Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թեժ է պահում Մարտի 1-ի թեման: Նշանակում է, նա թեժ է պահում Ռոբերտ Քոչարյանի թեման:

Փորձենք հասկանալ՝ ինչու…
Ռոբերտ Քոչարյանն իր իշխանավարման տարիներին մշտապես համարվել է Ռուսաստանի հավատարիմ գործիչ, և եթե Սերժ Սարգսյանը մանևրում էր արևմուտքի հետ, և ինչ-որ առումով նրա կոմպլեմենտարիզմը կարող էր նյարդայնացնել արևմուտքի, ապա Քոչարյանի կոմպլեմենտարիզմը կասկած չէր հարուցում Մոսկվայում. Պուտինն անվերապահ վստահում էր Քոչարյանին:
Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում Մարտի 1-ի բացահայտման և Քոչարյանին հարցաքննելու թեման:

Այստեղ մի քանի պատճառներ կան՝ առաջինը, բնականաբար նա փորձում է ճնշել Քոչարյանի հնարավոր աշխուժացումը քաղաքական դաշտում, թեև թվում է, որ Քոչարյանն առանձնապես չի ցանկանում ասպարեզ դուրս գալ: Բայց ով իմանա, ինչ կարող է տեղի ունենալ:
Երկրորդը՝ Փաշինյանը թեժ է պահում Մարտի 1-ի ու Քոչարյանի պատասխանատվության հարցը զուտ հագուրդ տալով հասարակական պահանջին, որպեսզի որպես մարտիմեկյան գործողությունների մասնակից՝ երևա պահանջատեր, արդարություն վերականգնող գործիչ:
Եվ վերջապես երրորդ պատճառը դա այն է, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի, եթե Քոչարյանն իր համար վտանգ զգա՝ Մոսկվայի հետ փորձի լուծել հարցերը:

Այսինքն՝ Մոսկվան դիմի Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողելու խնդրանքով: Այլ կերպ ասած՝ պարզ առևտուր. Փաշինյանը կփորձի Քոչարյանին «թանկ» վաճառել Մոսկվայի վրա, որպեսզի Կրեմլն իրեն Քոչարյանի հարցում խնդրի:
Իհարկե, իրավիճակը կարող է այնքան թեժանալ, որ Քոչարյանն էլ Փաշինյանին մեղադրի Մարտի մեկին հասարակությանը բորբոքելու, իրավիճակը լարելու, հասարակությանը կանխամտածված բախումների տանելու մեջ:
Բայց Քոչարյանն այստեղ թույլ է՝ ի վերջո Փաշինյանը և հասարակությունն արագ կհակադարձեն Քոչարյանին, որ որքան էլ իրավիճակը լարված լիներ 2008-ի նախագահական ընտրություններից հետո՝ ժողովրդի վրա կրակ բացելու, Երևանի կենտրոնում արյուն թափելու հրահանգ ընդդիմության առաջնորդները չեն տվել, պատասխանատուն եղել է այդ օրվա իշխանությունը՝ Քոչարյանի գլխավորությամբ:

Հետևաբար, Քոչարյանի համար փրկության օղակ մնում է Պուտինը:
Եթե Մարտի 1-ի թեման Փաշինյանը շարունակի այսպես թեժ պահել՝ Քոչարյանը կարող է ստիպված լինել դիմել Պուտինին՝ Մարտի 1-ը հարցը Փաշինյանի հետ փակելու խնդրանքով, ինչը միանգամայն հարմար է Նիկոլ Փաշինյանի համար՝ Պուտինի հետ բանակցելու հարցում դերի և ազդեցության մեծացման առումով:
Թամար Բագրատունի
lratu24.ru