, այս իշխանությունը, երբ ընդդիմություն էր, հայտարարում էր, որ պետք է  փոխվի սուպերվարչապետական համակարգը, մինչդեռ հիմա Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԱԱԾ-ն, այնուամենայնիվ, պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել

Картинки по запросу Գագիկ Համբարյան

Զգացին իշխանության համը, և ինքնըստինքյան շատ դժվար կլինի Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին հրաժարվել բոլոր այն իշխանական լծակներից, որը նրանց տրամադրել է Սերժ Սարգսյանի կողմից փոփոխված Սահմանադրությունը, որը նրանք ժամանակին շատ խիստ քննադատում էին։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը փորձում է վարչապետին տրամադրված սուպերլիազորությունները ամբողջությամբ օգտագործել իր իշխանությունը երկրում էլ ավելի ամրապնդելու համար։

Ճիշտ է, հեղափոխության առաջին փուլն ավարտված է, ավարտված է ԱԺ արտահերթ ընտրություններով, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն ամբողջությամբ ապահովագրված զգալ, քանի որ հիմա ամենաբարդ փուլն է նրա համար ու նրա ղեկավարած կուսակցության համար, քանի որ եթե մինչ այդ հասարակության մեծ մասը «ըմբռնումով էր մոտենում» գործող իշխանությունների բացթողումներին, սխալներին կամ շատ դեպքերում խոստումների չկատարմանը, ապա հիմա արդեն ոչինչ չի խանգարելու գործող վարչապետին կյանքի կոչել այն բոլոր խոստումները, որոնք ՔՊ-ի ներկայացուցիչները տալիս էին հասարակությանը հեղափոխությունից առաջ և դրա ընթացքում։

Շատ դեպքերում իրենք էլ շատ լավ գիտեն, որ չեն կարողանալու կյանքի կոչել շատ խոստումներ, և մեխանիկորեն վարչապետի այդ սուպերլիզորությունները, որով ամբողջությամբ վերահսկում է և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն, և այլ ուժային կառույցներ, ինքն կփորձի իր վերահսկողության տակ պահել ֆորսմաժորային իրավիճակներին դիմագրավելու նպատակով։

Картинки по запросу Գագիկ Համբարյան

Ամեն դեպքում, հնարավո՞ր է որոշակի առումով փոփոխության տարբերակի գան՝ հաշվի առնելով, որ շատ մեծ է աղմուկը, որ սուպերվարչապետական համակարգը ձևավորվել է նախկինում ու շարունակվում է նաև հիմա։ Հնարավո՞ր է, որ հանրային ճնշման ներքո որոշակի զիջումների գնա իշխանությունը։

Այս պահի դրությամբ որևէ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Հետագայում չեմ կարող ասել, որ փոփոխություններ կմտցվեն, բայց այս պահի դրությամբ չեմ կարծում, որ փոփոխությունների ծրագրով հանդես գան և համապատասխան փոփոխությունները մտցնեն Ազգային ժողով։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն օգտվում է այն էյֆորիկ հետհեղափոխական իրավիճակից, որը կա Հայաստանում դեռ անցյալ տարվա ապրիլ-մայիսից։ Պարոն Փաշինյանը կփորձի բավական մեծ օգուտներ ստանալ այդ հետհեղափոխական էյֆորիկ վիճակից, և այս պահի դրությամբ չեմ կարծում, որ ինքը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու կոչով հանդես կգա՝ փորձելով ի կատար ածել իր խոստումները և հրաժարավել վարչապետին տրված բավական մեծ քանակությամբ իրավունքներից, որը հասարակությունը կոչում է սուպերվարչապետական լիազորություններ։

Տեսակետ կա, որ այստեղ վտանգավորն այն է, որ պահպանելով սուպերվարչապետական համակարգը, արժեզրկվում է խորհրդարանի դերը։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

Похожее изображение

Խորհրդարանը դեռ պետք է հասարակությանը ցույց տա իր ունակությունները, քանի որ ես, լինելով ՀՀ քաղաքացի, շատ մեծ մտավախություններ ունեմ մեր ընտրված օրենսդիր մարմնի շատ-շատ պատգամավորների մտավոր ունակությունների և կրթական ցենզի առումով։

Երբ խորհրդարանը գոնե հասարակությանը համոզի, որ ինքը բառիս բուն իմաստով խորհրդարան է, այսինքն, ֆրանսերեն ասած, «պաղլե» է, որտեղ խոսում են, այդ ժամանակ նոր կարելի  է մտածել, որ խորհրդարանի արժեզրկում չի կարող տեղի ունենալ։ Խորհրդարանն ինքը պետք է ցույց տա, թե ինչ է իրենից ներկայացնում:

Խորհրդարանի մեծ մասը կրթական ցենզի, իրենց փորձի առումով շատ հեռու են իմ պատկերացրած խորհրդարանի ներկայացուցչի կերպարից, ինչպես նաև շատ հեռու են մեր երկրի առաջնային պահանջարկի խնդիրները ներկայացնելուց։

Բոլոր  ժողովրդավարական երկրներում իշխանությունը հենվում է երեք տիտանների վրա՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Այստեղ խնդիրը հետևյալն է, որ սուպերվարչապետական երկրում ոչ միայն խորհրդարանը, այլ նաև դատական ոլորտը շատ մեծ խնդիրներ է ունենում։

Այստեղ խնդիրն ավելի գլոբալ է և միայն խորհրդարանի վարկանիշի հարցը չէ։ Շատ ուրախ կլինեմ, որ Հայաստանում իրոք տեղի ունենան նոր Սահմանադրության ընդունման գործընթացի հետ կապված քայլեր, որովհետև այն համակարգը, որ ներդրված է ՀՀ-ում, արդեն չի համապատասխանում ոչ մեր երկրի պահանջներին, ոչ էլ մեր երկրի հնարավորություններին։

Похожее изображение

Աբսուրդ է լինել խորհրդարանական հանրապետություն, եթե կուսակցական շինարարությունը երկրում ավարտված չէ, երբ մարդիկ մինչև հիմա չեն տարանջատում կուսակցությունների գաղափարախոսությունը և ծրագրերը մեկը մյուսից։ Պարոն Փաշինյանը պետք է հենց այդտեղից սկսի։ Իշխանությունները, բացի այն, որ պետք է շատ արագ զբաղվեն հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցերով, ինչպես նաև մեր պետության առջև ծառացած արտաքին քաղաքական խնդիրների շատ ակտիվ լուծմամբ, որոնք այս ամիսների ընթացքում ուղղակիորեն ահագնացող մեծ չափերի են հասել, ներքին խնդիրների լուծման ամենակարևորագույն հարցը պետք է լինի Սահմանադրության փոփոխությունը։

Այն Սահմանադրությունը, որը հատուկ կարվել էր Սերժ Սարգսյանի վերարտադրությունը ապահովելու համար, ուղղակիորեն հակապետական ու հակահայկական է։

Պարոն Համբարյան, դուք խոսում եք կադրային սովի մասին։ Ինչո՞ւ այդ հարցին լուծում չի տրվում։

Ես շատ զարմացած եմ Նիկոլ Փաշինյանի կադրային հարցերի լուծման ձևերից։ Ես չեմ ուզում պատկերացնել կամ կարծել, շատ դեպքերում չեմ ուզում հավատալ, որ պարոն Փաշինյանը պետականամետ մտածելակերպ չունի։ Այստեղ խնդիրը հետևյալն է, այս հարցը ոչ թե իր քաղաքական թիմինն է, այլ ամբողջ պետությանն է, և իր շատ կադրեր շատ մեծ խնդիրներ են ստեղծում ամբողջ պետության համար։

Այն, որ այդ մարդիկ քայլել են նրա կողքով հեղափոխության ժամանակ, չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է պաշտոններ զբաղեցնեն կամ հայտնվեն Ազգային ժողովում։ Այո, ես ինքս էլ որպես ՀՀ քաղաքացի չեմ ընդունել ՀՀԿ-ին, բայց միաժամանակ ոչ ոք չի կարող հերքել այն հանգամանքը, որ ՀՀԿ-ում կային բազմաթիվ շատ գրագետ ու պատրաստված կադրեր։

Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և այլ շատ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոնք լինելով կուսակցական, կարող են շատ մեծ օգուտ տալ մեր պետությանը բազմաթիվ բնագավառներում։ Բայց ի՞նչ ենք մենք տեսնում։ Մենք տեսնում ենք այն նույն պրակտիկան, որ կիրառվում էր նախորդ իշխանության օրոք, այսինքն բոլոր պաշտոնները քաղաքականացվում են և կարծես թե բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ պաշտոնյան լինի ոլորտի պրոֆեսիոնալ։

Կարևոր է, որ նա իրենց կուսակիցն է և վերջ։ Այսկերպ, այս խայտառակ իրավիճակը եղել է Հայաստանում Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նույն ՀՀՇ-ն եկավ իշխանության։ Ես հուսով էի, որ այդ ժամանակահատվածը պատմության գիրկն է անցել, և մեր իշխանավորներն ավելի պետականամետ մտածելակերպ ունեն, սակայն պարզվեց այդպես չէ։

Այսինքն՝ այստեղ խնդիրը իր կողմնակիցներին, Նիկոլ Փաշինյանի պարագայում իր կողքին քայլողներին գործով ապահովելն է։ Ինքս, լինելով Շիրակի մարզի բնակիչ, բացահայտ նշում եմ, որ սարսափելի դժգոհ եմ Փաշինյանի կադրային քաղաքականությունից՝ թե ՔՊ-ի մարզային ներկայացուցիչներից, թե այդ կուսակցության կողմից կազմած ԱԺ-ի ցուցակից։

lragir.am

(Visited 41 times, 1 visits today)